1«Դաշինք կնքեցի աչքերիս հետ ես, ու նրանք չնայեցին կույսի։
2Աստված բաժին է հանել ինձ վերուստ և բավականին մեծ ժառանգություն՝ բարձունքից։
3Անիրավ մարդու բաժինը կործանումը չէ՞, կամ անօրենություն գործողների բաժինը վտարումը չէ՞։
4Ինքը չէ՞ միթե, որ պարզ տեսնում է իմ ճանապարհը ու հաշվի առնում քայլերս բոլոր։
5Թե ծաղրողի հետ գնացած լինեմ, թե իմ ոտքերը նենգության ճամփով շտապած լինեն,
6բայց կշռվել եմ արդար կշեռքով, և Տերը գիտի իմ անմեղությունը,
7թե շեղված լինի ոտքս ճիշտ ուղուց, սիրտս՝ ընթացած աչքիս հետևից, թե իմ ձեռքով կպած լինեմ կաշառքի,
8ապա թող ես սերմանեմ, ուրիշներն ուտեն, ու անարմատ լինեմ երկրի վրա։
9Թե գնացել է սիրտս ուրիշի կնոջ հետևից, թե դարանակալ եմ եղել իր տան դարպասների մոտ,
10ապա թող կինս նույնպես հաճելի լինի ուրիշի, ու թող տառապեն իմ մանուկները.
11քանզի այլ մարդու կնոջ պղծելը անզուսպ բարկության է լոկ արժանի.
12կրակ կվառվի իր մարմնի բոլոր անդամների մեջ. որ կողմն էլ հասնի, հիմքից կջնջի։
13Իրավունքն արդար թե անտեսել եմ ես իմ ծառայի կամ իմ աղախնի, որ իր խնդրով եկել է ինձ մոտ.
14ի՞նչ եմ անելու, եթե Տերը հարցուփորձ անի ինձ, կամ ի՞նչ պատասխան եմ տալու, եթե դատ անի։
15Չէ՞ որ ինչպես ես եղա արգանդում, այնպես էլ նրանք, նույն որովայնում եղան։
16Իսկ այն խեղճին, որ կարիքի մեջ էր, արդյոք երբևէ օգնության չեկա՞։ Թողեցի՞ արդյոք, որ այրու աչքերը ողբալուց մաշվեն։
17Կամ թե պատառս մենա՞կ կերա ես ու չհանեցի՞ բաժին որբերին։
18Իմ երիտասարդ օրերից հոր պես սնունդ տվեցի, մորս արգանդից չծնված՝ ուղի ցույց տվեցի։
19Կորած մերկերին անտեսեցի՞ ես ու չհագցրի՞։
20Չքավորներն ինձ չօրհնեցի՞ն միթե, նրանց թիկունքը խաշներիս խուզած բրդով չտաքացա՞վ։
21Թե որբի վրա ձեռք եմ բարձրացրել՝ հաշվելով, թե շատ են օգնականներս,
22ապա թող ուսս թափվի ուսոսկրից, իսկ բազուկս էլ պոկվի արմունկից.
23քանզի ինձ Տիրոջ սարսափն է պատել, ու նրա առաջ չեմ կարող հանգիստ կանգնել։
24Եթե հողիս մեջ ոսկի պահեցի, հույս դրեցի թանկ քարերի վրա,
25թե ուրախացա հարստությանս վրա անսահման, թե անթիվ գանձի վրա դրեցի ձեռքն իմ,
26չե՞նք տեսնում միթե, որ լուսավորող արեգակն անգամ հյուծվում է մի օր, լուսինը՝ մաշվում. այդ նրանցից չէ,
27եթե գաղտնաբար սիրտս հրապուրվեց, թե ձեռքս դրած բերանիս վրա՝ ես համբուրեցի,
28թող այն մեծ անօրենություն դիտվի ինձ համար, որ սուտ եմ եղել Բարձրյալ Տիրոջ առջև։ Ուժ, կարողություն, խելք, իմաստություն Նրանից են լոկ։
29Թե ուրախացա գետնին թավալվող թշնամուս վրա, և “վա՜շ” ասացի իմ սրտում,
30թող ականջներս լսեն անեծքն իմ, թող արհամարհվեմ ու քամահրվեմ իմ ժողովրդից։
31Եթե իմ մասին աղախիններս բազում անգամ ասեն՝ “Երանի՜ նրա մարմնից հագենանք”, քանզի քաղցր էի ես նրանց համար.
32օտարը դրսում չէր օթևանում. իմ դուռը բաց էր ամեն եկվորի առաջ,
33թե թաքցրի ակամա գործած իմ մեղքերը.
34չէի ամաչում ես բազմությունից, որ նրա առաջ չասեի դրանք, եթե աղքատին ես դատարկ փեշով դուրս արեցի դռնից.
35երնե՜կ Տիրոջ ձեռքը հատուցեր ինձ, կամ եթե մեկից առած մուրհակը,
36իբրև մի պսակ ուսերիս դրած՝ կարդալով
37պատառ-պատառ չարեցի, հետ չդարձրի այն՝ ոչինչ չառնելով իմ պարտապանից,
38թե իմ պատճառով հեծեծեց հողը, թե ակոսները նրա լաց եղան,
39եթե կերա ես արդյունքը նրա առանց վճարի, կամ թե վշտացրի հոգին երկրի Տիրոջ,
40ապա ցորենի փոխարեն եղինջ թող բուսնի այնտեղ, գարու փոխարեն՝ մորենի»։ Եվ Հոբը դադարեց խոսելուց։