1Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում Տերը խոսեց ինձ հետ՝ ասելով.
2«Քեզ համար մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր այն բոլոր բաները, ինչ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի և բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խոսեցի քեզ հետ՝ Հուդայի արքա Հովսիայի օրերից մինչև այժմ.
3թերևս Հուդայի տունն իմանա այն բոլոր չարիքների մասին, որ մտածել եմ կատարել նրա նկատմամբ, որպեսզի յուրաքանչյուրը հետ դառնա իր չար ճանապարհից, և ես քավիչ լինեմ նրա անօրենություններին ու նրա մեղքերին»։
4Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, և Բարուքը Երեմիայի բերանից մատյանում գրի առավ այն բոլոր բաները, որ Տերը հրամայել էր նրան։
5Երեմիան Բարուքին պատվիրեց ու ասաց. «Ես կալանքի մեջ եմ և չեմ կարող մտնել Տիրոջ տունը.
6դու կգնաս և այն, ինչ գրի առար իմ բերանից՝ Տիրոջ խոսքերը, պահեցողության օրը Տիրոջ տանն այդ մատյանից կընթերցես ի լուր ժողովրդի, կընթերցես նաև ի լուր Հուդայի բոլոր մարդկանց, որոնք եկած կլինեն իրենց քաղաքներից։
7Թերևս Տիրոջ առաջ նրանց սիրտը գութ ընկնի, և ամենքն իրենց չար ճանապարհներից հետ դառնան, քանզի սաստիկ են զայրույթն ու բարկությունը, որ Տերը խոսեց այդ ժողովրդի մասին»։
8Ներիայի որդի Բարուքն ամեն ինչ կատարեց այնպես, ինչպես նրան պատվիրել էր Երեմիա մարգարեն՝ Տիրոջ տան մեջ մատյանից ընթերցել Տիրոջ պատգամները։
9Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի հինգերորդ տարում՝ իններորդ ամսին, Երուսաղեմի ամբողջ բնակչությունը, Հուդայի քաղաքներից Երուսաղեմ եկած համայն ժողովուրդը և Հուդայի տունը հավաքվեցին Տիրոջ առաջ՝ պահեցողության համար։
10Իսկ Բարուքը Տիրոջ տանը՝ Սափանիա ատենադպրի որդի Գամարիայի գավթում, Տիրոջ տան Նոր դարպասի մուտքի մոտ, ի լուր ամբողջ ժողովրդի՝ մատյանից կարդաց Երեմիայի խոսքերը։
11Երբ Սափանիայի որդի Գամարիայի որդի Միքիան այդ մատյանից լսեց Տիրոջ բոլոր պատգամները,
12իջավ թագավորի տունը, ատենադպրի դիվանը, որտեղ նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա ատենադպիրը, Սամեայի որդի Դալիան, Աքոբովրի որդի Եղնաթանը, Սափանիայի որդի Գամարիան, Անանիայի որդի Սեդեկիան և բոլոր իշխանները։
13Միքիան նրանց հաղորդեց իր լսած այն բոլոր խոսքերը, որ մատյանից ընթերցել էր Բարուքը՝ ի լուր ամբողջ ժողովրդի։
14Այն ժամանակ բոլոր իշխանները Քուսիի որդի Սելեմիայի որդի Նաթանի որդի Հուդիին ուղարկեցին Բարուքի մոտ և հայտնեցին. «Այն մատյանը, որ ընթերցում էիր ի լուր ժողովրդի, ձե՛ռքդ առ և ե՛կ այստեղ»։ Ներիայի որդի Բարուքը մատյանն իր ձեռքն առավ ու գնաց նրանց մոտ։
15Նրան ասացին. «Դե, նորի՛ց կարդա, որ մենք էլ լսենք»։ Եվ Բարուքը կարդաց, որ լսեն։
16Իսկ երբ նրանք բոլոր պատգամները լսեցին, միմյանց հետ խորհուրդ արեցին ու ասացին Բարուքին. «Մենք այդ բոլոր բաներն անպայման կպատմենք արքային»։
17Բարուքին հարց տվեցին՝ ասելով. «Դե մեզ պատմի՛ր՝ որտեղի՞ց գրեցիր այդ բոլոր խոսքերը, ո՞ւմ բերանից»։
18Բարուքը նրանց պատասխանեց. «Երեմիայի բերանից. նա է ինձ պատմել այդ բոլոր բաները, իսկ ես թանաքով գրել եմ այս մատյանի մեջ»։
19Իշխանները Բարուքին ասացին. «Գնա թաքնվի՛ր Երեմիայի հետ. թող ոչ ոք չիմանա, թե որտե՛ղ եք գտնվում»։
20Մատյանը պահ տալով Եղիսամա ատենադպրի տանը՝ նրանք գնացին սրահ՝ արքայի մոտ, և ամեն բան պատմեցին արքային։
21Իսկ արքան մատյանը բերելու ուղարկեց Հուդիին, որն այն բերեց Եղիսամա ատենադպրի տնից։ Հուդին, ի լուր թագավորի և ի լուր թագավորի շուրջը գտնվող բոլոր իշխանների, ընթերցեց մատյանը։
22Իններորդ ամիսն էր, և թագավորը նստած էր ձմեռային պալատում, իսկ նրա դիմաց գտնվում էր վառվող կրակարանը։
23Երբ Հուդին ընթերցում էր երեք կամ չորս էջ, թագավորը ատենադպրի զմելիով կտրում էր այն ու նետում կրակարանի կրակի մեջ, մինչև որ ամբողջ մատյանը կրակարանի բոցի մեջ ոչնչացավ։
24Թագավորն ու նրա բոլոր պաշտոնյաները, որ լսեցին այդ բոլոր խոսքերը, չաղաչեցին Տիրոջը և չպատառոտեցին իրենց պատմուճանները։
25Եղնաթանը, Դալիան և Գամարիան արքային թեպետ հուշեցին չայրել մատյանը, բայց նա նրանց չլսեց։
26Արքան հրաման տվեց արքայորդի Հերեմիելին, Եսրիելի որդի Սարեային և Աբդիելի որդի Սեմեղիային, որ բռնեն Բարուք ատենադպրին և Երեմիա մարգարեին, սակայն սրանք հեռացան ու թաքնվեցին։
27Այն բանից հետո, երբ թագավորն այրեց մատյանը, որտեղ Բարուքը Երեմիայի բերանից գրի էր առել նրա բոլոր խոսքերը, Տերը խոսեց Երեմիայի հետ՝ ասելով.
28«Դու նորից այլ մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր նախորդ բոլոր խոսքերը, որոնք տեղ էին գտել առաջին մատյանում, որ այրեց Հուդայի Հովակիմ արքան։
29Իսկ Հուդայի Հովակիմ արքային էլ կասես, թե այսպես է ասում Տերը. “Դու վառեցիր այն մատյանը և ասացիր՝ “Ինչո՞ւ նրա մեջ գրեցիր ու հայտնեցիր, թե բաբելացիների արքան պիտի ներխուժի ու ջնջի այս երկիրը, պիտի զրկի այն մարդ ու անասունից”»։
30Դրա համար էլ Տերն այսպես է ասում Հուդայի Հովակիմ արքայի մասին. «Նրա սերնդից մարդ չի մնալու, որ նստի Դավթի աթոռին, և նրանց դիակները ցերեկն ընկած պիտի մնան տոթի, իսկ գիշերը՝ ցրտի մեջ։
31Իր անօրենությունների համար այցելելու եմ նրան, նրա ցեղին ու նրա ծառաներին, նրանց վրա, Երուսաղեմի բնակչության վրա և Հուդայի երկրի վրա բերելու եմ այն բոլոր չարիքները, որոնց մասին հայտնեցի նրանց, բայց նրանք չլսեցին»։
32Երեմիան այլ մատյան վերցրեց ու հանձնեց Ներիայի որդուն՝ Բարուք ատենադպրին, որը նրա մեջ Երեմիայի բերանից գրի առավ այն մատյանի բոլոր խոսքերը, որ կրակի մեջ այրել էր Հուդայի արքա Հովակիմը։ Այդ մատյանի մեջ ուրիշ խոսքեր ևս ավելացան, առավել, քան նախորդ խոսքերը։