1Եզեկիա արքան, լսելով այս խոսքերը, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագավ և մտավ Տիրոջ տունը։
2Այնուհետև տնտես Եղիակիմին, գրագիր Սոմնասին և երեց քահանաներին, որոնք քուրձ էին հագել, ուղարկեց Ամովսի որդու՝ Եսայի մարգարեի մոտ,
3որ ասեն նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Այսօր նեղության ու նախատինքի, կշտամբանքի ու բարկության օր է, մի օր, երբ ծննդկանի երկունքի ժամն է հասել, բայց նա չի կարողանում ծննդաբերել։
4Թող Տերը՝ քո Աստվածը, լսի Ռափսակի խոսքերը, որին ուղարկեց իր տերը՝ Ասորեստանի արքան, որպեսզի նա նախատի կենդանի Աստծուն, նախատի այնպիսի խոսքերով, որոնք լսեց Տերը՝ քո Աստվածը։ Արդ, աղերսի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, մնացածներիս համար”»։
5Եզեկիա արքայի պաշտոնյաները ներկայացան Եսայուն։
6Եսային ասաց նրանց. «Այս բանը կհաղորդեք ձեր տիրոջը։ Այսպես է ասում Տերը. “Չվախենաս այն խոսքերից, որ լսեցիր, և որոնցով նախատեցին ինձ Ասորեստանի արքայի պատգամաբերները։
7Ահա ես արքայի մեջ խռովության ոգի կսերմանեմ. լուր առնելով՝ նա կվերադառնա իր աշխարհը և իր երկրում սրի բաժին կդառնա”»։
8Ռափսակը, իմանալով, որ Ասորեստանի արքան հեռացել է Լաքիսից, քանի որ պաշարել է Լեբնան, վերադարձավ ու հասավ Ասորեստանի արքայի մոտ։
9Եթովպացիների Թարակ արքան դուրս եկավ սրան պաշարելու։ Նա հետ եկավ այնտեղից և պատգամաբերներ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ հայտնելով.
10«Այսպե՛ս ասացեք Հուդայի երկրի Եզեկիա արքային. “Թող քեզ չմոլորեցնի Աստված, որին դու ապավինել ես՝ ասելով, թե Երուսաղեմը չի մատնվի Ասորեստանի արքայի ձեռքը։
11Բայց մի՞թե դու չես լսել, թե Ասորեստանի թագավորներն ի՛նչ օրը գցեցին բոլոր երկրներին, ինչպե՛ս կործանեցին նրանց։ Իսկ ի՛նչ է, դու փրկվելո՞ւ ես։
12Մի՞թե աստվածները փրկեցին այն ազգերին, որոնց իմ հայրերը կորստյան մատնեցին՝ Գոզանը, Խառանը, Ռափեթը, որոնք գտնվում են Եմաթի երկրում։
13Ո՞ւր են Եմաթի և Արփաթի թագավորները, ո՞ւր են Սեփարիմ քաղաքի, Անայի և Գավայի թագավորները”»։
14Եզեկիան, պատգամաբերների ձեռքից վերցնելով հրովարտակը, կարդաց, մտավ Տիրոջ տունն ու այն փռեց Տիրոջ առաջ։
15Եզեկիան աղոթքի կանգնեց Տիրոջ առաջ և ասաց.
16«Զորությունների՛ Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, որ բազմում ես քերովբեների վրա, դու ես աշխարհի բոլոր թագավորությունների միա՛կ Աստվածը, դո՛ւ արարեցիր երկինքն ու երկիրը։
17Խոնարհի՛ր քո ականջը, ո՛վ Տեր, և լսի՛ր. Տե՛ր, բա՛ց քո աչքերը և նայի՛ր, ո՛վ Տեր. լսի՛ր, Տե՛ր, և իմացի՛ր այն պատգամները, որ ուղարկեց Ասորեստանի Սենեքերիմ արքան՝ նախատելու կենդանի Աստծուն։
18Արդարև, Ասորեստանի թագավորներն ավերեցին համայն աշխարհը՝ իր երկրներով,
19հրո ճարակ դարձրին նրանց կուռքերը և կործանեցին, քանի որ նրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքով կերտված փայտե ու քարե կուռքեր։
20Բայց արդ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, ազատի՛ր մեզ նրանց ձեռքից, որպեսզի աշխարհի բոլոր թագավորություններն իմանան, որ դու ես միակ Աստվածը»։
21Ապա Ամոզի որդի Եսային ուղարկվեց Եզեկիայի մոտ ու ասաց նրան. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Լսեցի այն աղոթքները, որոնցով պաղատեցիր ինձ ընդդեմ Ասորեստանի Սենեքերիմ արքայի”»։
22Ահա այս է այն պատգամը, որ հայտնեց Աստված նրա մասին. «Ծաղրեց ու արհամարհեց քեզ Սիոնի կույս դուստրը, քո հետևից գլուխ շարժեց Երուսաղեմի դուստրը։
23Ո՞ւմ նախատեցիր և գրգռեցիր, ո՞ւմ վրա բարձրացրիր ձայնդ, հայացքդ ինչո՞ւ չես հառում բարձունքին՝ դեպի Իսրայելի Սուրբը։
24Ինչո՞ւ պատգամաբերների միջոցով նախատինք հասցրիր Տիրոջը։ Դու ասում էիր՝ “Իմ կառքերի բազմությամբ լեռների բարձունքը, Լիբանանի ծայրերը ելա, կոտորեցի նրա բարձր մայրիները, նրա գեղեցիկ նոճիները և մտա նրա անտառի ամենաբարձր կողմերը,
25կամուրջ գցեցի և ցամաքեցրի ջրերն ու բոլոր ջրավազանները”։
26Մի՞թե դու չես լսել, որ ավելի առաջ՝ հին ժամանակ, ինչ եմ արել ես. կանխատեսել եմ և այժմ էլ հայտնում եմ, որ կործանելու եմ հեթանոսներին իրենց ամրոցների մեջ,
27նաև բոլոր բերդաքաղաքների բնակիչներին։ Ձեռքից բաց թողեցի, և նրանք չորացան, դարձան տանիքի վրա խանձված խոտի պես, չորացած սեզի պես։
28Արդ, ես գիտեմ քո հանգստության վայրը, գիտեմ, թե որ ճամփով ես գնում ու գալիս։
29Քո զայրույթն ու բարկությունը, քո մաղձոտությունն ինձ համար ակներև են, դրա համար էլ դնչկալ պիտի հագցնեմ քո մռութին ու սանձ՝ քո կզակին և հետ պիտի վերադարձնեմ քեզ նույն ճանապարհով, որով եկար։
30Իսկ քեզ համար, Եզեկիա՛, թող սա նշան լինի. այս տարի պիտի ուտես սերմանվածը, մյուս տարին պիտի ուտես մնացորդները, իսկ երրորդ տարին պիտի ցանեք ու հնձեք, այգիներ տնկեք և ուտեք նրանց պտուղը։
31Հուդայի երկրում մնացածներն արմատներ պիտի արձակեն դեպի ներքև և պտուղ պիտի տան վերևում,
32որովհետև Երուսաղեմից պիտի ելնեն մնացորդները, և փրկվածները՝ Սիոն լեռից. Զորությունների Տիրոջ նախանձախանդրությամբ է այդպես լինելու»։
33Դրա համար էլ Տերն այսպես է ասում Ասորեստանի թագավորի մասին. «Նա չպիտի մտնի այդ քաղաքը, նետեր չպիտի արձակի դրա վրա, դա չպիտի փակի վահաններով և ոչ էլ պատնեշներով պիտի շրջապատի դա,
34այլ պիտի վերադառնա այն նույն ճանապարհով, որով եկել է, և չպիտի մտնի այդ քաղաքը»։ Այսպես է ասում Տերը.
35«Պիտի պահպանեմ այդ քաղաքը, որպեսզի փրկեմ դա՝ ինձ և իմ ծառա Դավթի համար»։
36Ապա Տիրոջ հրեշտակը ելավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազարին սպանեց։ Առավոտյան վեր կացան և գտան բոլորի անշունչ դիակները։
37Եվ Ասորեստանի Սենեքերիմ արքան վերադարձավ, գնաց ու բնակվեց Նինվեում։
38Եվ մինչ նա իր Նասրաք աստծու տաճարի մեջ երկրպագում էր իր կուռքին, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախստական գնացին Հայք [𝕸 Արարատի երկիր ]։ Իսկ նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Ասորդանը։