Jeremiah 35NEA

1Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի օրերին Տերն իր խոսքն ուղղեց Երեմիային՝ ասելով.

2«Գնա՛ Ռաքաբիմների տունը, կանչի՛ր նրանց, բե՛ր Տիրոջ տան սրահներից մեկը և գինի՛ խմեցրու նրանց»։

3Ես Քաբասինիայի որդի Երեմի որդի Հեքոնիային, նրա եղբայրներին ու նրա բոլոր որդիներին՝ Ռաքաբիմի ամբողջ գերդաստանը,

4բերեցի Տիրոջ տունը, Աստծու մարդ Գոդողիայի որդի Անանի որդու սրահը, որը գտնվում էր իշխանների տան մոտ, ձիերի դռան պահապան Սելովմի որդի Մաասի տան վերևում։

5Ռաքաբիմի որդիների առաջ դրեցի մի աման լիքը գինի ու բաժակներ և ասացի նրանց. «Խմե՛ք այդ գինին»։

6Նրանք ասացին. «Գինի չենք խմում, որովհետև մեր հայր Հոնադաբը՝ Ռեքաբի որդին, մեզ պատվիրել է ու ասել. “Դուք և ձեր որդիները հավիտյանս գինի մի՛ խմեք,

7նաև տներ մի՛ շինեք, սերմ մի՛ ցանեք և այգիներ մի՛ տնկեք, այլ ձեր բոլոր օրերում բնակվե՛ք վրանների մեջ, որպեսզի այդ երկրում, որտեղ դուք պանդուխտ եք, շատ օրեր ապրեք”։

8Եվ մենք ամեն բանում, ինչ պատվիրել էր մեզ, ականջ դրեցինք մեր հայր Հոնադաբի՝ Ռեքաբի որդու ձայնին,- թե՛ մենք և թե՛ մեր կանայք, թե՛ մեր տղաներն ու աղջիկները,- որ մեր բոլոր օրերում գինի չխմենք,

9տներ չշինենք և չբնակվենք նրանց մեջ. մենք չունեցանք այգիներ, հանդեր ու ցանքեր.

10բնակվեցինք վրանների տակ և լսեցինք ու կատարեցինք այն ամենը, ինչ պատվիրել էր մեզ մեր հայր Հոնադաբը»։

11Բայց երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան մտավ այս երկիրը, ասացինք. «Քաղդեացիների զորքի պատճառով, ասորեստանցիների զորքի պատճառով վեր կենանք գնանք Երուսաղեմ և այնտեղ ապրենք»։

12Եվ Տերը խոսքն ինձ ուղղեց՝ ասելով.

13«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. գնա՛ և հայտնի՛ր Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին. “Խրատ չե՞ք առնում՝ իմ խոսքերին հետևելու համար”,- ասում է Տերը։

14Ռեքաբի որդի Հոնադաբի որդիները հավատարիմ մնացին այն պատվիրանին, որ նա տվել էր իր որդիներին՝ գինի չխմել։ Եվ նրանք չխմեցին մինչև օրս, որովհետև հնազանդվեցին իրենց հոր պատվիրանին։ Իսկ ես սկզբից ևեթ խոսեցի ձեզ հետ, բայց դուք չլսեցիք ինձ։

15Ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, կանխավ ուղարկեցի, որ ամենքդ հետ դառնաք ձեր չար ճանապարհից, ավելի բարի գործեր կատարեք, չհետևեք օտար աստվածներին ու չծառայեք նրանց, որպեսզի բնակվեք այդ երկրում, որ տվեցի ձեզ ու ձեր հայրերին։ Բայց դուք չխոնարհեցրիք ձեր ականջները և չլսեցիք ինձ։

16Ռեքաբի որդի Հոնադաբի որդիները պահեցին իրենց հոր տված պատվիրանը, իսկ այդ ժողովուրդը չլսեց ինձ»։

17Դրա համար էլ այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահավասիկ ես Հուդայի և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա պիտի բերեմ այն բոլոր չարիքները, որոնց մասին խոսել էի, որովհետև ասացի նրանց, բայց չլսեցին, կանչեցի նրանց, բայց ինձ պատասխան չտվին»։

18Իսկ Ռեքաբի տան մարդկանց այսպես ասաց Երեմիան. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քանի որ Ռեքաբի որդի Հոնադաբի որդիները հետևեցին իրենց հոր պատվիրանին, հավատարիմ մնացին նրա բոլոր հրամաններին՝ կատարելով այն ամենը, ինչ որ նրանց պատվիրել էր իրենց հայրը,

19դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. այս աշխարհի ողջ գոյության ընթացքում թող Ռեքաբի որդի Հոնադաբի որդիներից այր մարդ չպակասի իմ առաջ կանգնելու համար”»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Jeremiah 35.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.