1Ահա այս ամենը տեսել է իմ աչքը, և լսել իմ ականջը։
2Ինչքան որ դուք գիտեք, այնքան էլ ես գիտեմ, և ձեզնից ավելի անմիտ չեմ։
3Սակայն ես պետք է Տիրոջ հետ խոսեմ, նրա առջև փորձեմ արդարանալ, եթե կամենա։
4Բայց դուք բոլորդ անարդար բժիշկներ եք և ողջացնում եք չարիքներ միայն։
5Երանի լռեք. այդ ժամանակ գուցե ձեզ իմաստունի տեղ դնեն։
6Լսե՛ք իմ բերանի փաստարկները և ակա՛նջ դրեք շրթունքներիս դատաստանին։
7Չէ՞ որ Տիրոջ առաջ եք խոսում, նրա դեմ նենգ բաներ բարբառում։
8Պիտի ակնածե՞ք։ Դուք ինքներդ ձեզ դատավո՛ր եղեք։
9Լավ կլիներ, եթե ձեզ քններ։ Եթե ամեն արված իրեն վերագրեք,
10Նա էլ ձեզ պակաս չի կշտամբելու. եթե նույնիսկ ծածուկ՝ աչառու լինեք,
11Իր արհավիրքը ձեզ չի՞ ահաբեկում, Իր երկյուղը ձեզ չի՞ ցնցում։
12Պերճանքը ձեր մոխրի պես կլինի, մարմինը՝ կավի։
13Լռե՛ք, որ ես էլ խոսեմ, և անդորր գտնեմ իմ տանջվելուց։
14Մարմինս առնեմ ատամներիս մեջ, հոգիս ամփոփեմ ձեռքերի մեջ իմ։
15Ամենազորը ձեռքը թե իջեցնի ինձ վրա (սկսել էլ է), չե՞մ խոսելու ես նրա առաջ և արդարանալու փորձեր անելու։
16Կդառնա դա ինձ իբրև փրկություն, որովհետև նրա առաջ նենգ բան չի կանգնի։
17Լսե՛ք, անսացե՛ք խոսքերիս. ի լուր ամենքիդ եմ ասում սա։
18Մոտ եմ ահա իմ դատաստանին. գիտեմ, արդար եմ երևալու։
19Ո՞վ է ոսոխն իմ, որ դեմ կանգնի ինձ. որ կաշկանդվեմ և կամ էլ մեռնեմ։
20Երկու բաներ են լոկ անհրաժեշտ ինձ, և ես քո առջևից չեմ թաքնվի։
21Հե՛տ քաշիր ինձնից ձեռքդ. և ահդ թող ինձ չսարսափեցնի։
22Եվ եթե կանչես ինձ, կլսեմ քեզ, թե խոսես ինձ հետ, պատասխան կտամ։
23Որքա՞ն մեղք ունեմ, անօրենություն, հասկացրո՛ւ ինձ՝ որքա՞ն են դրանք։
24Ինչո՞ւ ես պահում դրանք ինձանից։ Ինձ քեզ թշնամի՞ ես համարում,
25թե՞ քամուց շարժվող տերևից ես վախենում, կամ թե հակառա՞կ ես կանգնում ինձ՝ հողմավար խոտիս։
26Իմ դեմ չար վճիռներ գրեցիր ու վրաս գցեցիր մանկության մեղքերս։
27Ոտքերս դրեցիր ոտնակոճղի մեջ, հսկեցիր իմ գործերին, քննեցիր նույնիսկ ոտնահետքերս,
28մինչդեռ մարմինս է հին տիկի պես, կամ էլ ցեցակեր՝ ձորձի պես»։