1Բաղդատ Սավքեցին պատասխանեց ու ասաց.
2«Մինչև ե՞րբ ես այդպես խոսելու։ Շաղակրատության շունչ կա քո բերանում։
3Տերը մի՞թե անիրավ է դատում, կամ նա, որ ամեն ինչ ստեղծեց, իրավունքը կաղավաղի՞։
4Եթե քո զավակները մեղանչեցին նրա առաջ, Նա էլ պատժեց նրանց անօրենությունների համար։
5Բայց դու աղոթքներով վաղ առավոտյան դիմի՛ր Ամենակալ Տիրոջը.
6եթե սուրբ ու ճշմարիտ լինես, քո աղոթքներին ականջ կդնի, կվերականգնի արդարության քո հարկը։
7Քո առաջինները քիչ կլինեն, քո վերջինները՝ անբավ։
8Հարցրո՛ւ նախկին սերունդներին քննի՛ր քո նախնիների փորձը։
9Մենք երեկվան ենք պատկանում և բան չենք իմանում. մեր կյանքը ստվեր է երկրի վրա։
10Մի՞թե նրանք քեզ չեն ուսուցանի ու պատմի, իրենց սրտից չե՞ն բխեցնի իրենց խոսքերը։
11Մի՞թե պապիրուսը կկանաչի առանց ջրի, կամ եղեգը առանց ջրվելու կբարձրանա՞։
12Չի՞ հնձվելու այն, մինչ իր արմատների վրա է. եթե ամեն խոտ մինչև հագեցում չոռոգվի, չի՞ չորանա։
13Արդ, բոլորի վախճանն այնպիսին կլինի, որ կմոռանան Տիրոջը, որովհետև ամբարիշտի հույսը կկորչի։
14Շեն չի լինի նրա տունը. սարդոստայնի պես կանհետանա նրա հարկը։
15Թեկուզ և հաստատի իր տունը, այն կանգուն չի մնա. այն մի հպումից իսկ չի դիմանա։
16Արեգակից հեռու տեղում է խոնավությունը, և նրա նեխվածքից է դուրս գալու իր շիվը։
17Քարակարկառի վրա է ննջելու ու մանրախիճ քարերի վրա ապրելու.
18իսկ եթե արմատախիլ արվի իր տեղից, նրա տեղն էլ ուրանալու է նրան։ Այսպիսի բան չե՞ս տեսել միթե.
19ամբարիշտի կործանումն այսպիսին է լինելու, իսկ հողից ուրիշն է բուսնելու։
20Տերը չի մերժում անմեղին. ամբարիշտի ամեն ընծա ընդունելի չի լինելու։
21Ճշմարիտ մարդկանց բերանները ծիծաղով են լցվելու, նրանց շրթունքները՝ գոհությամբ։
22Նրանց թշնամիներն ամոթ են հագնելու. ամբարիշտի բնակարաններն այլևս չեն մնալու»։