1Հոբը նորից խոսեց ու ասաց.
2«Ես էլ գիտեմ, որ ինձ ուղղված հանդիմանությունն ինձնից վեր է, ու նրա ձեռքը ծանրացել է իմ հեծության վրա։
3Իսկ ո՞վ կիմացնի՝ կգտնե՞մ նրան, և ես վերջապես կհասնե՞մ նրան։
4Նրա առաջ կներկայացնեմ իմ իրավունքը ու կլցնեմ իմ բերանը իմ հանդիմանությամբ։
5Ու կիմանամ ես բուժիչ խոսքերը, որ ինձ կասի նա. ու լավ կհասկանամ, ինչ որ ինձ խոսի։
6Թեկուզ մեծ ուժով գա նա ինձ վրա՝ իր պատուհասներն ի գործ չի դնի։
7Ճշմարտությունն էլ, հանդիմանանքն էլ գալիս են նույնից, ուստի վերջապես իրավունքներս մեջտեղ կհանի։
8Թե առաջ գնամ ու չլինեմ՝ ինչպե՞ս կիմանամ դեպքերը վերջին։
9Իր ձախ ձեռքը, որ ստեղծեց նրան, ես չբռնեցի։ Թե աջն էլ իջեցնի ինձ վրա, միևնույնն է, չեմ տեսնի,
10քանի որ ինքը գիտի իմ ճանապարհը, քննել-կշռել է ոսկու պես։
11Կըմբռնեմ նրա պատվիրանները, կընթանամ նրա ճանապարհներով ու էլ չեմ շեղվի։
12Պատվիրաններից դուրս չեմ գա բնավ, որ չմեռնեմ։ Խոսքերը նրա ծոցումս կպահեմ։
13Հապա եթե նա այսպես դատ անի, էլ ո՞վ կլինի, որ դիմադարձի, որովհետև նա ինչ որ կամեցել, այն էլ արել է։
14Ահա թե ինչու կփութամ մոտը ու խրատվելով՝ կմտմտամ միայն իր մասին։
15Այս ամենով նրա առջև պիտի տագնապեմ, անդրադառնալով ավելի պիտի զարհուրեմ նրանից։
16Տերը հիվանդացրեց սիրտս, Ամենակալը տագնապեցրեց ինձ։
17Չէի իմանում, որ խավարն իջնելու էր վրաս. թանձր մեգով է ծածկվել դիմացս»։