Job 3NEA

1Ի վերջո Հոբը բացեց իր բերանը և անիծեց իր ծնված օրը՝

2ասելով.

3«Կորչի այն օրը, երբ ես ծնվեցի, և այն գիշերը, երբ ասացին՝ “Արու է”։

4Թող խավարի այն գիշերը, և Տերը վերևում չհիշի այն, ու նրա վրա է՛լ լույսը չծագի.

5թող պատեն նրան խավարն ու մահվան ստվերները, ու մեգը իջնի նրա վրա։

6Անիծյալ լինեն այն օրն ու այն գիշերը. խավարը թող կուլ տա նրան։ Տարվա օրերում թող չլինի, ու չթվարկվի այն ամիսների օրերում։

7Գիշերն այն թող ցավերի մեջ լինի, և ուրախություն ու խնդություն թող չլինի։

8Այլ կնզովի նրան, ով նզովելու է այն օրը, Նա, որ ծովահրեշին կարող է հնազանդեցնել.

9Թող այն գիշերվա աստղերը խավարեն, գիշերը սպասի, բայց լույս չտեսնի, ու չտեսնի թող ծագելն Արուսյակի.

10քանի որ չփակեց իմ մոր արգանդի դռները, որով գուցե և իմ աչքերը ցավ չտեսնեին։

11Ինչո՞ւ չմեռա ես որովայնում, այլ դուրս եկա արգանդից՝ փոխանակ անմիջապես կորչելու։

12Ինչո՞ւ ծունկերի վրա առան ինձ, կամ ինչո՞ւ ծծեցի ստինքներն իմ մոր։

13Այժմ ես ննջած կլինեի, քուն մտած կհանգչեի

14թագավորների և երկրի մեծամեծների հետ, որոնք հոխորտում էին սրերով իրենց,

15կամ իշխանների հետ, որոնք բազում ոսկի ունեին և որոնք լցրել էին իրենց տներն արծաթով,

16կամ իբրև վիժվածք, որ դուրս է ընկնում արգանդից իր մոր, կամ իբրև մանուկներ, որոնք չտեսան լույսը։

17Այնտեղ ամբարիշտներն այլևս չարիք չեն գործում։ Այնտեղ նրանց հետ հանգչում են նաև մարմնով հոգնածները։

18Այնտեղ իրենց հանգիստն են գտնում շղթայվածները, ովքեր այլևս չեն լսում հարկահանի ձայնը։

19Այնտեղ միասին են նշանավորն ու աննշանը, և ծառան այլևս վախ չունի տիրոջից։

20Ինչո՞ւ է դառնացածներին լույս տրվում, և ցավագնած հոգիներին՝ կյանք։

21Ովքեր մահ են տենչում, չեն հասնում դրան, փնտրում են այն, ինչպես գանձ են փորում,

22և ուրախանում են, երբ գտնում են այն։

23Մահը մարդու հանգիստն է, որից հետո ճանապարհ չկա, որովհետև Աստված փակել է այն։

24Կերակուրիցս առաջ հեծությունը հասավ. արցունքներով ու ահով ընկճված եմ,

25քանզի ինչ բանի երկյուղն ունեի, հասավ ինձ վրա. ինչից որ վախ կար, հենց ի՛նձ պատահեց։

26Չխաղաղվեցի, դադար չառա ես, ոչ էլ հանգստացա, քանի որ վրաս բարկությունն իջավ»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Job 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.