1Եղբայրնե՛ր իմ, աչառությամբ մի՛ ունեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հավատը։
2Եթե ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենա ոսկի մատանի և շքեղ զգեստներ, և այնտեղ մտնի նաև մի աղքատ՝ կեղտոտ շորերով,
3և դուք ավելի ուշադրություն դարձնեք շքեղ զգեստներ ունեցողին և ասեք՝ «Դու նստի՛ր այստեղ, պատվո տեղը», կամ թե՝ «Եկ նստի՛ր իմ պատվանդանի մոտ», իսկ աղքատին, թե՝ «Ոտքի՛ կանգնիր այդտեղ»,
4այդ դեպքում դուք ձեր մեջ աչառություն արած չե՞ք լինի և չար խորհուրդների դատավորներ չե՞ք լինի։
5Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։
6Իսկ դուք անարգում եք աղքատներին։ Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ, ու հենց նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։
7Նրանք չե՞ն, որ հայհոյում են այն բարի անունը, որով կոչված եք դուք։
8Բայց եթե կատարում եք արքայական օրենքը Սուրբ Գրքի համաձայն, թե՝ «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ», լավ եք անում։
9Իսկ եթե աչառություն եք անում, մեղք եք գործում՝ իբրև օրինազանցներ դատապարտվելով օրենքից։
10Նա, ով պահում է ամբողջ օրենքը և միայն մեկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրենքին.
11որովհետև նա, ով ասաց, թե՝ «Մի՛ սպանիր», նաև ասաց, թե՝ «Եվ մի՛ շնացիր», քանզի, եթե չսպանես, բայց շնանաս, հանցավոր կլինես օրենքի առաջ։
12Այնպե՛ս խոսեք ու գործեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու,
13քանի որ անողորմի հանդեպ անողորմ դատաստան է լինելու, մինչդեռ ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի առաջ։
14Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա։ Մի՞թե հավատը նրան կկարողանա փրկել։
15Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ,
16և ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք և զգե՛ստ հագեք, և դուք նրանց չտաք անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է։
17Նույնպես և հավատը. եթե գործեր չունի, ինքնին մեռած է։
18Բայց մեկը թերևս ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի, և ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»։
19Դու հավատում ես, որ մե՞կ է Աստված. լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և դողում։
20Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ է առանց գործերի։
21Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացավ՝ զոհասեղանի վրա հանելով իր որդուն՝ Իսահակին։
22Տեսնո՞ւմ ես, որ հավատը գործակից եղավ նրա գործերին, և գործերով հավատը կատարյալ դարձավ։
23Եվ կատարվեց գրվածը, որն ասում է. «Աբրահամը հավատաց Աստծուն, և դա նրան արդարություն համարվեց», և նա Աստծուն բարեկամ կոչվեց։
24Տեսնո՞ւմ եք, որ գործերով է արդարանում մարդ և ոչ թե միայն հավատով։
25Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց հետախույզներին և գաղտնի ճանապարհով նրանց ուղարկեց։
26Ինչպես որ մարմինն է մեռած առանց հոգու, այնպես էլ հավատն է մեռած առանց գործերի։