Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 43

:
Armenian - NEA
1 Սովն ավելի ու ավելի էր սաստկանում երկրում։
2 Երբ եգիպտացիների երկրից բերած ցորենը կերան-սպառեցին, հայրն ասաց նրանց. «Դարձյալ գնացե՛ք և մի քիչ պարե՛ն գնեք»։
3 Հուդան նրան պատասխանեց՝ ասելով. «Այն մարդը մեզ հստակ զգուշացրեց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”։
4 Արդ, եթե մեր եղբորը մեզ հետ արձակես, կիջնենք և պարեն կգնենք,
5 իսկ եթե մեր եղբորը մեզ հետ չարձակես, չենք գնա, որովհետև այն մարդը մեզ ասաց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”»։
6 Եվ Իսրայելն ասաց. «Ինչո՞ւ ինձ այդ չարիքն արեցիք՝ հայտնելով մարդուն, թե ուրիշ եղբայր ունեք»։
7 Իսկ նրանք ասացին. «Այն մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ընտանիքի մասին, թե՝ “Տակավին կենդանի՞ է ձեր հայրը”, և թե՝ “Այլ եղբայր ունե՞ք”։ Եվ մենք պատմեցինք նրան՝ ըստ այդ հարցերի։ Մի՞թե գիտեինք, թե մեզ կասի. “Բերե՛ք ձեր եղբորը”»։
8 Ապա Հուդան իր հորը՝ Իսրայելին, ասաց. «Թո՛ւյլ տուր, որ պատանին գա ինձ հետ, վեր կենանք գնանք, որպեսզի և՛ մենք, և՛ դու, և՛ մեր երեխաներն ապրենք ու սովամահ չլինենք։
9 Ես նրա համար երաշխավորում եմ. ինձնի՛ց կպահանջես նրան։ Եթե նրան հետ չբերեմ ու քո առաջ չկանգնեցնեմ, թող մեղավոր լինեմ իմ ամբողջ կյանքում։
10 Եվ եթե չդանդաղեինք, ապա երկու անգամ գնացած-եկած կլինեինք»։
11 Իրենց հայրը՝ Իսրայելը, ասաց նրանց. «Եթե այդպես է, արե՛ք այդ։ Ձեր ամանները լցրե՛ք մեր երկրի պտուղներով և այդ մարդուն նվերնե՛ր տարեք՝ կնդրուկ, մեղր, խունկ, զմուռս, բևեկն և ընկույզ։
12 Կրկնակի արծա՛թ վերցրեք ձեզ հետ. այն արծաթը, որ ձեր պարկերի մեջ վերադարձվեց, տարե՛ք ձեզ հետ. գուցե սխալմունք է եղել։
13 Վերցրե՛ք նաև ձեր եղբորն ու վե՛ր կացեք, գնացե՛ք այդ մարդու մոտ։
14 Եվ իմ Աստվածը թող այնպես անի, որ շնորհ գտնեք այդ մարդու մոտ, և նա ձեզ հետ արձակի ձեր մյուս եղբորն ու Բենիամինին։ Իսկ ես եթե անզավակ պիտի մնամ, թող անզավակ մնամ»։
15 Եվ նրանք, առնելով նվերները, կրկնակի արծաթն ու Բենիամինին, վեր կացան, իջան Եգիպտոս և ներկայացան Հովսեփին։
16 Երբ Հովսեփը տեսավ նրանց և իր եղբորը՝ Բենիամինին, իր տան վերակացուին ասաց. «Այս մարդկանց տո՛ւն տար, անասո՛ւն մորթիր և ճա՛շ պատրաստիր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։
17 Վերակացուն արեց այնպես, ինչպես ասել էր Հովսեփը, և նրանց տարավ Հովսեփի տուն։
18 Նրանք, տեսնելով, որ իրենց տարան Հովսեփի տուն, ասացին. «Մեզ ներս տարան այն արծաթի համար, որ վերադարձվեց մեր պարկերում նախորդ անգամ, որպեսզի մեզ ամբաստանեն և մեզ ծառա դարձնեն ու տիրանան մեր էշերին»։
19 Նրանք մոտեցան Հովսեփի տան վերակացուին, խոսեցին նրա հետ տան մուտքին
20 և նրան ասացին. «Աղաչում ենք քեզ, տե՛ր։ Երբ առաջին անգամ եկանք պարեն գնելու
21 և վերադարձին հասանք իջևան, բացելով մեր պարկերը՝ տեսանք, որ յուրաքանչյուրիս արծաթն իր պարկի մեջ է։ Արդ, արծաթը նույն կշռով հետ ենք բերել, ահա այն մեր ձեռքին է։
22 Մեզ հետ այլ արծաթ էլ ենք բերել, որ պարեն գնենք։ Մենք չգիտենք, թե ո՛վ էր արծաթը դրել մեր պարկերի մեջ»։
23 Նա նրանց ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ, մի՛ վախեցեք։ Ձեր և ձեր հայրերի Աստվածն է գանձեր դրել ձեր պարկերի մեջ, մինչդեռ ես ձեր արծաթն ստացել եմ»։ Եվ նա նրանց մոտ բերեց նաև Շմավոնին։
24 Վերակացուն նրանց տարավ ներս՝ Հովսեփի տուն։ Ջուր բերեց, որ նրանք լվանան իրենց ոտքերը, և նրանց գրաստներին կեր տվեց։
25 Կեսօրին՝ մինչ Հովսեփի գալը, նրանք պատրաստեցին նվերները, որովհետև իմացան, որ այնտեղ է ճաշելու։
26 Երբ Հովսեփը մտավ տուն, նրանք իրենց ձեռքերում բռնած ընծաները մատուցեցին նրան և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեցին նրան։
27 Հովսեփը նրանց հարցրեց. «Ինչպե՞ս եք», և ավելացրեց. «Ձեր ծերունի հայրը, որի մասին ասել էիք, թե տակավին կենդանի է, ողջ-առո՞ղջ է»։
28 Նրանք պատասխանեցին. «Մեր հայրը՝ քո ծառան, լավ է, դեռ ապրում է»։ Եվ Հովսեփն ասաց. «Աստծուց օրհնյալ է այդ մարդը»։ Եվ նրանք խոնարհվելով երկրպագեցին նրան։
29 Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և տեսնելով իր համամայր եղբայր Բենիամինին՝ հարցրեց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որին պիտի բերեիք ինձ մոտ»։ Եվ ասաց. «Աստված թող ողորմի քեզ, որդյա՛կ»։
30 Հովսեփը հուզվեց, երբ տեսավ իր եղբորը, աղիքները գալարվեցին, և սիրտը լցվեց։ Մտնելով իր սենյակը՝ լաց եղավ։
31 Ապա երեսը լվանալով՝ դուրս եկավ և զսպելով իրեն՝ ասաց. «Ճա՛շ մատուցեք»։
32 Հովսեփին առանձին մատուցեցին, նրանց՝ առանձին, և եգիպտացիներին՝ առանձին, քանի որ եգիպտացիները եբրայեցիների հետ սեղան չէին նստում, որովհետև զզվում էին նրանցից։
33 Հովսեփի եղբայրները նստեցին նրանց դիմաց ըստ ավագության՝ ավագից կրտսերը։ Եվ բոլորը զարմացած նայում էին միմյանց։
34 Սպասավորները Հովսեփի կողմից բաժիններ մատուցեցին եղբայրներին, իսկ Բենիամինի բաժինը մյուսներից հնգապատիկ ավելին էր։ Եվ նրա հետ խմեցին ու հարբեցին։