1Հոբը նորից խոսեց ու ասաց.
2«Մինչև ե՞րբ պիտի տանջեք իմ հոգին, խոսքերով ընկճեք ինձ։
3Իմացե՛ք, որ Տերն այսպես վարվեց ինձ հետ։ Բամբասում եք ինձ, ու չեք ամաչում՝ ինձ վրա հարձակվելով։
4Այո՛, արդարև ես մոլորվեցի. մոլորությունս իմ ներսում է հանգուցվել՝ ասելով բաներ, որոնք արժան չեն։ Խոսքերս ևս մոլորվել են ու չեն պատշաճում մեր ժամանակին։
5Մի կողմ թողնենք այն, որ դուք ինձ վրա մեծ-մեծ խոսում եք, հարձակվում վրաս նախատինքներով։
6Արդ, իմացե՛ք. Տերն է ինձ խռովեցնողը. իմ առջև իր պատվարն է բարձրացրել։
7Ահա ծաղրվում եմ նախատինքներով և բերան չեմ բացում. աղաղակեմ էլ՝ ոչ մի տեղից դատաստան չկա։
8Շրջապատված եմ, չեմ կարող խույս տալ. խավար է դրել ինձ վրա։
9Մերկացրել է ինձ բոլոր փառքերից, հանել իմ գլխից պսակը նաև։
10Պաշարել է ինձ բոլոր կողմերից. կործանված եմ. հույսս կտրել է հավետ՝ ծառի պես։
11Սաստիկ բարկությամբ է վարվել ինձ հետ ու իր թշնամին է համարել ինձ։
12Գնդերը նրա, բոլորը մեկտեղ, հասել են վրաս. դարանակալները կտրել են բոլոր ճանապարհներս։
13Ինձնից հեռացել են եղբայրներս. ինձնից առավել՝ օտարներին են ճանաչում նրանք։ Բարեկամներս անողորմ են դարձել,
14արհամարհեցին ինձ մերձավորներս, իսկ ծանոթներս անունս են մոռացել։
15Իմ տան դրացիները և աղախիններն իմ ինձ լիովին օտար համարեցին. մի այլազգի եմ ես թվում նրանց։
16Կանչեցի իմ ծառային, բայց նա բանի տեղ չդրեց. ես իմ բերանով աղաչում էի,
17աղերսում էի իմ կնոջը, պաղատանքներով կանչում էի ես իմ հարճերի որդիներին,
18բայց նրանք հավետ ուրացել են ինձ. երբ ոտքի եմ կանգնում, բամբասում են ինձ։
19Զզվել են ինձնից իմ ծանոթները. ում սիրում էի, իմ դեմ են ելել։
20Իմ այս մորթի տակ մսերս են փտել. ատամներիս մեջ իմ ոսկորներն եմ պահում։
21Ո՛վ բարեկամներ, ողորմե՛ք ինձ, ողորմե՛ք ինձ, քանի որ Տիրոջ ձեռքն է բարձրացել վրաս։
22Տիրոջ պես ինչո՞ւ եք ինձ հալածում. մի՞թե իմ մարմնով չեք հագեցել։
23Ի՜նչ կլիներ, որ կարողանայի գրել խոսքերս, մի մատյանի մեջ գրանցել դրանք հավիտյան՝
24երկաթե գրչով կապարի կամ թե վեմերի վրա փորագրելով,
25քանի որ գիտեմ՝ հավերժական է նա, ով երկրի վրա եղծում է ինձ՝
26բժշկելով մաշկս, որ այս բոլորը կրեց։ Տիրոջ կողմից են պատահել ինձ այս ամենը,
27որ ինքս անձամբ քաջ գիտակցում եմ, ինչ որ տեսել եմ իմ աչքերով, ոչ թե ուրիշը։ Այդպես ամեն ինչ իմ ծոցում հանգավ։
28Իսկ թե հարցնեք՝ «Ինչի՞ մասին մենք խոսենք իր առաջ, ինչպե՞ս գտնենք մենք արմատը խոսքի»,-
29դո՛ւք էլ վախեցեք մթին գործերից։ Քանի որ բարկությունն է անօրենների վրա հասնելու. ապա կիմանան, թե որտե՛ղ է իրենց բուն էությունը»։