1«Ու դրա վրա խռովվել է սիրտս, շարժվել իր տեղից։
2Լսի՛ր Տիրոջ սրտմտության ու զայրույթի լուրը. նրա բերանից խորհուրդ է դուրս գալու։
3Երկնքի տակ ամեն ինչ նրա իշխանության տակ է, իսկ նրա լույսը՝ երկրի ծագերի վրա։
4Նրա հետևից մի ձայն է գոչելու, որոտալու է իր ձայնի բարձրությամբ և դրանք ուրիշներով չի փոխանակելու, որ լսելի դարձնի ի՛ր ձայնը։
5Ամենազորը որոտալու է իր սքանչելի ձայնով, քանի որ կատարել է մեծամեծ բաներ, որ մենք չգիտենք։
6Ձյանը հրամայում է. «Իջի՛ր երկրի վրա», նաև ձմեռային անձրևներին, որ ցույց տան իրենց զորությունը։
7Խափանում է ամեն մարդու ձեռքի գործը, որպեսզի յուրաքանչյուր ոք իմանա իր թույլ լինելը։
8Գազաններն իրենց որջերն են մտել, խշտիների մեջ ծածկվել։
9Անապատից փչում է պտտահողմը, բարձրավանդակից՝ ցուրտը,
10և Ամենազորի շնչից սառնամանիք է սփռվելու։ Ուղղություն է տալիս ջրերին, ինչպես կամենա,
11խիտ ամպերը ցիրուցան է անելու։ Մեգը ցրելու է նրա լույսը,
12իսկ ինքը դարձնելու է շրջանակները։ Ուր կամեցել, տնօրինել է դրանց գործը և այն ամենը, ինչ կհրամայի նրանց։ Սրանք երկրի վրա կարգված են իր կողմից՝
13խրատի համար կամ ողորմության. բոլորը կգտնեն նրան։
14Ակա՛նջ դիր սրանց, Հո՛բ, եկ զգուշացի՛ր Տիրոջ զորությունից։
15Գիտենք, որ Աստված հաստատել է իր գործերը. լույսն է ստեղծել խավարի մեջ։
16Գիտե ամպերի էությունը։ Չարագործների հանցանքներն արհավիրք են։
17Պատմուճանդ ինչո՞ւ է տաքանում, երբ երկիրը հանգստանում է հարավային հողմից։
18Կարո՞ղ ես նրա հետ մինչև ամպերը հասնել, եղյամի նման զորացնել դրանք։
19Բայց հենց ինչո՞ւ, դե հասկացրո՛ւ ինձ, ի՞նչ ենք ասելու նրան, ու ապա դադարենք շատ բաների մասին խոսելուց։
20Մի՞թե մոտս մատյան կա, կամ դպի՞ր է կանգնած, որ մարդկանց գրածը լռեցնեմ։
21Ամեն մարդու չէ, որ լույսը տեսանելի է. փայլածուն երկնքում է, ինչպես որ լույսը՝ ամպերի վերևում։
22Հյուսիսից ոսկեճաճանչ ամպերն են. սրանց համեմատությամբ մեծ են Ամենակալի փառքն ու պատիվը։
23Չգիտենք նրա զորությանը նմանվող ուրիշ ոչ ոքի, որ արդար դատելիս լինի, և դու չպե՞տք է լսես նրան։
24Դրա համար են մարդիկ նրանից երկյուղ կրում. նրանից վախենում են նաև սրտով իմաստունները»։