1«Հայտնի է տեղը արծաթի, որտեղից այն հանվում է, և տեղը ոսկու, որտեղ այն զտվում է։
2Երկաթը հողից է դուրս գալիս, պղինձն էլ քարի պես տաշվում է։
3Կարգ է սահմանել խավարի համար. ինքն է ճշգրտում բոլոր ծիրերը՝ քարի, խավարի, մահվան ստվերի,
4ինչպես փոշուց է կտրում խրամը հեղեղատի։ Ով մոռանում է ճամփան ճշմարիտ, մարդկանցից կտկարանա։
5Երկիր. նրանից է ելնում հացը. իսկ իր ընդերքը տակնուվրա է արված, ինչպես կրակից։
6Նրա քարերը շափյուղա ունեն, իսկ հողը՝ ոսկի։
7Շավիղ կա, երբեք ծանոթ չէ թռչնին, և ոչ էլ անգղի աչքն է այն տեսել,
8ուր ոտք չեն դրել ամբարտավանների որդիները, որտեղով առյուծ չի անցել անգամ։
9Ապառաժին ձգեց իր ձեռքը, հիմքից տապալեց լեռները։
10Գետի հորձանքներ է պատռել։ Բոլոր պատվական այս բաներն իր աչքով է տեսել։
11Գետերի խորքն է երևան հանել, իր զորությունը ցույց տվել լույսին։
12Այդ որտեղի՞ց է իմաստությունը, և ո՞րն է տեղը հանճարի։
13Բայց մահկանացուն չգիտի նրա ճանապարհը, չգտնվեց էլ այն մարդկանց մեջ։
14Անդունդն ասաց. «Ինձ մոտ դա չկա», և ծովն ասաց. «Իմ խորքում չէ դա»։
15Դրա փոխարեն գրավ չի դրվում, ու դրա գնով որևէ արծաթ չի կշռվում։
16Սովփերի ոսկու հետ չի դրվի այն նժարի վրա, ոչ էլ պատվական եղնգաքարի ու շափյուղայի։
17Չեն համեմատվի նրա հետ ոսկի, ոչ էլ բյուրեղապակի, ու չեն փոխանակվի նրա հետ անոթներ ոսկեղեն։
18Բարձրություններ և խորություններ չեն կարող նրա հետ մրցել. Իմաստությունն ավելի՛ կարևորիր, քան ամենաթաքնված բաները։
19Չի չափվի հետը և տոպազը եթովպացիների, ընտիր ոսկիների հետ չի դրվի երբեք նժարի վրա։
20Այդ որտեղի՞ց է իմաստությունը, և ո՞րն է տեղը հանճարի։
21Թաքնված է այն մարդկանցից, ծածկված՝ երկնի թռչունից։
22Կորուստը, մահը ասացին. «Լսել ենք նրա փառքի մասին»։
23Տերը հեշտությամբ ցույց տվեց նրա ճանապարհները, քանզի նրա տեղն ինքը գիտի.
24ինքն ամեն բան երկնքի ներքո տեսնում է անձամբ։ Քանի որ գիտի ամեն ինչ, որ արարել է աշխարհի վրա՝
25կշիռը հողմի, չափը ջրերի, որ ինքն է կարգել։
26Նա կարգ է սահմանել անձրևի համար, Եվ ճանապարհ՝ ամպրոպի ու որոտի համար։
27Այն ժամանակ էլ տեսել է նրան ու նրա մասին պատմել, պատրաստել, քննել
28ու ասել մարդուն. «Աստվածպաշտությունն իմաստություն է, ու չարիքներից հեռու մնալը՝ հանճար»։