1Հոբը նորից պատասխանեց ու ասաց.
2«Արդ դուք էլ մա՞րդ եք. կամ իմաստությունը ձեզանո՞վ է ավարտվելու։
3Ես նույնպես ձեզ նման սիրտ ունեմ։
4Արդար ու անարատ մի մարդ է ենթարկվել ծաղրանքի։
5Սահմանված ժամանակ պատրաստվեց իր տների կործանումն օտարից, ավերումն անօրենների ձեռքով։
6Բայց ով որ չար լինի, թող երբեք չհուսա, թե անպարտ կլինի։ Եվ ով բարկացնի Տիրոջը, նրանց համար մի՞թե քննություն չի լինի։
7Բայց ե՛կ ու հարցրո՛ւ չորքոտանիներին, և կսովորեցնեն քեզ, երկնքի թռչուններին, և կասեն քեզ.
8երկրի հե՛տ խոսիր, և քեզ դաս կտա, և ծովի ձկները քեզ կպատմեն։
9Եվ սրանցից ո՞վ չգիտի, թե Տիրոջ ձեռքն է ստեղծել ամեն ինչ։
10Եվ մի՞թե նրա ձեռքին չէ բոլոր կենդանիների շունչը ու հոգին ամեն մի մարդու։
11Որովհետև միտքն է քննում խոսքը, ու քիմքն է համտեսում կերակուրը։
12Ժամանակի երկարության մեջ կա իմաստություն, և կյանքի երկարության մեջ՝ հնարագիտություն։
13Նրանի՛ց են գալիս ուժը, իմաստությունը, Նրա՛նն են խորհուրդներն ու հանճարը։
14Թե նա կործանի, ո՞վ կշինի, թե նա փակ դնի մարդկանց առաջ, ո՞վ բաց կանի։
15Թե նա արգելք դնի ջրերի առաջ, կչորանա հողը, իսկ եթե արձակի, կործանելով կանհետացնի երկիրը։
16Նրանի՛ց են գալիս ուժն ու զորությունը, Նրա՛նն են հանճարն ու իմաստությունը։
17Գերի է քշում խորհրդականներին, հիմարացնում է երկրի դատավորներին,
18գահերին է նստեցնում արքաների և գոտի կապում նրանց մեջքին։
19Գերության է ուղարկում քահանաներին ու կործանում է երկրի հզորներին։
20Լռեցնում է խոսքը հավատարիմների, ծերունիների խելամտությունն է ընդունում։
21Անարգանք է թափում իշխանի գլխին, իսկ խոնարհներին բժշկում է։
22Հայտնի է դարձնում խավարի խորքերը և մահվան ստվերը հանում դեպի լույս։
23Մոլորեցնում է ազգերին և կործանում նրանց. սփռում է ազգերին և առաջնորդում նրանց։
24Երկրի իշխանների սիրտն է շուռ տալիս, մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանոթ չեն։
25Շոշափելու են խավարը և ոչ թե լույսը, մոլորվելու են հարբածի նման։