1Չես տեսել դու նրան, ոչ էլ կզարմանաս իմ ասած այս խոսքերի վրա։
2Չես երկնչի, որովհետև ես եմ այդ բոլորը պատրաստել։ Բայց ո՞վ է, որ ինձ պիտի հակառակվի,
3կամ ո՞վ է, որ ինձ պիտի դիմադարձի ու դիմանա, երբ այն ամենը, ինչ որ կա երկնքի ներքո, իմն է։
4Հանուն նրա ես չեմ լռելու։ Հզորի խոսքը ողորմած պիտի լինի իր հավասարի նկատմամբ։
5Ո՞վ կպատռի նրա դիմակը, և ո՞վ կմտնի նրա փակ պատյանից ներս։
6Ահն է իշխում նրա ատամների շուրջբոլորը.
7փորը պղնձե վահան է, հոդերը՝ սուր քարեր,
8մեկը մյուսի հետևից կպած են, նրա միջով օդ չի անցնի։
9Ասես եղբայրն իր եղբոր հետ գնա. իրարից կբռնեն ու չեն բաժանվի։
10Նրա փռնչոցից փայլակներ են դուրս թռչում. նրա աչքերն Արուսյակի տեսք ունեն։
11Նրա բերանից վառված լապտերներ են դուրս ժայթքում, և հրեղեն շանթեր են արձակվում։
12Նրա ռունգերից, ինչպես հնոցի կրակից, ծուխ է ելնում։
13Ինքը կայծակ է, և բերանից բոց է դուրս գալիս։
14Նրա պարանոցում զորությունն է հաստատված. նրա առջևից կործանումն է ընթանում։
15Նրա մարմնի անդամները ամուր կպած են իրար. եթե մեկը վրան ընկնի, նա չի էլ խլրտա,
16որովհետև նրա սիրտն ապառաժ քար է կտրել և դարբնի սալի նման անշարժ, հաստատուն է։
17Երբ խլրտա, ահը կհամակի երկրի գազաններին, չորքոտանիներին ու զեռուններին։
18Թե նրան տեգեր, զենքեր ու նիզակներ հանդիպեն, վնաս չեն հասցնի,
19որովհետև նա երկաթը հարդ է համարում, պղինձը՝ փտած փայտ։
20Նրան չի խոցում պղնձե աղեղը։ Ռմբաքարը նա խոտի տեղ է ընդունում,
21լախտը՝ եղեգի։ Ծիծաղում է նա հրալից շարժման վրա։
22Սուր տեգերը նրա համար նման են անկողնի։ Ծովի ամբողջ ոսկին նրա տակ՝ իբրև անհամար կավ։
23Անդունդները կաթսայի պես է եռացնում։ Ծովը ոչնչություն է համարում,
24անդնդային տարտարոսը՝ մի գերի, անդունդները՝ զբոսավայր։
25Երկրի վրա չկա բան, որ նման լինի նրան։ Նա ստեղծվել է իբրև խաղալիք իմ հրեշտակների համար։
26Տեսնում է ամեն բարձունք, և ջրերում եղած ամեն ինչի թագավորն ինքն է»։