Job 16NEA

1Հոբը նորից խոսեց ու ասաց.

2«Շատ եմ լսել ես այդպիսի բաներ. բոլորդ էլ չար մխիթարիչներ եք։

3Բայց հիմա ի՞նչ ժամանակն է դատարկ խոսքերի, կամ մեկը խնդրո՞ւմ է քեզ, որ պատասխանես։

4Ես էլ ձեզ պես կարող էի խոսել, եթե դուք իմ տեղը լինեիք, և ես՝ ձեր տեղը։ Ձեզ պես ես էլ կարող էի գլուխս շարժել, ձեզ կսկիծ պատճառել խոսքերով։

5Գուցե իմ բերանում ուժ ունենայի ու շրթունքներս չխնայեմ շարժելու,

6քանզի եթե խոսեմ, չի փարատվելու ցավը վերքերիս, իսկ եթե լռեմ, ավելի քի՞չ եմ խոցոտվելու ես։

7Արդ, դարձրել է ինձ ջարդված, փտած ու ընդարմացած։

8Ձեռքը գցել է ահա ինձ վրա։ Դեմս է կանգնեցրել իմ ստությունը, երեսովս տվել պատասխաններս։

9Բարկությամբ մղված՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրա։ Նրա հակառակորդների նետերն են վրաս տեղացել,

10աչքերի տեգով շարժվել ինձ վրա։ Իրար հետևից խփել է ծնկիս. բոլորը մեկտեղ խուժել են վրաս։

11Տերն ինձ մատնել է ձեռքն անիրավի, ամբարիշտների մեջ է գցել ինձ։

12Մինչ խաղաղ էի, քայքայել է ինձ, քաշել մազերիցս ու փետել դրանք, Թիրախ կանգնեցրել,

13տեգեր են պատել։ Երիկամներս են խոցել անխնա, և իմ մաղձը գետնին է թափվում.

14ինձ կործանել են՝ հարված հարվածի վրա իջեցնելով։ Վրաս են հարձակվել զորավորները,

15և քուրձ են կարել իմ մորթի վրա։ Հանգել է գետնին իմ զորությունը.

16լալուց խաշվել են իմ աղիքները. մահվան ստվերն է իջել կոպերիս։

17Անիրավություն չկար իմ ձեռքին, և անարատ էր աղոթքն իմ հոգու։

18Երկի՛ր, մի՛ ծածկիր արյունն իմ մարմնի. և տեղ չգտնվի իմ աղաղակի համար։

19Եվ ահա հիմա վկաս՝ երկնքում, դատապաշտպանս՝ բարձունքում։

20Խնդիրքս թող որ Տիրոջը հասնի, ու նրա առաջ աչքերս արտասվեն։

21Երանի մեկը պաշտպան կանգնի ինձ Տիրոջ հանդիման, ինչպես որ մարդը՝ իր ընկերոջը։

22Իմ տարիները հաշվված են արդ. բռնել եմ արդեն անդարձի ուղին»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Job 16.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.