Genesis 7
1 Տերը՝ Աստված, ասաց Նոյին. «Դու և քո ողջ ընտանիքը մտե՛ք տապան, որովհետև իմ առջև միայն դու ես արդար այս սերնդի մեջ։
2 Քեզ հետ վերցրո՛ւ բոլոր մաքուր կենդանիներից յոթական զույգ՝ արու և էգ, իսկ անմաքուր կենդանիներից՝ երկուական՝ արու և էգ,
3 նաև երկնքի մաքուր թռչուններից՝ յոթական արու և յոթական էգ, իսկ անմաքուր թռչուններից՝ մեկական արու և մեկական էգ, որպեսզի նրանց տեսակները պահպանվեն ողջ երկրի վրա։
4 Յոթ օր հետո ես քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև պիտի թափեմ երկրի վրա և երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամեն մի էակ»։
5 Նոյն արեց այն ամենը, ինչ պատվիրեց Տերը՝ Աստված։
6 Նոյը վեց հարյուր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղավ երկրի վրա։
7 Նոյը, նրա որդիները, նրա կինը և նրա որդիների կանայք ջրհեղեղի պատճառով մտան տապան։
8 Մաքուր թռչուններից և անմաքուր թռչուններից, մաքուր կենդանիներից և անմաքուր կենդանիներից, երկրի վրա սողացող բոլոր սողուններից
9 զույգ-զույգ՝ արու և էգ, Նոյի մոտ տապան մտան, ինչպես պատվիրել էր նրան Տերը՝ Աստված։
10 Յոթ օր հետո ջրհեղեղի ջրերն սկսեցին թափվել երկրի վրա։
11 Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարում՝ երկրորդ ամսի քսանյոթին, ժայթքեցին մեծ անդունդի բոլոր աղբյուրները, և բացվեցին երկնքի սահանքները։
12 Երկրի վրա քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև տեղաց։
13 Այդ օրը Նոյի հետ տապան մտան Սեմը, Քամը, Հաբեթը՝ Նոյի որդիները, Նոյի կինը և նրա որդիների երեք կանայք։
14 Նրանց հետ միասին տապան մտան նաև ամեն տեսակի գազան, ամեն տեսակի անասուն, երկրի վրա սողացող ամեն տեսակի սողուն և ամեն տեսակի թռչուն.
15 կենդանի շունչ ունեցող բոլոր էակներից զույգ-զույգ մտան Նոյի մոտ։
16 Ինչպես Աստված պատվիրել էր Նոյին, բոլոր էակներից՝ արու և էգ, մտան տապան, և Տերը՝ Աստված, դրսից փակեց այն։
17 Երկրի վրա քառասուն օր ու քառասուն գիշեր ջրհեղեղ եղավ։ Ջուրը շատացավ ու բարձրացրեց տապանը՝ կտրելով գետնից։
18 Ջուրն ավելի էր բարձրանում ու տարածվում երկրի վրա, իսկ տապանը լողում էր ջրերի վրա։
19 Ջուրը չափազանց շատացավ և ծածկեց երկնքի տակ գտնվող բոլոր բարձր լեռները։
20 Ջուրը լեռներից տասնհինգ կանգուն վեր բարձրացավ և ծածկեց դրանք։
21 Ամեն մի էակ, որ շարժվում էր երկրի վրա, մեռավ. թռչունները, անասուններն ու գազանները, երկրի վրա սողացող բոլոր սողուններն ու բոլոր մարդիկ։
22 Իր ռունգերի մեջ կենդանի շունչ ունեցող ամեն մի էակ, ցամաքի վրա եղած ամեն մի բան ոչնչացավ։
23 Աստված բնաջնջեց երկրի երեսին գտնվող ամեն մի էակ՝ մարդուց մինչև կենդանի, սողուններից մինչև երկնքի թռչունները։ Նրանք վերացան երկրի երեսից։ Ողջ մնաց միայն Նոյը, և նրանք, որ նրա հետ տապանում էին։
24 Ջուրը երկրի վրա այդպես բարձր մնաց հարյուր հիսուն օր։