1Հոբը պատասխանեց ու ասաց.
2«Ճշմարտապես գիտեմ, որ դա այդպես է. ինչպե՞ս կարող է մարդ արդար լինել Տիրոջ առաջ։
3Եթե մեկը փորձի նրա հետ դատաստանի մեջ մտնել, նա չի լսի նրան, որովհետև նրա մի խոսքը հազարից մեկին չի կարող պատասխանել։
4Աստված մտքով իմաստուն է, զորավոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դեմ համառել ու հաջողություն գտել։
5Նա մաշեցնում է լեռները, և չեն իմանում, որ բարկությամբ կտապալի դրանք։
6Նա երկնքի ներքո ամեն ինչ շարժում է հիմքերից, և դողում են դրանց սյուները։
7Նա հրամայում է արեգակին, ու չի ծագում, աստղերի առաջն է փակում։
8Նա միայնակ տարածել է երկինքը և ծովի վրա այնպես է շրջում, ինչպես ցամաքի։
9Նա է ստեղծել Բազմաստղն ու Գիշերաստղը, Սայլն ու հարավի աստղախումբը։
10Նա է արարել մեծամեծ ու անքննելի, փառավոր ու հրաշակերտ բաները, որոնց թիվ ու հաշիվ չկա։
11Եթե ինձանից վեր բարձրանա, չեմ տեսնի, իսկ եթե կողքովս անցնի, այդպես էլ չեմ իմանա։
12Եթե ոչնչացնի, ո՞վ հետ կպահի նրան, կամ ո՞վ նրան կասի՝ ի՞նչ արեցիր։
13Նա իր բարկությունը չի շրջի, և նրանից սարսեցին կետերը, որ երկնքի ներքո են։
14Երանի՜ լսի ինձ և իրավացի համարի իմ խոսքերը։
15Եթե արդար լինեմ, ու ինձ չլսի, նրա դատաստանն եմ աղերսելու։
16Իսկ եթե աղաղակեմ իրեն, ու լսի, կարո՞ղ եմ հավատալ, որ լսել է ինձ։
17Փոթորիկով չի՞ ոչնչացնելու ինձ. բազում են հարվածները, որ զուր տեղը հասցրել է ինձ.
18ինձ հանգիստ էլ չի տալիս, դառնությամբ է լցրել ինձ.
19քանի որ հզոր է, բռնանում է։ Եվ ո՞վ է նա, որ նրա դատաստանին հակառակ կանգնի։
20Եթե արդար էլ լինեմ, բերանս ամբարիշտ կդառնա, անարատ լինեմ, կամակոր կդիտվեմ։
21Իսկ եթե հոգով ամբարշտացել եմ, չգիտեմ. գիտեմ միայն, որ կյանքս խլում են ինձանից։
22Դրա համար եմ ասել. “Բարկությունը կործանում է մեծին ու հզորին”։
23Չարերը սաստիկ մահով են կորչելու. արդարներն էլ ծաղրի են ենթարկվում,
24քանի որ մատնվում են ամբարիշտի ձեռքը։ Նա փակել է դատավորների աչքերը. եթե նա չէ այդ անողը, ապա ո՞վ է։
25Սակայն սուրհանդակից էլ արագ անցավ իմ կյանքը. փախավ այն ու չերևաց։
26Կգտնվի՞ հետքը նավերի ճանապարհի, կամ թռչող՝ կեր փնտրող արծվի։
27Եթե ասեմ, որ պիտի խոսեմ, կմոռանամ, երեսս գետին խոնարհած՝ պիտի հեծեծեմ։
28Դողում եմ մարմնիս բոլոր անդամներով, քանզի գիտեմ, որ ինձ անմեղ չես համարելու։
29Եթե ամբարշտություն էի անում, ինչո՞ւ չմեռա։
30Եթե ձյունով իսկ լվացվեի ու ձեռքերս էլ մաքուր սրբեի,
31դարձյալ սաստիկ աղտեղությամբ կներկեիր ինձ՝ պատմուճանս իմ աչքերին զազրելի դարձնելով.
32քանզի դու մարդ չես ինձ նման, որի հետ ես դատ անեի, և որպես հավասար դատաստանի գայինք։
33Ո՜ւր է թե մի միջնորդ լիներ, հանդիմաներ ու լսեր մեր երկուսին։
34Նա ինձանից անպայման կհեռացներ գավազանը, և դրա ահն ինձ չէր սարսափեցնի.
35էլ չէի վախենա, այլ կխոսեի. բայց գիտեմ, որ այդպես չէ. որ ինքս մենակ եմ տանջվում»։