1Տիրոջ խոսքն այլազգիների մասին՝ ուղղված Երեմիա մարգարեին, երբ փարավոնը դեռ չէր ավերել Գազան։
2Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ջրեր են բարձրանում հյուսիսից, որոնք, հորդահոս հեղեղների վերածվելով, պիտի ողողեն երկիրն ամբողջությամբ, քաղաքն իր բնակիչներով։ Պիտի գոչեն մարդիկ, և երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն
3ասպատակող հեծելազորի զենքերի ու ոտքերի ձայնից, նրա կառքերի շաչյունից և դրանց անիվների շառաչից։ Հայրերը չպիտի դառնան դեպի իրենց որդիները, որովհետև նրանց ձեռքերը պիտի թուլանան
4այն օրը, որը վրա է հասնելու բոլոր այլազգիներին կորստյան մատնելու համար։ Կորստյան պիտի մատնեմ նաև Ծուրն ու Ծայդանը [𝕸 և Ο΄ Տյուրոսն ու Սիդովնը ] և նրանց մյուս բոլոր օգնականներին»։ Տերը ոչնչացնելու է կղզիներում և Գամիրքում մնացած այլազգիներին։
5Գազայում այնպիսի սուգ պիտի լինի, որ մարդիկ խուզեն իրենց գլուխները, Ասկաղոնը պիտի ոչնչանա, ինչպես և Ենակի որդիների մնացորդները։ Մինչև ե՞րբ պիտի կոտորես,
6դու, Տիրո՛ջ սուր, մինչև ե՞րբ դադար չպիտի առնես, վերադարձի՛ր քո պատյանը, հանգի՛ստ առ, հե՛տ կանգնիր։
7Ինչպե՞ս դադար առնի նա. չէ՞ որ Տերը հրամայեց նրան հարձակվել Ասկաղոնի և նրանց վրա, ովքեր մնացել էին ծովեզերքին։