1Եղիուսը նորից խոսեց ու ասաց.
2«Ինձ դեռ մի փոքր բան է մնում, որ քեզ սովորեցնեմ այն, ինչ դու չգիտես, քանի որ մեջս դեռ ունեմ խոսքեր,
3որ միտքս ընկալել է հեռու հեռվից։ Արդարությամբ ասելու եմ
4ճշմարիտ բաներ և ոչ թե լսված անիրական ու դատարկ խոսքեր։
5Իմացի՛ր, որ Տերը չի մերժում անմեղին. հզոր է իր զորությամբ.
6ամբարիշտի կյանքը չի խնայելու և պաշտպանելու է աղքատի իրավունքը։
7Իր աչքը չի կտրի արդարից, և ով որ իր առաջ լինի, թագավորների հետ գահին է բազմելու. նրանց հաղթական է դարձնելու և բարձրացնելու։
8Իսկ չարերը, ձեռնակապերով կաշկանդված, թշվառության պարաններով են կապկպվելու։
9Նրանց հայտնելու է իրենց արարքները, նաև հանցանքները, որ սաստկացել են։
10Լսելու է արդարին, ու ասելու է, որ հետ կանգնեն անիրավությունից։
11Եթե լսեն ու իրեն ծառայեն, իրենց օրերը բարիքների մեջ են ավարտելու, տարիները՝ շքեղության մեջ։
12Բայց ամբարիշտներին չի ապրեցնելու, որովհետև նրանք չուզեցին Տիրոջը ճանաչել, որովհետև խրատվել էին, բայց չէին հնազանդվել։
13Սրտով կեղծավորներն իրենց հանդեպ զայրույթ են գրգռելու, ճիչ ու աղաղակ չեն բարձրացնելու, որովհետև Տերը կապել է նրանց։
14Նրանք երիտասարդ տարիքում են մեռնելու, նրանց կյանքը խոցոտվելու է հրեշտակների կողմից
15այն բանի համար, որ խեղճին ու անզորին են նեղել։ Տերը բարձրացնելու է հեզերի իրավունքները.
16քեզ էլ փրկեց թշնամու երախից։ Իր տակ գտնվող անդունդներից ազատեց քեզ ու առաջդ ճոխությամբ լի սեղան դրեց։
17Չի պակասելու արդարների ուղիղ դատաստանը,
18բայց զայրույթ է իջնելու ամբարիշտների վրա անօրեն կաշառքի համար, որ ընդունում էին անիրավությամբ։
19Թող քո միտքը կամովին երես չդարձնի խնդրանքներից, երբ տկարները ցավի մեջ են։ Զորությամբ բոլոր օժտվածներին
20առաջ չտանես գիշերը, որպեսզի ժողովուրդը նրանց փոխարեն դուրս չգա։
21Այլ զգո՛ւյշ եղիր, գուցե անպատեհ բաներ անես, որովհետև նրան փրկել ես աղքատությունից։
22Ահա Ամենազորը կզորացնի իր զորությամբ, որովհետև այն ո՞վ է, որ նրա պես ուժեղ է,
23կամ այն ո՞վ է, որ քննում է նրա գործերը, կամ այն ո՞վ է, որ կասի. «Ինչ որ արել է, անիրավությամբ է արել»։
24Հիշի՛ր, շա՜տ մեծ են նրա գործերը, որ հանձնված են արդար մարդկանց։
25Ամեն մարդ անձամբ է տեսել, թե մարդիկ որքա՛ն են խոցոտված։
26Ահա, Ամենազորը շատ մեծ է, բայց մենք չենք իմանա. նրա տարիների թիվն անսպառ է։
27Նա հաշվել է անձրևի շիթերը, և սրանք անձրևի տեսքով կլցվեն ամպերի մեջ։
28Երկինքը կհորդա. ամպերին հովանի դարձրեց անթիվ մարդկանց վրա, մեգ են դարձել մարդկանց վրա։ Ժամանակ է սահմանել անասունների համար, և դրանք գիտեն ծնելու կարգը։ Այս բոլորի վրա զարմացած չէ՞ քո միտքը, սիրտդ չի՞ դողում կրծքիդ տակ, քանի որ նա կատարել է մեծ-մեծ բաներ, որ մենք չգիտեինք։ Ձյանը հրամայում է. «Իջի՛ր լեռան վրա», նաև ձմեռային անձրևներին, որ ցույց տան իրենց զորությունը։ Ամեն մարդու միջոցով է վկայում այս բոլորը, որպեսզի յուրաքանչյուր ոք իմանա իր թույլ լինելը։
29Իսկ դու կիմանա՞ս ամպերի սփռվելը կամ նրա վրանի չափերը։
30Ահա իր լույսը գցում է նրա վրա և ծովի խորքերն է ծածկել,
31որպեսզի դրանցով դատի ժողովուրդներին, կերակուր պարգևի զորացածին։
32Ձեռքերով լույսն է ծածկել ու հրահանգ տվել, թե դա ե՛րբ պետք է լինի։
33Իր բարեկամներին կպատմի դրա, ինչպես նաև ինչքերի ու անիրավության մասին»։