1Եղիփազ Թեմնացին պատասխանեց ու ասաց.
2«Հոգով հանճարեղն իմաստությամբ պատասխան չի՞ տա արդյոք. մի՞թե կանցկացնի իր որովայնի ցավը,
3եթե հանդիմանի արտահայտություններով, որոնք արժանի չեն, և խոսքերով, որոնցից օգուտ չկա։
4Դրանց երկյուղը դու էլ մերժեցիր ու Տիրոջ առաջ դիզեցիր այսպիսի խոսքեր։
5Հանցավոր եղար բերանիդ խոսքերով, իսկ հզորների խոսքերը չքննեցիր։
6Քո բերանն է կշտամբելու քեզ, ոչ թե ես. շրթունքներդ քո դեմ վկայություն են տալու։
7Ի՛նչ է, բոլոր մարդկանցից առա՞ջ ես ծնվել, թե՞ բոլոր բլուրներից վաղ ես հաստատվել։
8Դո՞ւ ես լսել Տիրոջ հրամանը, թե՞ քեզ է օժտել նա իմաստությամբ։
9Այն ի՞նչ է, որ դու գիտես, իսկ մենք՝ ոչ, կամ ի՞նչն է, որ դու կիմանաս, իսկ մենք՝ ոչ։
10Մեր մեջ էլ կան ծերեր, ալեհեր մարդիկ, տարիքով շատ ավելի մեծեր, քան քո հայրը։
11Մեղքերիդ համեմատ շատ քիչ տանջանքներ ես կրել ու ավելի շատ ես մեծախոսել։
12Ինչո՞ւ հանդուգն դարձավ քո սիրտը, ինչո՞ւ լկտի նայեցին քո աչքերը.
13սրտմտությունդ դուրս թափեցիր Տիրոջ առաջ և այդպիսի բառեր հանեցիր քո բերանից։
14Այն ո՞ր մահկանացուն է անարատ եղել, կամ այն ո՞ր կանանցածինն է արդար լինելու։
15Եթե անգամ իր սրբերին չի հավատում, ու երկինքը նրա համար անարատ չէ,
16առավել ևս գարշելի ու պիղծ է այն մարդը, որ անօրենություններն ըմպելիքի նման է խմում։
17Պատմելու եմ քեզ, Հո՛բ, լսի՛ր ինձ. ինչ որ տեսել եմ, պատմելու եմ քեզ
18ինչ որ իմաստուններն են ասում, ինչ որ չեն թաքցրել նրանց հայրերը։
19Նրանց է միայն տրվել երկիրը, և ոչ մի օտարածին նրանց մեջ չի մտել։
20Ամբարիշտի ամբողջ կյանքը հոգսերով է անցնում, տարիները բռնակալ մարդուն հաշվով են տրված։
21Նրա ահի ձայնն իր ականջում է։ Երբ նա կարծի, թե խաղաղության մեջ է, նրա վրա կործանումն է գալու։
22Թող չհավատա, թե կվերադառնա խավարից, որովհետև արդեն սրի է դատապարտված։
23Սահմանված է իբրև անգղերին կեր. իր մտքում ինքն էլ գիտի, որ հաստատ կործանվելու է։ Մթին օրը զարհուրեցնելու է նրան.
24անձկությունն ու նեղությունն են նրա վրա հասնելու. կործանվելու է իբրև առաջին գծի զորավար,
25որովհետև Տիրոջ դեմ ձեռք է բարձրացրել ու ընդվզել Ամենակալ Տիրոջ դեմ։
26Ամբարտավանությամբ է դուրս եկել նրա դեմ իր վահանի ամրությամբ։
27Երեսը ծածկել է իր ճարպով ու երկսայրի սուր դրել ազդրին։
28Ավերակ քաղաքներում է բնակվելու և անմարդաբնակ տներ մտնելու. ինչ որ իրենք պատրաստել էին, ուրիշներն են տանելու։
29Չի հարստանալու, ունեցվածքը չի մնալու, երկրի վրա ստվեր չի գցելու,
30խավարից էլ չի փրկվելու։ Նրա բողբոջը հողմն է թառամեցնելու. թափվելու է ծաղիկը նրա։
31Թող չհավատա, որ հանգիստ է գտնելու. սնոտի բաներ են իրեն հանդիպելու։
32Վաղաժամ են կտրվելու նրա ճյուղերը, և նրա շիվերն էլ չեն ծաղկելու։
33Խակ պտուղի պես վաղաժամ է քաղվելու. ձիթենու ծաղկի պես ցած է թափվելու,
34քանզի մահն է ամբարիշտի վկան. հուրն է այրելու կաշառակերների տները։
35Իր մեջ ցավեր է սաղմնավորելու. սնոտի բաներ են իրեն հանդիպելու. նրա արգանդը նենգություն է ծնելու»։