1Սովփար Մինեցին պատասխանեց ու ասաց.
2«Ով շատ է խոսում, պարտավոր է նույն ձևով էլ լսել. կամ ով խոսի, կարո՞ղ է խոսելով արդարանալ։ Օրհնյալ է սակավակյաց կանանց ծնունդը։
3Շատ մի՛ շաղակրատիր, որովհետև մեկը չկա, որ քեզ պատասխան տա։
4Մի՛ ասա. «Գործերովս մաքուր ու անարատ եմ Տիրոջ առաջ»։
5Այլ մտածի՛ր, թե Տերն ինչպե՛ս է խոսելու քեզ, բաց անելու շրթունքները քեզ հետ։
6Քեզ կպատմի իմաստության զորությունը, որ կլինի կրկնակի, քան քոնը։ Ապա կիմանաս, որ ինչ գլխիդ բերել է Տերը, արժանի էր քո գործած մեղքերին։
7Կգտնե՞ս Տիրոջ հետքերը, կամ Ամենակալի հաստատած սահմաններին կարո՞ղ ես վերահասու լինել։
8Բարձր է երկինքը. ի՞նչ կարող ես անել։ Խորն է դժոխքը. ի՞նչ կիմանաս։
9Երկար են երկրի չափերը. լայն է ծովը։
10Եվ եթե Աստված կործանի այդ բոլորը, ո՞վ կասի նրան՝ «Այդ ի՞նչ արեցիր»։
11Ինքը գիտի անօրենների գործերը. անարժան բաներ տեսնելով՝ անտես չի առնի։
12Դատարկաբան մարդը խոսքերի մեջ է թաքնվում։ Կնոջից ծնված մարդը նման է անապատի վայրի էշի։
13Իսկ եթե դու մաքուր ես պահել քո սիրտը, ձեռքդ մեկնի՛ր դեպի Աստված։
14Եվ եթե քո ձեռքում անօրենություն կա, հեռո՛ւ վանիր այն քեզանից, և անօրենությունը քո հարկի տակ թող չիջևանի։
15Եվ ահա քո դեմքը կփայլի վճիտ ջրի պես, կմերկանաս աղտեղությունից ու երկյուղ չես կրի,
16կմոռանաս նեղություններդ, ինչպես անցած ալիքը, ու չես զարհուրի։
17Քո աղոթքը՝ որպես Արուսյակը. կեսօրին կծագի կյանքը քո,
18ու վստահ կլինես, որ հույս ունես. հոգսերի ու վարանումների միջից խաղաղությունը կերևա քեզ։
19Անդորր կգտնես, և ոչ ոք չի պատերազմի քեզ հետ։ Շատերը շուռ կգան ու քո հաճությունը կփնտրեն.
20փրկությունը կվրիպի նրանցից, որովհետև նրանց հույսն իրենց կորուստն է։ Ամբարիշտների տեսողությունը կսպառվի»։