Jeremiah 46NEA

1Ահա Երեմիա մարգարեին ուղղված Տիրոջ խոսքը եգիպտական բոլոր ազգերի մասին

2և եգիպտացիների արքա Նեքավով փարավոնի զորաբանակի մասին, որը գտնվում էր Եփրատ գետի մոտ՝ Քարքամիսում, և որին Հովսիայի որդու՝ Հուդայի երկրի արքա Հովակիմի չորրորդ տարում ջախջախեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան։

3«Զենք ու վահա՛ն վերցրեք, մտե՛ք մարտի մեջ,

4պատրաստե՛ք երիվարները, ձի՛ հեծեք, ո՛վ սպառազինվածներ, դրե՛ք սաղավարտները, առա՛ջ ուղղեք գեղարդները, հագե՛ք ձեր զրահները։

5Բայց այդ ի՞նչ է կատարվում. դրանք ահավասիկ զարհուրածներն են, որ դեպի հետ են շարժվում, որովհետև նրանց զորավոր մարդիկ ջախջախվեցին, և իրենք փախուստի են դիմել, իսկ դրանցից նրանք, որ շրջապատման մեջ ընկան, չպիտի վերադառնան,- ասում է Տերը։-

6Ո՛չ արագաշարժը պիտի փախչի, ո՛չ էլ հզորը փրկվի. հյուսիսի կողմերում, Եփրատ գետի մոտ, նրանք ուժասպառ եղան ու կործանվեցին։

7Ո՞վ է սա, որ բարձրացել է գետի պես, և ջրեր կուտակած գետերի պես հորձանք է տալիս։

8Եգիպտոսի ջրերը գետի պես հորդել են, գետի պես ալեկոծված են նրա ջրերը, և ասում է. “Ես կելնեմ ու կծածկեմ երկիրը, կկործանեմ քաղաքներն ու նրանց բնակիչներին։

9Երիվարնե՛ր հեծեք, կառքե՛ր լծեք, ելե՛ք, ո՛վ եթովպացի մարտիկներ և զինավառ լիբիացիներ, վե՛ր կացեք, աղեղներդ լարե՛ք, ո՛վ լյուդացիներ”»։

10Այս օրն ահա Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրության օրն է՝ իր թշնամիներից վրեժ առնելու համար։ Սուրը պիտի ուտի և հագենա, պիտի հարբի նրանց արյունից, որովհետև Զորությունների Տիրոջ զոհը հյուսիսի երկրից պիտի լինի, Եփրատ գետի ափին։

11Գնա՛ Գաղաադ և բուսայուղ դե՛ղ հավաքիր եգիպտացիների կույս դստեր համար. իզուր ես դեղաբույսեր հավաքում. ոչ մի տեղից քեզ օգուտ չկա։

12Ազգերը լսեցին քո գույժը, և երկիրը լցվեց քո աղաղակով. պատերազմողը պատերազմողի հետ բախվեց ու թուլացավ, և երկուսն էլ միասին ընկան»։

13Ահա այն խոսքը, որ Տերը հայտնեց Երեմիա մարգարեի միջոցով, երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան եկավ՝ հարված հասցնելու եգիպտացիների երկրին.

14Գուժե՛ք Եգիպտոսում, ձա՛յն արձակեք Մագդողում, իմա՛ց տվե՛ք Մեմփիսին, ազդարարե՛ք Տափնասին. «Արի՛, պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը կերավ քո ճյուղերը,

15քո ընտիր ցուլը փախուստ տվեց, չմնաց, քանի որ Տերը լքեց նրան»։

16Եվ բազմությունը տկարացավ ու ընկավ. ամեն մեկն իր ընկերոջն ասաց. “Եկե՛ք հեթանոսի սրից յուրաքանչյուրս դառնանք դեպի մեր ժողովուրդը, ամեն մեկը գնա իր երկիրը։

17Եգիպտացիների փարավոն արքայի անունը դրե՛ք Սաովն-Եբիր-Մովեդ։

18«Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- Զորությունների թագավոր է նրա անունը։ Ինչպես գահավանդակն է լեռների մեջ, կամ ինչպես Կարմելոսը՝ ծովում, նա պետք է գա։

19Գերության պատրաստությո՛ւն տես, ո՛վ դուստր, բնակի՛չ Եգիպտոսի, քանզի Մեմփիսն ավերակ պիտի դառնա, և վայ պիտի տան նրան՝ այնտեղ բնակիչներ չլինելու պատճառով։

20Եգիպտոսը զարդարված ու գեղեցիկ երինջ է. նրա կործանումը հյուսիսից եկավ։

21Նրա վարձկանները նրա մեջ նման են պարարտ եզների, ու նրանք էլ առհասարակ փախուստի պիտի դիմեն և չպիտի հանդարտվեն, որովհետև նրանց վրա եկավ կործանման օրը, և հասավ վրեժխնդրության ժամանակը։

22Նրանց ձայնը լինելու է օձի շչյունի նման, քանի որ նրանք ավազի միջով են գնալու։ Տապարակիրները նրա վրա են գալու անտառահատների պես։

23Կտրե՛ք նրա Անտառները,- ասում է Տերը,- քանզի նրանց հաշիվը ոչ ոք չի կարող անել. նրանք մորեխից ավելի են բազմացել, նրանց թիվ չկա։

24Ամոթով մնաց Եգիպտոսի դուստրը, նա մատնվեց հյուսիսի զորքերի ձեռքը»։

25Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածն ասում է. «Ահա ես վրեժխնդիր եմ լինելու նրա որդի Ամովնից, փարավոնից ու եգիպտացիներից, նրանց աստվածներից ու նրա թագավորներից, փարավոնից ու նրան ապավինողներից.

26նրանց մատնելու եմ նրանց հոգիները պահանջողների ձեռքը, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը ու նրա պաշտոնյաների ձեռքը, և այնուհետև այն պիտի բնակեցվի առաջվա նման,- ասում է Տերը։

27Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ, դու մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, քանզի ես ահա փրկելու եմ քեզ հեռաստանից, իսկ քո սերունդը՝ նրանց գերությունից։ Պիտի վերադառնա Հակոբը, դադար պիտի առնի ու ննջի, և չի լինելու որևէ մեկը, որ լլկի նրան։

28Դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- որովհետև ես քեզ հետ եմ. եթե ես բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ, քե՛զ, սակայն, չեմ բնաջնջելու։ Քեզ արդարությամբ պիտի խրատեմ, թեև լրիվ չպիտի արդարացնեմ»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Jeremiah 46.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.