1Հոբը նորից խոսեց ու Տիրոջն ասաց.
2«Գիտեմ, որ ամենակարող ես, և անհնարին ոչինչ չկա քեզ համար։
3Քեզնից ո՞վ կծածկի իր միտքը, խոսք կխնայի ու կկարծի, թե կարող է թաքցնել քեզանից։ Ո՞վ կասի ինձ, ինչ որ չգիտեմ, մեծ ու զարմանալի բաներ, որոնց ես հասու չէի։
4Արդ, լսի՛ր ինձ, Տե՛ր. թող ես էլ խոսեմ, հարցնեմ քեզ և սովորեցրո՛ւ ինձ։
5Սրանից առաջ ես ականջներովս էի լսել քո մասին, բայց հիմա աչքերս տեսան քեզ։
6Այդ պատճառով արհամարհեցի անձս և մաշվեցի. Ինքս ինձ հող ու մոխիր եմ համարում»։
7Տերը Հոբին այս բաները ասելուց հետո դարձավ Եղիփազ Թեմնացուն. «Մեղանչեցիր դու, նաև քո երկու բարեկամները, քանի որ իմ առաջ ճշմարիտ բան չասացիք, ինչպես իմ ծառա Հոբը։
8Բայց հիմա յոթ զվարակ առե՛ք ու յոթ խոյ, գնացե՛ք իմ ծառա Հոբի մոտ, ու թող նա ողջակեզ անի ձեզ համար, իմ ծառա Հոբը թող նաև աղոթի ձեզ համար, քանի որ, եթե ես նկատի ունեցած չլինեի նրան, ու նրա համար չլիներ այս, ես արդարև կորստի մատնած կլինեի ձեզ, որովհետև իմ ծառա Հոբի մասին ճշմարիտ բաներ չասացիք»։
9Եղիփազ Թեմնացին, Բաղդատ Սավքեցին ու Սովփար Մինեցին գնացին ու արեցին այնպես, ինչպես Տերն էր հրամայել նրանց։ Եվ թողություն շնորհեց նրանց մեղքերին՝ Հոբի համար։
10Ու Տերը ճոխացրեց Հոբին, և երբ նա աղոթեց իր բարեկամների համար, Տերը թողություն շնորհեց նրանց մեղքերին։ Տերը կրկնակի ավելի շատ տվեց, քան այն հարստությունը, որ առաջ Հոբն ուներ։
11Նրա բոլոր եղբայրներն ու քույրերը լսեցին այն բոլոր դեպքերի մասին, որ պատահել էին նրան, եկան մոտը, եկան նաև բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան։ Կերան և խմեցին նրա մոտ, մխիթարեցին նրան ու զարմացան այն բոլոր բաների վրա, որ նրա գլխին բերել էր Տերը։ Յուրաքանչյուրը նրան մի գառ տվեց ու չորսդրամյա անդրոշմ ոսկի։
12Տերը Հոբի կյանքի վերջին շրջանն ավելի օրհնեց, քան առաջին շրջանը. նրա հոտի մեջ եղան տասնչորս հազար ոչխար ու այծ, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ, հազար մատակ էշ։
13Նա ունեցավ յոթ տղա և երեք դուստր։
14Առաջին դստերը Տիվ կոչեց, երկրորդին՝ Կասիա, իսկ երրորդին՝ Ամաղթեղջյուր։
15Եվ երկնքի ներքո Հոբի դուստրերի պես ու նրանցից ավելի գեղեցիկներ չգտնվեցին։ Հոբն իր դուստրերին ժառագության բաժին տվեց իրենց եղբայրների նման։
16Հոբն այն հարվածներից հետո ապրեց հարյուր յոթանասուն տարի. նա ապրեց երկու հարյուր քառասունութ տարի։ Հոբը տեսավ իր զավակներին, զավակների զավակներին, մինչև չորրորդ սերունդը։
17Ու վախճանվեց Հոբն իր օրերը ապրած, խոր ծերության մեջ։ Նաև գրված է, որ նա էլ հարություն է առնելու նրանց հետ, ում Տերը հարություն պիտի տա։ Սա թարգմանված է ասորերենից։ Հոբը բնակվում էր Ավստա երկրում, եդովմացիների ու արաբների սահմաններում։ Առաջ նրա անունը Հովբաբ էր։ Արաբ կին առնելով՝ որդի ունեցավ, որի անունն էր Եննով։ Նրա հայրը Զարեհն էր՝ Եսավի որդու որդին։ Նրա մայրը բոսորացի էր։ Այնպես որ նա Աբրահամից սկսած՝ հինգերորդ սերունդն էր։ Սրանք են այն թագավորները, որ թագավորեցին Եդովմում. առաջինը՝ Բեովրի Բաղակը, սրա քաղաքի անունն էր Դենաբա, Բաղակից հետո՝ Հովբաբը, որ Հոբ կոչվեց, սրանից հետո՝ Ասովմը, որ թեմնացիների երկրի զորավարն էր, սրանից հետո՝ Բարադի որդի Ադադը, որ Մադիամին ջարդեց Մովաբի դաշտում. նրա քաղաքի անունն էր Գեթեմ։ Իսկ այն բարեկամները, որ նրա մոտ եկան, սրանք էին՝ Եղիփազը՝ թեմնացիների արքան՝ Եսավի որդիներից, սավքեցիների բռնակալ Բաղդատը, մինեցիների արքա Սովփարը։ Ավարտվեց Հոբի գիրքը։