1Եղիփազ Թեմնացին նորից խոսեց ու ասաց.
2«Չէ՞ որ Տերն է, որ ուսուցանում է իմաստություն և գիտություն։
3Արդ, Տիրոջն ի՞նչ փույթ, թե դու անարատ էիր քո գործերով, կամ ի՞նչ օգուտ, որ դու ուղղես ճանապարհդ։
4Կամ բանի տեղ դնելով՝ կհանդիմանի՞ քեզ, քեզ հետ դատաստանի՞ կնստի։
5Չէ՞ որ քո չար արարքները բազմաթիվ են, մեղքերդ՝ անթիվ։
6Անօրինապես քո եղբայրներից գրավ ես վերցրել, մերկերի զգեստները հափշտակել։
7Ծարավածներին ջուր չես խմեցրել, նաև քաղցածների հացն ես կտրել։
8Ոմանցով զմայլվեցիր ու նրանց բնակեցրիր երկրի վրա։
9Այրիներին ձեռնունայն ես արձակել և որբերին չարչարել։
10Հիմա քո շուրջը որոգայթներ են դրված, և սաստիկ պատերազմն է քեզ տագնապի մեջ գցել։
11Քո լույսը քեզ համար խավար դարձավ. քնի մեջ քեզ ջրերը ծածկեցին։
12Մի՞թե նա, ով բարձունքում է ու նայում է, չի տեսնելու. նա չէ՞ր, որ ահա ամբարտավանությամբ զգեստավորվածներին խոնարհեցրեց։
13Եվ ասացիր. «Ի՞նչ իմացավ Հզորը», կամ թե՝ «Մշուշի մե՞ջ է դատ անելու»։
14Ամպն է նրա ծածկույթը, և չի երևա, և կշրջի երկնի ծիրի մեջ։
15Չե՞ս պահելու այն հավիտենական շավիղները, որոնց վրա կոխեցին արդար այրերը,
16ովքեր տարաժամ հափշտակվեցին։ Նրանց հիմքերը հորդաբուխ գետ են։
17Նրանք ասում էին. «Տերը մեզ ի՞նչ կանի», կամ՝ «Ամենակալն ի՞նչ կթափի մեր գլխին»։
18Նա սրանց տները բարիքներով լցրեց։ Բայց ամբարիշտների մտադրությունը հեռու է նրանից։
19Արդարները տեսան ամբարիշտների կործանումը ու ծիծաղեցին. անարատն էլ տեսավ ու արհամարհեց՝ ասելով.
20«Արդարև, նա չքանդե՞ց դրանց նեցուկը։ Դրանց ունեցվածքների մնացորդները հուրն է ճարակելու»։
21Բայց եկ խստակյա՛ց եղիր, թե կարող ես համբերել. և այդժամ քո պտուղը կփթթի։
22Ուսմո՛ւնք ընդունիր նրա բերանից, նրա խոսքերը սրտիդ մե՛ջ առ։
23Եվ եթե դարձի գաս ու քո անձը խոնարհեցնես Տիրոջ առաջ, անիրավությունը հեռացրած կլինես քո հարկից։
24Կբազմես ամուր վեմի վրա, ինչպես Սովփերի ձորի ժայռի վրա։
25Եվ Ամենակալը քեզ օգնական կլինի թշնամիներիդ դեմ ու հայտնապես կվարձատրի քեզ, ինչպես զտած արծաթ։
26Ապա համարձակ կլինես Տիրոջ առաջ ու զվարթ կնայես դեպի երկինք։
27Երբ նրան աղերսես, կլսի քեզ ու քեզ կատարել կտա քո ուխտը։
28Քեզ կվերադարձնի արդար բնակարանդ, և քո ճանապարհներին լույս կլինի,
29որովհետև ինքդ քեզ խոնարհ պահած կլինես ու կասես, թե ամբարտավանություն ես արել։ Կապրեցնի նրանց, ում աչքերը խոնարհ են.
30կփրկի անարատին։ Քո մաքուր ձեռքերով կազատես քեզ»։