1Հոբը շարունակեց իր իմաստուն խոսքերն ու ասաց.
2«Կենդանի է Տերը, որ ինձ հետ այսպես դատաստան տեսավ, Ամենակալը, որ դառնացրեց իմ հոգին։
3Եթե տակավին իմ մեջ է իմ շունչը, և աստվածային շունչն ապրում է իմ ռունգերի մեջ,
4իմ շրթունքները անօրենություն չեն արտասանի, և ոչ էլ հոգիս անիրավության մասին կխորհի։
5Մինչև մեռնելս էլ չեմ ասի, որ դուք իրավունք ունեք, որովհետև չեմ հրաժարվի իմ անմեղությունից։
6Եվ արդարության ձայնին անսալով՝ չեմ հրաժարվի, քանզի չգիտեմ, որ ինքս անպատեհ բան արած լինեմ։
7Առավել ևս՝ թող թշնամիներս լինեն կործանվող ամբարիշտները, իմ դեմ դուրս եկած, կորստի մատնված անօրենները։
8Եվ ի՞նչ հույս ունի ամբարիշտը, որ հաստատ կմնա. գուցե Տիրոջը ապավինելով կարողանա փրկվե՞լ,
9կամ թե Տերը ականջ կդնի՞ նրա խնդրանքներին։ Եթե մի տագնապ հասնի իր վրա,
10նա չի ունենա համարձակություն նրա առաջ։ Դիմի էլ նրան՝ ունկն կդնի՞ արդյոք նա իրեն։
11Ես ձեզ կծանուցեմ, ինչ որ կա Տիրոջ ձեռքում, Չպիտի ստեմ Ամենակալի մոտ եղած բաների մասին։
12Ահա բոլորդ իսկ գիտեք, որ ունայն բաներին ունայնություն եք ավելացնում։
13Այս է Տիրոջից ամբարիշտ մարդու բաժինը. Ամենակալի կամքով հզորների ունեցվածքն իրենց դեմ պիտի ելնի։
14Ու եթե անգամ բազում զավակներ ունենան նրանք, պիտի սպանվեն, իսկ թե պատահի՝ չափահաս դառնան, մուրացկանությամբ պիտի դեգերեն։
15Իսկ ովքեր մնան, մահը կգտնեն. նրանց այրիներին մեկը չի գթա։
16Ու եթե անգամ հողի պես արծաթ հավաքեն կամ կավի նման ոսկի պատրաստեն,
17դրանք բոլորը արդարներին բաժին կդառնան, ու արդար մարդիկ կտիրեն նրանց ունեցվածքներին։
18Նրա տունը եղավ իբրև ցեց և իբրև սարդոստայն։
19Քնեց հարուստը, բայց այլևս չի արթնանա, աչքերը բացեց, և այլևս չկա։
20Ցավեր պիտի գան վրան՝ ջրի պես, գիշերվա խավարը պիտի ծածկի նրան։
21Խորշակը պիտի խլի նրան ու գնա, պիտի քշի նրան իր տեղից,
22և շպրտի նրան ու չխնայի։ Փախչելով պիտի փախչի խորշակից։
23Պիտի ծանակի նրան և քարշ պիտի տա իր տեղից»։