Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 6

:
Armenian - NEA
1 Երբ մարդիկ սկսեցին բազմանալ երկրի վրա, և նրանց դուստրեր ծնվեցին,
2 Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։
3 Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Իմ հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են, և այդ պատճառով նրանք թող ապրեն մինչև հարյուր քսան տարի»։
4 Այդ օրերին երկրի վրա հսկաներ էին ապրում։ Ամեն անգամ, երբ Աստծու որդիները մերձենում էին մարդկանց դուստրերին, որդիներ էին ծնում նրանց համար։ Դրանք հսկաներ էին, հին աշխարհի անվանի մարդիկ։
5 Երբ Տերը՝ Աստված, տեսավ, որ մարդկանց չար գործերը բազմացան երկրի վրա, և ամեն ոք ամեն օր մտքում չարություն էր խորհում,
6 զղջաց, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և մտահոգվեց։
7 Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Վերացնելու եմ ամեն մի մարմին, որին ստեղծեցի, երկրի երեսից ջնջելու եմ ամեն ինչ՝ մարդուց մինչև անասունները, սողուններից մինչև երկնքի թռչունները, որովհետև զղջացի, որ ստեղծեցի նրանց»։
8 Բայց Նոյն արժանացել էր Տիրոջ՝ Աստծու շնորհին։
9 ՍԱ Է ՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Նոյն արդար և կատարյալ մարդ էր իր ցեղի մեջ և ապրում էր աստվածահաճո կյանքով։
10 Նա երեք որդի ունեցավ՝ Սեմին, Քամին և Հաբեթին։
11 Երկիրն ապականվեց Աստծու առաջ և լցվեց անիրավությամբ։
12 Տերը՝ Աստված, տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև բոլորը երկրի վրա ապրում էին անօրեն կյանքով։
13 Եվ Տերը՝ Աստված, ասաց Նոյին. «Մարդկանց ժամանակը վերջացել է, քանի որ երկիրը լցվել է նրանց անօրենություններով։ Ես պիտի ոչնչացնեմ նրանց, ինչպես նաև երկիրը։
14 Արդ, դու քեզ համար փայտյա քառակուսի տապա՛ն շինիր, այն բաժանի՛ր խորշերի և ներսից ու դրսից ծեփի՛ր կուպրով։
15 Տապանը կշինես այսպես. նրա երկարությունը թող երեք հարյուր կանգուն լինի, լայնությունը՝ հիսուն կանգուն, իսկ բարձրությունը՝ երեսուն կանգուն։
16 Տապանը դեպի վեր նեղացնելով կշինես, այնպես որ նրա ծածկի լայնությունը մի կանգուն լինի։ Տապանի դուռը կողքից կանես. տապանը ներքնահարկ, միջնահարկ ու վերնահարկ թող ունենա։
17 Ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու երկնքի տակ գտնվող ամեն մի մարմին, որի մեջ կենդանի շունչ կա, և այն ամենը, ինչ կա երկրի վրա, պիտի ոչնչանա։
18 Ես իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնես դու, քեզ հետ՝ նաև քո որդիները, քո կինը և քո որդիների կանայք։
19 Բոլոր անասուններից, բոլոր գազաններից ու ընդհանրապես մարմնավոր բոլոր էակներից զույգ-զույգ կմտցնես տապան, որպեսզի քեզ հետ ողջ մնան։ Դրանք թող արու և էգ լինեն։
20 Թող մտնեն քեզ մոտ, որպեսզի քեզ հետ ողջ մնան զույգ-զույգ՝ բոլոր տեսակի թռչուններից, բոլոր տեսակի կենդանիներից և երկրի բոլոր տեսակի սողուններից՝ արու և էգ։
21 Քեզ հետ կվերցնես նաև այն բոլոր ուտելիքներից, որ ուտում եք, կկուտակես դրանք, որ քեզ ու նրանց համար կերակուր լինեն»։
22 Նոյն արեց այս ամենը։ Ինչ որ պատվիրեց նրան Տերը՝ Աստված, այդ ամենը նույնությամբ կատարեց։