Job 38NEA

1Երբ Եղիուսը դադարեց խոսելուց, Տերն ասաց Հոբին փոթորկի ու ամպի միջից.

2«Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խոսքերը հավաքելով իր սրտում՝ կարծում է, թե ինձնից պահում է դրանք։

3Տղամարդու պես պնդացրո՛ւ մեջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ։

4Որտե՞ղ էիր, երբ ես երկրի հիմքերն էի գցում։ Ասա՛ ինձ, եթե խելամիտ ես և իմաստուն։

5Ո՞վ է սահմանել դրա չափը, եթե գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրա։

6Ինչի՞ վրա են հաստատվել դրա օղակները, ո՞վ է անկյունաքարը դրել դրա վրա։

7Երբ աստղերը ծնվեցին, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին։

8Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մոր որովայնից ծնվեց ու ելավ։

9Մեգը նրան իբրև հանդերձ սահմանեցի, մառախուղը՝ իբրև խանձարուր։

10Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ,

11և ասացի. «Մինչև այդ վայրը կգաս ու առաջ չես անցնի. այդտեղ՝ քո մեջ կխորտակվեն ալիքները քո»։

12Թե քո՞ կողքին կարգեցի լույսն առավոտի։ Արուսյակը տեսավ իր համար սահմանվածը՝

13հասնել երկրի թևերի վրա, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից։

14Կամ թե դո՞ւ կավն առնելով ստեղծեցիր կենդանի և խոսուն արարածին և զետեղեցիր երկրի վրա։

15Մերժեցի՞ր լույսն ամբարիշտներին, խորտակեցի՞ր բազուկներն ամբարտավանների։

16Հասա՞ր ծովի ակունքին, շրջեցի՞ր հետքերն անդունդների։

17Քո առաջ ահով բացվելո՞ւ են դռները մահվան. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով։

18Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքո եղած տարածությանը. ասա՛ ինձ տեսնեմ՝ որքա՞ն է այն։

19Ո՞րն է այն երկիրը, որտեղ լույսն է օթևանում, կամ ո՞րն է տեղը խավարի։

20Տանելո՞ւ ես ինձ նրա սահմաններին, եթե գիտես դրանց ճանապարհները։

21Գուցե գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնվել. քո օրերը բազո՞ւմ են։

22Գնացե՞լ ես շտեմարանները ձյան, կամ տեսե՞լ ես պահեստները կարկուտի։

23Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրա հասնելու, մարտի ու պատերազմի օրվա համար։

24Որտեղի՞ց է դուրս գալիս եղյամը, կամ տարածվում հարավային հողմը երկնքի ներքո։

25Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրևների հոսանքները և ճանապարհներն ամպրոպների,

26որ տեղան երկրի վրա, ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկա,

27որ հագեցնի անկոխ ու ամայի հողը, այնտեղ բխեցնի բույսը դալար։

28Ո՞վ է հայրն անձրևի, և ո՞վ է, որ ծնել է ցողի շաղերին։

29Ո՞ւմ արգանդից է դուրս գալիս սառույցը, և ո՞վ է երկնքում եղյամ ծնել,

30որ ջրի պես հոսելով իջնում է. ո՞վ է հալեցնում երկնքի երեսը։

31Վերահասու եղե՞լ ես Բազմաստեղյանի կարգին, բացե՞լ ես քողը Հայկ [𝕸 և Ο΄ Օրիոն ] համաստեղության։

32Կամ Մազարովթը կարո՞ղ ես բացել իր ժամանակին, Գիշերավարին իր վարսերից բռնելով տարե՞լ ես նրանց հետ։

33Կիմանա՞ս երկնքի բովանդակությունը կամ առհասարակ երկնքի ներքո տեղի ունեցածները։

34Ձայնովդ կկանչե՞ս մեգը. նա էլ, սարսուռով համակված, ջրի հորդությամբ կլսի՞ քեզ։

35Շանթեր կարձակե՞ս, ու կսլանա՞ն դրանք. և կասե՞ն քեզ, թե ի՛նչ է սա։

36Ո՞վ է կանանց տվել ոստայնանկության հմտություն ու երփներանգ գործվածքներ ստեղծելու շնորհ։

37Ամպերն ո՞վ է հաշվում իմաստությամբ։ Երկինքն ո՞վ է խոնարհեցրել երկրի վրա,

38հողը փոշու պես թափել։ Ես եմ կպցրել դա, ինչպես խորանարդ քարերը՝ իրար։

39Կերակուր կորսա՞ս առյուծների համար, վիշապների մարմինը կկշտացնե՞ս,

40Սարսելու են իրենց որջերում ու դարանակալ նստելու մայրիների անտառում։

41Ո՞վ է ագռավների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը Տիրոջն աղաղակեն, մոլորված՝ ուտելիք խնդրեն։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Job 38.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.