1Այն ժամանակ Եղիփազ Թեմնացին պատասխանեց և ասաց.
2«Մի՞թե շատ անգամներ է քո խոսքը զազրալից եղել քո խոսքերի զորությանն ո՞վ կդիմանա։
3Դու շատերին ես խրատել, տկարի ձեռքը հզորացրել,
4խոսքովդ տկարին ոտքի ես հանել, հոգնած ծնկներին եղել քաջալեր,
5Եվ հիմա, երբ ցավերը քեզ վրա են հասել դու սարսափո՞ւմ ես։
6Չէ՞ որ քո երկյուղը անզգամություն է, քո անչար ճանապարհը քեզ հույս չի՞ տալիս։
7Արդյոք հիշո՞ւմ ես մի արդարի, որ կորել է, կամ էլ մի ճշմարիտ մարդու, որ վերացել է։
8Ես նկատել եմ անօրեն բաներ հերկողների. ովքեր անարդարություն ու տառապանք են սերմանում, անարդարություն ու տառապանք էլ կհնձեն։
9Կորչելու են Տիրոջ հրամանով, Նրա բարկության շնչից՝ ոչնչանալու։
10Նրանց առյուծանման զորությունը, էգ առյուծի նման գոչյունները և վիշապանման պերճությունը վերացել են։
11Ինչպես սատկում է առյուծը, երբ կեր չի լինում. և նրա կորյունները ցրվում են։
12Եթե քո խոսքերում դեռ ճշմարիտ բան գոյություն ունենար, այդպիսի չար բաներից ոչ մեկը քեզ չէր պատահի։ Ուրեմն ականջն իմ չի՞ ընդունելու հրաշակերտ բաներ նրանից։
13Գիշերային արհավիրքներն ու դղրդյունները ահ են գցել մարդկանց սրտում.
14դողումն ու սոսկումն են պատել ինձ և սաստիկ ցնցել ոսկորներն իմ։
15Մի հողմ դիպավ իմ երեսին. փշաքաղվեցին մազերս ու մարմինն իմ։
16Կանգնեց իմ առաջ, բայց չճանաչեցի. տեսա, բայց կերպարանք չկար աչքերիս առաջ, միայն սոսափյուն ու ձայն էի լսում։
17Մի՞թե մահկանացուն սուրբ է Տիրոջ առաջ, կամ մարդն իր գործերով անարա՞տ է նրա առաջ,
18Երբ Աստված նույնիսկ իր ծառաներին չի հավատում, իր հրեշտակների վրա խոտոր բաներ է նկատում։
19Ուրեմն ի՞նչ ասենք կավե տան մեջ բնակվածների մասին (մենք էլ նույն կավից ենք). կհարվածի նրանց՝ իբրև ցեցի,
20և առավոտից մինչև երեկո չեն դիմանա։ Քանի որ իրենք իրենց չէին կարող օգնել, կորան։
21Փչեց նրանց վրա, ու չորացան, ոչնչացան նրանք, որովհետև իմաստություն չունեին։