1Սովփար Մինեցին նորից խոսեց ու ասաց.
2«Չէի կարծում, թե դու մեր դիմաց այդպես կխոսես։ Մի՞թե դու ինձնից ավելի իմաստուն ես։
3Ունկնդրելու եմ իմ ակնածալից խրատը, և իմ բանականության ոգին է պատասխան տալու ինձ։
4Մի՞թե դա հիմա ես իմացել, թե՞ այն ժամանակվանից, երբ երկրի վրա մարդն է դրվել։
5Ամբարիշտների ուրախությունը մեծ անկում պիտի ապրի, անօրենների խնդությունը կորստյան կմատնվի։
6Եթե անգամ երկինք բարձրանան նրա ընծաները, ողջակեզներն էլ ամպերին հասնեն,
7երբ թվա, թե հաստատված է, այն ժամանակ իսպառ կորչելու է. իսկ ովքեր նրան ճանաչում էին, ասելու են՝ ո՞ւր է։
8Երազի պես է թռչելու և չի գտնվելու. գիշերային տեսիլքի պես է թռչելու նա։
9Այն աչքը, որ նայել է նրան, այլևս չի տեսնելու, ոչ էլ նրա բնակավայրն է նրան ճանաչելու։
10Նրա որդիներին վատ մարդիկ են սպանելու. ձեռքերը ախտերից են բորբոքվելու։
11Ոսկորներն իր, որ երիտասարդական ուժով էին հագեցած, իր հետ էլ ուղղվում են դեպի հող՝ ննջելու։
12Եթե անգամ քաղցրանա չարությունը նրա բերանում, թաքցնի այն իր լեզվի տակ,
13չի խնայելու նրան, թողություն չի շնորհելու։ Այն կուտակելու է իր կոկորդում,
14ու ինքն էլ չի կարողանալու իրեն օգնության հասնել. իժի թույն կա նրա փորում։
15Անիրավությամբ հավաքված նրա հարստությունը դուրս է փսխվելու. հրեշտակը նրան քաշել-հանելու է տնից։
16Վիշապների զայրույթն է նա ծծելու, նրան օձի լեզուն է սպանելու։
17Չի տեսնելու նա արածող կենդանիների կիթը, ոչ էլ մեղրի ու կարագի պաշարներ։
18Զուր ու պարապ տեղն է նա հարստություն վաստակել, քանի որ չի վայելելու այն ու չի կարողանալու կուլ տալ, ինչպես չծամվող ու չկտրտվող կարծր բան,
19որովհետև շատ տկարների տներ է խորտակել, բնակարաններ խլել, բայց չի կառուցել։
20Նրա ունեցվածքին փրկություն չկա. իր ցանկությամբ չի ազատվելու։
21Ուտելու մթերք չի ունենալու։ Դրա համար նրա բողբոջները չեն ծաղկելու։
22Երբ իրեն թվա, թե ահա առատության մեջ է, նեղություն է կրելու. ամեն տեսակ տագնապներ կգան նրա վրա,
23թե ինչպե՛ս է լցվելու իր որովայնը։ Աստված նրա վրա է ուղարկելու իր սրտմտությունն ու զայրույթը, վրան ցավեր է թափելու,
24և նա սրի ձեռքից չի ազատվելու։ Պղնձե աղեղն է խոցոտելու նրան.
25նետն է անցնելու նրա մարմնով։ Նրա հարկի տակ աստղեր են շուռ գալու, և արհավիրքներ են թափվելու գլխին։
26Համակ խավարն է սպասում նրան, և անշեջ հուրն է նրան ճարակելու։ Եկվորն է չարչարելու նրա ընտանիքը։
27Երկինքը մեջտեղ է հանելու նրա անօրենությունները, և աշխարհն է վեր կենալու նրա դեմ։
28Կործանումն է իսպառ քանդելու նրա տունը. նրա վրա հասնելու է ցասման օրը։
29Տիրոջից այս է բաժին հասնելու ամբարիշտ մարդուն, և այս է նրա սահմանված ունեցվածքն Այցելուից»։