1Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառան, սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜ւյն։
2Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք.
3իմացե՛ք, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում,
4իսկ համբերությունը թող լիառատ արդյունք տա, որպեսզի անթերի և կատարյալ լինեք ու ոչ մի բանով պակաս չլինեք։
5Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։
6Միայն թե նա հավատո՛վ թող խնդրի և ոչ երկմտելով, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տարուբերվող ալիքներին։
7Այդպիսի մեկը թող չակնկալի Աստծուց որևէ բան ստանալ,
8քանի որ երկմիտ մարդն անհաստատ է իր բոլոր քայլերում։
9Աղքատ եղբայրը թող պարծենա բարձրանալիս,
10իսկ հարուստը՝ իր խոնարհության մեջ, քանի որ խոտածաղկի պես պիտի անցնի։
11Քանզի խորշակով հանդերձ ծագեց արևը և չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկավ, ու նրա վայելուչ տեսքը կորավ. այդպես էլ հարուստը պիտի թառամի՝ իր հարստությամբ հանդերձ։
12Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։
13Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի, թե՝ Աստծուց եմ փորձվում, քանզի Աստված չարից չի փորձվում. ինքն էլ չի փորձում ոչ ոքի։
14Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից։
15Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, մեղքն էլ՝ հասունանալով՝ մահ։
16Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբվեք,
17քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում, ոչ էլ փոփոխման ստվեր։
18Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք իր ստեղծածների ընտիր պտուղը։
19Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագաշարժ լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.
20որովհետև մարդու բարկությունն Աստծու արդարությունը չի կատարում։
21Ուստի դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ՝ հեզությա՛մբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները։
22Խոսքը կատարողնե՛ր եղեք և միայն լսելով մի՛ բավարարվեք՝ մոլորեցնելով ինքներդ ձեզ։
23Քանի որ խոսքը լսողն ու չկատարողը նման է մի մարդու, որ հայելու մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքը։
24Նայելով՝ տեսնում է իրեն, անցնում գնում է և անմիջապես մոռանում, թե ինչպիսին էր ինքը։
25Իսկ ով աչքերը հառած է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ է հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ կատարում է. նա իր արածի մեջ երանելի կլինի։
26Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ մոլորեցնում է իր սիրտը, այդպիսինի համար զուր է բարեպաշտությունը։
27Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծու և Հոր առաջ այս է՝ այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, իրեն անարատ պահել աշխարհից։