Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 42

:
Armenian - NEA
1 Երբ Հակոբը լսեց, որ եգիպտացիների երկրում ցորեն են վաճառում, իր որդիներին ասաց. «Ի՞նչ եք նստել։
2 Լսեցի, որ Եգիպտոսում ցորեն կա։ Իջե՛ք այնտեղ և մեզ համար պարե՛ն գնեք, որ ապրենք և սովամահ չլինենք»։
3 Հովսեփի տասը եղբայրներն իջան Եգիպտոս՝ ցորեն գնելու։
4 Հակոբը Հովսեփի եղբայր Բենիամինին չթողեց, որ իր եղբայրների հետ գնա, քանզի մտածեց. «Գուցե նրան փորձանք պատահի»։
5 Իսրայելի որդիներն այլ ճանապարհորդների հետ եկան ցորեն գնելու, քանի որ քանանացիների երկրում սով էր։
6 Հովսեփը երկրի իշխանն էր, ուստի ինքն էր ցորեն վաճառում ողջ աշխարհին։ Հովսեփի եղբայրները գալով երկրպագեցին՝ խոնարհվելով մինչև գետին։
7 Երբ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց օտար ձևացրեց իրեն, խստորեն խոսեց նրանց հետ և ասաց. «Որտեղի՞ց եք գալիս»։ Նրանք պատասխանեցին. «Քանանացիների երկրից. եկել ենք պարեն գնելու»։
8 Հովսեփը թեև ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք իրեն չճանաչեցին։
9 Հովսեփը հիշեց իր երազները և ասաց նրանց. «Դուք լրտեսներ եք և եկել եք երկրի ելքն ու մուտքն ուսումնասիրելու»։
10 Նրանք ասացին. «Ո՛չ, տե՛ր։ Մենք՝ քո ծառաները, եկել ենք ցորեն գնելու։
11 Մենք ամենքս մի մարդու որդիներ ենք։ Խաղաղասեր մարդիկ ենք, մենք՝ քո ծառաները, լրտես չենք»։
12 Սակայն Հովսեփը կրկնեց. «Ո՛չ, դուք եկել եք երկրի ելքն ու մուտքն ուսումնասիրելու»։
13 Նրանք պատասխանեցին. «Մենք՝ քո ծառաները, տասներկու եղբայրներ ենք, մի մարդու որդիներ՝ քանանացիների երկրից։ Մեր կրտսեր եղբայրն իր հոր մոտ է, իսկ մյուսն այլևս չկա»։
14 Հովսեփը նրանց ասաց. «Հենց դա է, որ ասացի ձեզ, թե լրտեսներ եք։
15 Սրանով հայտնի կլինի, թե ո՛վ եք. փարավոնի արևով եմ երդվում, այստեղից չեք գնա, մինչև ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։
16 Արդ, ձեզնից մեկին ուղարկե՛ք, որ ձեր եղբորը բերի, իսկ դուք կմնաք արգելարանում, մինչև որ պարզվի՝ ճի՞շտ եք ասում, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում, երդվում եմ փարավոնի արևով, որ դուք լրտեսներ եք»։
17 Եվ երեք օր նրանց բանտարկեց։
18 Երրորդ օրը նրանց ասաց. «Ահա թե ինչ պիտի անեք, որպեսզի փրկվեք, որովհետև ես աստվածավախ եմ։
19 Եթե խաղաղասեր մարդիկ եք, ձեր եղբայրներից մեկն այստեղ՝ բանտում կմնա, իսկ մյուսներդ կտանեք ձեր գնած ցորենը
20 և ձեր կրտսեր եղբորն ինձ մոտ կբերեք, որ հավատամ ձեր ասածներին, ապա թե ոչ՝ մահվան կդատապարտվեք»։ Նրանք այդպես էլ արեցին։
21 Եվ մեկը մյուսին ասաց. «Իրապես մենք մեղավոր ենք մեր եղբոր համար, որովհետև անտեսեցինք նրա հոգու տագնապը, երբ նա մեզ աղաչում էր, և նրան չլսեցինք։ Դրա համար էլ մեզ պատահեց այս պատուհասը»։
22 Ռուբենը պատասխանեց ու ասաց նրանց. «Ես չասացի՞ ձեզ. “Մեղք մի՛ գործեք պատանու դեմ”, սակայն դուք ինձ չլսեցիք։ Եվ ահա նրա արյունը վրեժ է խնդրում»։
23 Նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում է իրենց, որովհետև նա թարգմանչով էր խոսում։
24 Առանձնանալով՝ Հովսեփը լաց եղավ, ապա կրկին եկավ նրանց մոտ, խոսեց նրանց հետ և նրանց ներկայությամբ շղթայեց Շմավոնին։
25 Այնուհետև Հովսեփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, յուրաքանչյուրի արծաթը դնեն իր պարկի մեջ և ճանապարհի պաշար տան։ Եվ այդպես էլ եղավ։
26 Նրանք, բարձելով իրենց էշերը, գնացին այնտեղից։
27 Նրանցից մեկը, իջևանում իր գրաստին կեր տալու համար բացելով իր պարկը, տեսավ, որ իր արծաթի քսակը դրված է իր պարկի բերանին։
28 Նա ասաց իր եղբայրներին. «Դրամը վերադարձվել է ինձ, ահա իմ պարկի մեջ է»։ Նրանք զարմացան, իրար անցան ու ասացին. «Աստված այս ի՞նչ արեց մեզ»։
29 Նրանք եկան իրենց հոր՝ Հակոբի մոտ՝ քանանացիների երկիրը, և ամեն ինչ, որ պատահել էր իրենց հետ, պատմեցին նրան և ասացին.
30 «Այն մարդը, որ երկրի տերն էր, մեզ հետ շատ խստորեն խոսեց և մեզ՝ իբրև այդ երկրի լրտեսների, բանտ նետեց։
31 Մենք նրան ասացինք. “Մենք խաղաղասեր մարդիկ ենք, լրտեսներ չենք։
32 Մենք տասներկու եղբայրներ ենք՝ նույն հոր որդիները։ Մեկն այլևս չկա, իսկ կրտսերն այս պահին մեր հոր մոտ է՝ քանանացիների երկրում”։
33 Երկրի տերն այն ժամանակ մեզ ասաց. “Կհավատամ, որ դուք խաղաղասեր մարդիկ եք, եթե ձեր եղբայրներից մեկին այստեղ՝ ինձ մոտ թողնեք, ձեր գնած ցորենը վերցնեք տանեք ձեր տուն
34 և ձեր կրտսեր եղբորը բերեք ինձ մոտ։ Այն ժամանակ ես կիմանամ, որ դուք լրտեսներ չեք, այլ խաղաղասեր մարդիկ եք, և ձեր այս եղբորն էլ կվերադարձնեմ ձեզ, և դուք այս երկրում առևտուր կանեք”»։
35 Եվ մինչ նրանք դատարկում էին իրենց պարկերը, յուրաքանչյուրի արծաթի քսակն իր պարկում գտան։ Եվ երբ իրենց արծաթի քսակները տեսան, թե՛ իրենք և թե՛ իրենց հայրը խիստ վախեցան։
36 Նրանց հայրը՝ Հակոբը, ասաց նրանց. «Ինձ անորդի եք դարձնում։ Հովսեփը չկա, Շմավոնը չկա, հիմա էլ Բենիամինի՞ն եք վերցնելու։ Այս ամենը ի՞նձ պիտի պատահեր»։
37 Ռուբենը, դիմելով հորը, ասաց. «Սպանի՛ր իմ երկու որդիներին, եթե Բենիամինին քեզ չվերադարձնեմ։ Նրան վստահի՛ր ինձ, և ես նրան կվերադարձնեմ քեզ»։
38 Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև սրա եղբայրը մեռավ, և միայն սա է մնացել։ Եթե հանկարծ սրան մի փորձանք պատահի ճանապարհին, որ պիտի գնաք, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կիջեցնեք»։