1Հոբը նորից խոսեց ու ասաց.
2«Ակա՛նջ դրեք, ակա՛նջ դրեք խոսքերիս։ Երանի չլիներ ձեզանից եկած մխիթարանքը։
3Թո՛ւյլ տվեք դուք ինձ, ու ես կխոսեմ. գուցե չայպանեք խոսքերիս համար։
4Իմ կշտամբանքը մարդկա՞նց կողմից է. և ինչո՞ւ չպետք է բարկանամ։
5Զարմանում եք՝ նայելով վրաս, ձեռքներդ ծնոտներիդ դրած։
6Հենց որ հիշում եմ, տագնապում եմ, քանզի ցավերն են պատել մարմինս։
7Այդ ինչո՞ւ են ամբարիշտներն ապրում, ծերանում, բայց հարուստ են մնում։
8Նրանց սերունդն ըստ ցանկության է, և զավակները՝ աչքների առաջ։
9Նրանց տները հաջողված են, բարգավաճ, և ոչ մի տեղից՝ դույզն-ինչ երկյուղ։ Տիրոջից տանջանք չի հասնում նրանց։
10Նրանց կովերը հաստատ ծնում են, հղիությունը երբեք չի վիժում.
11նրանց ձագերն իրենց առջև են մշտապես։ Նրանց երեխաները խաղում են՝
12ձեռքներն առած քնար ու սաղմոսարան, և ուրախանում երգերի ձայնից։
13Ամբարիշտները կյանքները բարիքների մեջ են ավարտել, և գերեզմաններում հանգիստ ննջում են։
14Եվ Տիրոջն ասում են. «Հեռո՛ւ ինձանից. քո ուղիները չեմ կամենում ես ճանաչել հիմա։
15Ի՞նչ շահ ունենք, որ ծառայենք նրան, ի՞նչ օգուտ կա, որ նրան մոտենանք»։
16Սրանց ձեռքին են բարիքները. չի նայում ամբարիշտների արարքներին։
17Սակայն ամբարիշտների ճրագը կմարի. նրանց կհասնի կործանումը. զայրույթից վրեժի երկունքը կբռնի նրանց։
18Ու կլինեն իբրև հարդ՝ հողմի բերանին, կամ թե չէ իբրև փոշի՝ մրրիկից քշվող։
19Իր ունեցվածքը մի օր վերջ կտա իր որդիներին. Տերը կհատուցի և ճանաչել կտա իրեն։
20Նրա աչքերը կտեսնեն իր սպանվելը, ու Տիրոջ ձեռքից չի ազատվի։
21Որովհետև իր տան մեջ ապրում է իր կամքի համաձայն. նրա ամիսների թիվը կպակասի։
22Չէ՞ որ Տերն է, որ ուսուցանում է հանճար, գիտություն, քանի որ ինքն է քննում իմաստուններին։
23Նույնիսկ ամենաբարեկեցիկն ու հաջողակը, այնպիսին անգամ կմեռնի՝ սաստիկ անզգամ լինելով։
24Իր որովայնը ճարպակալած է. ու իր ուղնուծուծը քամվելու է։
25Հոգու դառնությունը կսպանի նրան, ու չի ճաշակի իր բարիքներից։
26Բոլորը մեկտեղ կննջեն երկրի ընդերքում. և ապականությունը կծածկի նրանց։
27Եվ հիմա գիտեմ, որ հանդգնությամբ հասել եք վրաս։
28Հիմա դուք կասեք. «Իշխանի տունը որտե՞ղ է. ո՞ր հարկի տակ են ամբարիշտները բնակվում»։
29Հարցրե՛ք ճանապարհի անցորդներին. և նրանց ցուցումները մի՛ արհամարհեք։
30Չարը շտապում է դեպի անդարձ կորստյան այն օրը. քշվում է դեպի օրը հատուցման։
31Ո՞վ է պատմելու նրա առաջ իր վարքի մասին, արածի համար ո՞վ պիտի հատուցի նրան։
32Եվ ինքը դեպի գերեզման ուղղվեց. անքուն անցկացրեց-մնաց տապանում.
33ձորի խիճերը քաղցր թվացին։ Նրա հետևից կգնան բոլորը, իսկ առջևից էլ՝ մարդիկ բյուրավոր։
34Եվ ինչո՞ւ եք զուր տեղը ջանում մխիթարել ինձ. ձեր կողմից ինձ հանգստացնելն անիմաստ է»։