1Եղբայրասիրությունը թող հաստատ մնա ձեր մեջ։
2Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։
3Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։
4Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։
5Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» ։
6Այնպես որ համարձակ լինենք և ասենք. «Տե՛րն է իմ օգնականը, և ես չպիտի երկնչեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» ։
7Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծու խոսքն ասացին։ Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին՝ հետևո՛ղ եղեք նրանց հավատին։
8Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։
9Տեսակ-տեսակ և օտարոտի ուսմունքների մեջ մի՛ տատանվեք, քանզի լավ է շնորհով ամրացնել սիրտը և ոչ թե կերակուրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպես ընթացան։
10Մենք ունենք մի սեղան, որից ճաշակելու իրավունք չունեն նրանք, ովքեր խորանին են ծառայում։
11Քանի որ այն անասունները, որոնց արյունը քահանայապետի ձեռքով սրբարան էր բերվում մեղքերի քավության համար, այդ անասունների մարմինները այրվում էին բանակատեղիից դուրս։
12Դրա համար էլ Հիսուսը, որպեսզի իր արյամբ մաքրի ժողովրդին, չարչարվեց դռնից դուրս։
13Արդ, եկե՛ք բանակատեղիից դուրս ելնենք նրան ընդառաջ՝ հանձն առնելով կրել նրա կրած նախատինքները.
14քանզի չունենք մի մնայուն քաղաք այստեղ՝ երկրի վրա, այլ փնտրում ենք գալիք քաղաքը։
15Արդ, նրա միջոցով Աստծուն միշտ օրհնության պատարագ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող մեր շուրթերի պտուղը։
16Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն։
17Լսե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների վրա, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք ուրախությամբ թող անեն այդ բանը և ոչ հառաչելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։
18Աղոթե՛ք մեզ համար, որովհետև հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամեն ինչում բարի ընթացք ցույց տալ։
19Առավել ևս եմ աղաչում, որ այդ բանն անեք, որպեսզի ավելի շուտ դառնամ ձեզ մոտ։
20Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելներից հարություն առնել տվեց մեր Տեր Հիսուսին, որը հավիտենական ուխտի արյունով ոչխարների մեծ Հովիվն է,
21ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը, և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։
22Եղբայրնե՛ր, խնդրում եմ ձեզ անսալ հորդորի այս խոսքերին, մանավանդ որ համառոտակի գրեցի ձեզ։
23Եվ իմացե՛ք, որ մեր եղբայրը՝ Տիմոթեոսը, բանտից ազատվել է։ Եթե շուտով գա, նրա հետ միասին պիտի տեսնեմ ձեզ։
24Ողջունե՛ք ձեր բոլոր առաջնորդներին և բոլոր սրբերին։ Ձեզ ողջունում են նրանք, որ Իտալիայի կողմերից են։
25Շնո՜րհ ձեզ բոլորիդ։