1«Ամբարտավաններն ինչո՞ւ մոռացան Տիրոջը.
2ամբարիշտները սահմանն անցան։ Հոտը հովվի հետ հափշտակեցին,
3որբուկի էշը քշեցին տարան ու այրու եզն անգամ վերցրին։
4Խեղճին շեղեցին ուղիղ շավիղից. երկրի հեզերին, բոլորին մեկտեղ թաքցրեցին նրանք,
5ու սրանք դարձան ինչպես վայրի էշ՝ դաշտերում։ Վատնեցին իրենց գործերն ինձ համար. քաղցր եղավ նրանց հացը լկտիների հետ։
6Չհասած արտը, որ իրենցը չէր, հնձեցին նրանք. խեղճերը մշակեցին ամբարիշտների այգին, բայց հաց ու վարձ չստացան։
7Նրանք բազում մերկերի քնեցրին առանց հագուստի, զգեստը հանեցին նրանց վրայից։
8Նրանք թրջվում են լեռների ցողից. քանի որ բնակվելու տեղ չունեն. ժայռերի տակ են ապաստան գտնում։
9Հափշտակեցին ստինքից որբին և թշվառին տառապեցրին։
10Իզուր քնեցրին մերկին անհագուստ, սովահարների հացը կտրեցին։
11Դարան սարքեցին կիրճերում իզուր. ճանապարհն ուղիղ՝ չիմացան երբեք։
12Մարդիկ զրկվեցին քաղաքից, տնից. հոգիները մանուկների խիստ հեծեծեցին, և նա ինչո՞ւ չի այցելում սրանց։
13Երկրում ապրեցին, սակայն չիմացան. արդարության ճանապարհը չճանաչեցին. նրա շավիղով երբեք չընթացան։
14Տեղեկանալով նրանց գործերին՝ խավարի մատնեց նրանց, ու կնմանվեն գիշերվա գողի։
15Շնացողն աչքը խավարին է սևեռում։ Եվ կասի՝ «Թող ոչ մեկի աչքը չտեսնի ինձ. քող է գցել իր երեսին»։
16Մութի մեջ է փորել իր տունը. ցերեկը փակել են իրենց ու չեն իմացել՝ ի՛նչ է լույսը։
17Առավոտը նրանց բոլորի համար մահվան ստվեր է, և ըմբռնում են տագնապը մահվան ստվերի։
18Աննշան է ջրերի երեսին, թող կործանվի նրանց ունեցվածքը երկրի վրա.
19և նրանց տունկերը լինեն ցամաքած հողի վրա. որբից խլեցին խուրձը ցորենի.
20նրանց մեղքերը երեսով տվեցին, ցողի մշուշի նման անհայտ էլ կմնա։ Եվ թող նրան հատուցվի իր արածի համեմատ. անիրավ ամեն մարդ թող ջարդվի քայքայված ծառի պես,
21քանի որ ամուլ կնոջը բարի բան չի արել, որբևայրուն չի ողորմել,
22տկարին կործանել է բարկությամբ։ Ու անգամ թե ոտքի կանգնի՝ վստահ չի լինի իր կյանքի հանդեպ։
23Հիվանդանալիս չի ակնկալի, որ կառողջանա, այլ կընկնի նա հիվանդությունից.
24իր հոխորտանքով շատերին է տառապեցրել։ Կթառամի տոթ եղանակին, ինչպես խոտը կամ ինչպես հասկը՝ ընկած ցողունից։
25Թե լինի մեկը, որ ասի, թե ստեր եմ խոսում, թող բանի տեղ չդնի իմ ասածները»։