1Հոբը շարունակեց իր իմաստուն խոսքերն ու ասաց.
2«Ո՞վ ինձ կդարձներ նախկին օրերիս, ամիսներին, երբ պաշտպանում էր ինձ Աստված,
3երբ լուսավոր էր նրա ճրագն իմ գլխի վերև, երբ նրա լույսով էի ընթանում խավարի միջով,
4երբ զվարճանում էի ճանապարհներին, երբ Տերն այցի էր գալիս իմ տունը,
5երբ պարուրված էի հարստությամբ, շուրջս՝ ծառաներ,
6երբ կարագով էր ճամփաս ողողված, լեռներս կաթով էին ոռոգվում,
7երբ առավոտյան քաղաք դուրս գալիս հրապարակում էր աթոռս դրվում։
8Տեսնում էին ինձ երիտասարդներ և քաշվում էին, ու ծերերը ոտքի էին կանգնում։
9Ընդհատում էին իրենց խոսքն անգամ մեծատունները, մատները դնում իրենց բերանին։
10Ովքեր իմ մասին լսում էին, երանի էին տալիս, ու նրանց լեզուն քիմքին էր կպչում։
11Ականջը, որ ունկնդրում էր ինձ, երնեկ էր տալիս, ինձ տեսնող աչքն ակնածում էր ինձնից։
12Որովհետև ես աղքատին հզորի ձեռքից էի ազատել ու օժանդակել անօգնական որբուկին։
13Կորսված մարդու օրհնությունը թող ինձ վրա գա, այրու բերանը թող օրհնի ինձ։
14Արդարությամբ էի զգեստավորվել և իրավունքը թիկնոցի նման գցել ինձ վրա։
15Կույրին աչք էի և կաղ մարդուն՝ ոտք
16ու խեղճերին՝ հայր։ Դատ էի անում նրան, ում բնավ չէի ճանաչում։
17Անիրավների ծնոտը ջարդում, հափշտակվածը խլում էի ես նրանց ժանիքից։
18Ասում էի, թե գուցե տարիքս ծերության հասնի, արմավենու պես երկար ժամանակ կարենամ ապրել։
19Ջրերի վրա իմ արմատները լայն տարածվեին, ու ցողն էլ հանգչեր իմ հնձի վրա։
20Աղեղն իմ ինձ հետ պիտի առնեմ, և այն կնորոգվի իմ ձեռքում։
21Մարդիկ ինձ լսում ու անսում էին, խորհուրդներս ստանալիս միշտ լռում էին,
22խոսքերիս բան չէին ավելացնում։ Հրճվում էին, երբ որ հետները խոսում էի.
23սպասում էին նրանք իմ խոսքին, ինչպես ծարավ հողն՝ անձրևի գալուն։
24Երբ ես նրանց հետ ծիծաղում էի, չէին հավատում, և չէր նվազում լույսը իմ դեմքից։
25Ինքս էի ընտրում բոլորի ուղին, որպես իշխան էի նստում, զորականների մեջ բազմում իբրև թագավոր»։