Job 5NEA

1Այժմ գոռա՛, տեսնենք քեզ ո՞վ է ձայն տալու, կամ թե տեսնելո՞ւ ես սուրբ հրեշտակներից որևէ մեկին։

2Հիրավի, բարկությունն անզգամին սպանում է, նախանձը՝ մեռցնում մոլորյալին։

3Անշուշտ տեսել եմ անզգամների՝ արմատ գցած, բայց հանկարծակի խորտակվել են տները նրանց։

4Նրանց զավակները հեռու են փրկությունից, մաշվելու են վատթարների դռներին, և չի գտնվելու մեկը, որ փրկվի։

5Նրանք ինչ որ ժողովել են, արդարներն են ուտելու, և իրենք չեն ազատվելու պատուհասներից. քամվելու է զորությունը նրանց։

6Արդարև, հողից չի ելնում տառապանքը, ոչ էլ լեռներից են բուսնում ցավերը։

7Այլ մարդը տանջանքով է ծնվում. արծիվների ձագերը բարձունքներում են ճախրում։

8Սակայն ես Տիրոջից եմ խնդրելու, Տիրոջը՝ բոլորի իշխանին եմ ձայն տալու,

9որ կատարում է մեծ ու անքննելի, փառավոր ու հրաշակերտ գործեր, որոնք թիվ ու հաշիվ չունեն,

10որ անձրև է տալիս երկրի վրա, ջրեր ուղարկում երկնքի ներքո,

11որ բարձրացնում է խոնարհներին և ոտքի է կանգնեցնում կորուսյալներին,

12որ չեզոքացնում է խորամանկների մտադրությունները, և նրանց գործերը մղում ձախողման,

13որ հասու է լինում իմաստունների բարդ մտքերին, խափանում բազմադավների մտադրությունները։

14Ցերեկը խավարն է նրանց վրա հասնելու, իսկ կեսօրին խարխափելու են, ինչպես գիշեր ժամանակ։

15Պատերազմով են ոչնչանալու, և թույլն ազատվելու է հզորի ձեռքից։

16Հույս է ունենալու տկարը, և փակվելու է անիրավի բերանը։

17Երանելի է այն մարդը, որին Տերը խրատում է երկրի վրա. Ամենակալի խրատից մի՛ հրաժարվիր։

18Որովհետև նա ցավ է պատճառում, բայց հետո նորից ամոքում է, հարվածում է, ապա նրա ձեռքը բժշկում է։

19Վեց անգամ փրկելու է քեզ վշտերից, և յոթերորդին չարը քեզ չի մոտենալու։

20Սովի ժամանակ քեզ մահից է փրկելու, պատերազմի ժամանակ կապանքներից է ազատելու քեզ։

21Պահելու է քեզ լեզվի հասցրած տառապանքներից, ու չես սարսափելու քեզ վրա եկած չարիքներից։

22Արհամարհելու ես անիրավներին ու անօրեններին և երկյուղ չես կրելու վայրի գազաններից, դաշտի քարերը մարտնչելու են քո կողքին,

23վայրի գազանների հետ խաղաղության մեջ ես լինելու։

24Ապա իմանալու ես, որ խաղաղություն կա քո տան մեջ, և քո հարկի տակ բան չի պակասելու։

25Իմանալու ես, որ բազում են քո սերունդները, և քո որդիները դաշտի խոտի պես են լինելու։

26Գերեզման ես իջնելու ժամանակին հնձված հասուն ցորենի պես, կամ ինչպես ժամանակին մեկտեղված կալի շեղջը։

27Ահա սա այսպես քննեցինք, սա է, ինչ որ լսեցինք. բայց դու ինքդ իմացի՛ր, թե ի՛նչ ես արել»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Job 5.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.