Job 14NEA

1«Կանանցածին մարդը սակավակյաց է ու լի բարկությամբ։

2Ով որպես ծաղիկ էր ծաղկել, թափվեց ու ընկավ, փախավ իբրև ստվեր. հաստատ չի մնա։

3Մի՞թե դու, որ հետևում ես այդ ամենին, ինձ կանգնեցնելու ես քո դատաստանի առաջ։

4Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ոչ ոք.

5թեկուզ և կյանքը երկրի վրա մեկօրյա լինի։ Արդ, հաշվված են նրա ամիսները. ժամ ես դրել, խույս չի տա երբեք։

6Հեռո՛ւ նրանից, որ հանգստանա մի քիչ, հաճույք ստանա իր կյանքից գեթ իբրև մի վարձկան։

7Ծառի համար իսկ հույս կա. թեև կտրում են, նորից է ծաղկում, և նրա ճյուղերը չեն պակասում։

8Անգամ արմատը թե որ ծերանա խորքի մեջ հողի, բունն էլ խեղդվի քարերի մեջ,

9ջրի հոտից իսկ կծաղկի իսկույն, նորատունկի պես պտուղներ կտա։

10Բայց վախճանված մարդը՝ ընկածը, գնաց և այլևս գոյություն չունի։

11Ծանծաղում է ծովն իր ժամանակին. սպառած գետերը ցամաքում են.

12նույնպես մարդիկ թե ննջեն, վեր չեն կենա. մինչև երկինքը իսպառ չլուծվի, չեն զարթնի իրենց քնից։

13Ու երանի թե դժոխքում պահեիր և թաքցնեիր ինձ, մինչև որ անցներ բարկությունը քո, և ժամանակ ինձ նշանակեիր, հիշեիր ինձ։

14Մարդը թե մեռնի, կապրի՞ նա դարձյալ՝ ամբողջացնելով օրերն իր կյանքի. պիտի սպասեմ, մինչև որ կրկին գոյություն առնեմ։

15Ձայն կտաս ինձ, կպատասխանեմ. Մի՛ մերժիր գործը քո ձեռքերի։

16Արձանագրել ես իմ վարքը. և իմ մեղքերից ոչ մեկը չի վրիպել քեզանից։

17Անօրինություններս կնքել ես քսակի մեջ. նշել, թե ի՛նչ հանցանք եմ գործել ակամա։

18Փլվելու ենթակա լեռը պետք է փլվի. և վեմն էլ պիտի շարժվի իր տեղից։

19Եվ ինչպես ջրերն են քարերը ողորկում, հեղեղում դաշտերը կոշտ հողի, այնպես էլ մարդու հույսերն ես չքացրել։

20Մերժել ես նրան իսպառ. նա անցել գնացել է. նրան դեմ ես դարձել ու այդպես արձակել։

21Թեպետև նա բազում որդիներ ունենա, նա այդ չի իմանա, իսկ եթե սակավ էլ լինեն, չի ճանաչի։

22Բայց մարմինն իր նվաղած է, իսկ հոգին նրա սգում է իր մեջ»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Job 14.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.