Job 34NEA

1Եղիուսը նորից խոսեց ու ասաց.

2«Ո՛վ իմաստուններ, լսե՛ք ինձ, և դուք՝ հանճարեղնե՛ր, ակա՛նջ դրեք.

3քանզի ականջն է քննում խոսքերը, իսկ կոկորդը կերակուրներն է ճաշակում։

4Արդ, մենք մեզ համար ատյան ընտրենք ու մեր մեջ իմանանք, թե ի՛նչն է բարի։

5Քանի որ Հոբն ասաց. «Արդար եմ ես, բայց Տերը մի կողմ է նետել իմ իրավունքները,

6արդար դատաստան չի արել իմ հանդեպ. նրա նետը մահացու է, թեև անիրավություն չեմ գործել»։

7Արդ, կա՞ մարդ, որ Հոբի պես արհամարհանքն իբրև ջուր խմի՝

8չմեղանչելով, ամբարշտություն չանելով, անօրենություն անող մարդկանց գործերին չմասնակցելով, չընթանալով ամբարիշտների հետ։

9Չասես. «Ոչ մեկին պատիժ վրա չի հասնի, մինչդեռ այցը Տիրոջ կողմից է լինելու»։

10Դրա համար էլ, սրտո՛վ հանճարեղներ, ի՛նձ լսեք։ Այնպես թող չլինի, որ ես ամբարշտություն անեմ Տիրոջ հանդեպ ու Ամենակալի առաջ աղմկեմ, թե արդար եմ։

11Յուրաքանչյուր մարդու, ըստ նրա արարքների, կհատուցի, ըստ նրա վարքի կփոխադարձի նրան։

12Գուցե Տիրոջ մասին մտածում ես, որ կարող է անկարգ բանե՞ր անել, կամ կաղավաղի՞ իրավունքն Ամենակալը։

13Ո՞վ է ստեղծել երկիրը։ Ո՞վ է, որ ստեղծել է երկնքի ներքո ու միջոցի մեջ եղած ամեն բան։

14Եթե կամենար սահմանափակել և հոգին իր մեջ պահել,

15առհասարակ ամեն մարմին վերջ կգտներ, ամեն մարմին կդառնար հող, որից ստեղծվել էր։

16Իսկ եթե չես խրատվել, սա՛ էլ լսիր, ակա՛նջ դիր խոսքիս ու բառերիս։

17Չե՞ս մտածում, որ նա, ով ատել է անիրավությունը, խորտակել է նաև չարերին՝ լինելով հավիտենապես արդար։

18Ամբարիշտ է նա, ով թագավորին ասում է. «Անիրավ ես դու», իսկ իշխաններին՝ է՛լ ավելի ամբարիշտ։

19Նա չի պատկառել մեծապատիվ մարդկանցից, ոչ էլ պատիվ է ընծայել երևելի մարդկանց կամ մեծարել։

20Իզուր կլինի ուրիշներին ձայն տալն ու աղերսելը, որովհետև անօրենությամբ են շարժվել, խեղճերին խոտորեցրել.

21քանզի նա տեսնում է մարդկանց գործերը, որ սրանք են արել. նրանից ոչինչ ծածուկ չի մնում։

22Եվ թաքնվելու տեղ չեն ունենա նրանք, ովքեր անօրենություն են գործում,

23որովհետև մարդու վրա ոչինչ չի դնելու բացի իրավունքից, որովհետև Տերը տեսնում է ամեն ինչ,

24վերահասու է լինում անքննելի, փառավոր ու հրաշակերտ բաների, որ թիվ ու հաշիվ չունեն։

25Ինքն է, որ ճանաչում է նրանց գործերը և գիշերվա կվերածի նրանց, ու խորտակվելու են։

26Խավարեցրել է ամբարիշտներին, և սրանք նշավակ եղան իրենց թշնամիների առաջ։

27Արդարև, նրանք շեղվել են Աստծու օրենքից, նրա կարգ ու կանոնը չեն ճանաչել։

28Չեն հասցրել նրան աղաղակը տնանկի, բայց աղքատի բողոքը նա լսելու է։

29Թե ինքը լռություն պահի, ո՞վ է դատապարտելու, թե դեմքը ծածկի, ո՞վ է նրան տեսնելու։ Ժողովրդի խստասրտության պատճառով ազգերի ու մարդկանց վրա

30կեղծավորին է թագավոր կարգելու։

31Եթե մեկն ասի Ամենազորին. «Պատժվել եմ, այլևս մեղք չեմ գործի.

32Սխալներս, որ ես չեմ տեսնում, ցո՛ւյց տուր ինձ, իսկ եթե անօրենություն եմ արել, այլևս չեմ անի»։

33Մի՞թե մեկը քեզնից դա պահանջելու է, որ մերժում ես։ Դու ես ընտրել, ոչ թե ես, իսկ եթե մի բան գիտես, ասա՛։

34Սրտով իմաստունները լսեցին այս, խելացի մարդը լսեց այս.

35«Բայց Հոբն իմաստությամբ չխոսեց, և նրա խոսքերը խելացի չեն»։

36Բայց հաշվի՛ առ, Հո՛բ, և անզգամի պես մի՛ պատասխանիր դեռ,

37որպեսզի ձեր մեղքերը չավելացնեք. Տիրոջ առաջ շատ բան խոսելն անօրենություն է համարվելու ձեզ համար»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Job 34.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.