Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 41

:
Armenian - NEA
1 Երկու տարի անց փարավոնը մի երազ տեսավ։ Նրան թվաց, թե կանգնած է գետի եզերքին,
2 և ահա իբր գետից դուրս էին գալիս յոթ գեղեցիկ ու պարարտ երինջներ և արածում կանաչների մեջ։
3 Դրանցից հետո գետից դուրս էին գալիս յոթ այլ՝ տգեղ ու նիհար երինջներ և մյուս երինջների հետ արածում գետի եզերքին։
4 Տգեղ ու նիհար յոթ երինջներն ուտում էին գեղեցիկ ու պարարտ յոթ երինջներին։ Փարավոնը զարթնեց
5 և նորից քուն մտավ ու երկրորդ երազը տեսավ. ահա մեկ ցողունից յոթ ընտիր ու գեղեցիկ հասկեր ելան։
6 Եվ ահա նրանցից հետո ելան յոթ չորուկ ու խորշակահար այլ հասկեր։
7 Եվ չորուկ ու խորշակահար յոթ հասկերը կուլ տվեցին ընտիր ու լեցուն յոթ հասկերին։ Փարավոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։
8 Լույսը բացվեց. փարավոնը խռովված էր։ Նա կանչել տվեց Եգիպտոսի բոլոր երազահաններին և իր բոլոր իմաստուններին ու պատմեց իր երազը, սակայն ոչ ոք չկարողացավ մեկնել այն։
9 Տակառապետը խոսեց փարավոնի առաջ՝ ասելով. «Այժմ հիշում եմ իմ զանցանքը։
10 Փարավոնը բարկացել էր իր պաշտոնյաների վրա և ինձ ու մատակարարին բանտարկել էր դահճապետի տանը։
11 Մի գիշեր երկուսս էլ՝ ես և նա, երազ տեսանք. յուրաքանչյուրս տարբեր երազ տեսավ։
12 Այնտեղ մեզ հետ էր եբրայեցի մի պատանի՝ դահճապետի ծառան։ Պատմեցինք նրան, և նա մեկնեց մեր երազները, յուրաքանչյուրիս երազն առանձին մեկնեց։
13 Եվ ինչպես մեկնել էր, այնպես էլ եղավ. ես վերականգնվեցի իմ պաշտոնին, իսկ մատակարարին կախեցին ծառից»։
14 Փարավոնը մարդ ուղարկեց ու կանչել տվեց Հովսեփին։ Նրան հանեցին բանտից, ածիլեցին, հագուստը փոխեցին, և ներկայացավ փարավոնին։
15 Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազ տեսա, և ոչ ոք չի կարողանում մեկնել այն։ Ես լսեցի քո մասին։ Ասում են, որ եթե երազները լսես, կարող ես մեկնել դրանք»։
16 Հովսեփը, պատասխան տալով փարավոնին, ասաց. «Առանց Աստծու օգնության փարավոնին ոչ մի օգտակար պատասխան չի տրվի»։
17 Փարավոնն ասաց. «Երազումս ինձ թվաց, թե կանգնած էի գետի եզերքին,
18 և իբր թե գետից ելնում էին պարարտ ու գեղեցիկ յոթ երինջներ և արածում կանաչների մեջ։
19 Նրանցից հետո գետից դուրս էին գալիս յոթ այլ՝ ժանտ, զազիր ու նիհար երինջներ, որոնցից ավելի զազրելի չեմ տեսել եգիպտացիների ողջ երկրում։
20 Եվ ահա յոթ նիհար ու զազիր երինջներն ուտում էին առաջին գեղեցիկ ու ընտիր յոթ երինջներին։
21 Թեև կուլ էին տալիս նրանց, սակայն այդ չէր երևում. մնում էին նույն զազիր տեսքով։ Զարթնեցի ու նորից քնեցի։
22 Մյուս անգամ երազում տեսա՝ իբր թե մեկ ցողունից ելնում էին լեցուն ու գեղեցիկ յոթ հասկեր։
23 Նրանցից հետո ելնում էին բարակ, չորուկ ու խորշակահար յոթ այլ հասկեր,
24 և չորուկ ու խորշակահար յոթ հասկերը կուլ էին տալիս գեղեցիկ ու լեցուն հասկերին։ Պատմեցի երազահաններին, բայց ոչ ոք չկարողացավ մեկնել ինձ համար»։
25 Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի տեսած երազները նույն իմաստն ունեն. Աստված փարավոնին հայտնել է այն, ինչ որ անելու է։
26 Յոթ գեղեցիկ երինջները յոթ տարի են նշանակում, յոթ գեղեցիկ հասկերը նույնպես յոթ տարի են նշանակում։ Փարավոնի տեսած երազները նույն իմաստն ունեն։
27 Դրանցից հետո ելած տգեղ ու վտիտ յոթ երինջները նույնպես յոթ տարի են նշանակում, ինչպես նաև չորուկ ու խորշակահար յոթ հասկերը, որոնք ազդարարում են, որ յոթ տարի սով է լինելու։
28 Աստված փարավոնին հայտնել է այն, ինչ անելու է։
29 Եգիպտացիների ողջ երկրում յոթ բերքառատ տարիներ են լինելու։
30 Դրանց կհաջորդեն սովի յոթ տարիներ, կմոռացվի երկրում եղած բերքի առատությունը, և սովը կարող է երկիրը ոչնչացնել։
31 Երկրի բերքի առատությունը կմոռացվի դրան հաջորդող սովի պատճառով, քանի որ այն շատ սաստիկ է լինելու։
32 Այն, որ փարավոնի երազը կրկնվել է երկու անգամ, վկայում է, որ Աստծու խոսքը հաստատապես կատարվելու է, և որ Աստված չի հապաղելու։
33 Արդ, ուրեմն, գտի՛ր խոհեմ ու իմաստուն մի մարդու և նրան կառավարի՛չ կարգիր եգիպտացիների երկրի վրա։
34 Թող փարավոնը երկրի վրա վերակացուներ նշանակի, որ եգիպտացիների երկրի առատության յոթ տարիների ընթացքում բերքի մեկ հինգերորդ մասն ամբարեն։
35 Նրանք թող տնտեսեն առաջին յոթ առատ տարիների պարենը, ցորենը թող ամբարվի փարավոնի հսկողության տակ, և բերքը քաղաքներում թող պահվի։
36 Այդ պարենը թող տնտեսվի երկրում՝ եգիպտացիների երկրի վրա տարածվելիք սովի յոթ տարիների համար, որպեսզի երկիրը սովից չկոտորվի»։
37 Հովսեփի խոսքերը հաճելի թվացին փարավոնին ու նրա բոլոր պաշտոնյաներին։
38 Փարավոնն ասաց իր բոլոր պաշտոնյաներին. «Մի՞թե կարող ենք այսպիսի մարդ գտնել, որ իր մեջ ունենա Աստծու հոգին»։
39 Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Քանի որ Աստված քեզ հայտնեց այդ ամենը, ուրեմն քեզնից ավելի իմաստուն ու խելացի մարդ չկա։
40 Դու կլինես իմ տան կառավարիչը, և քո հրամանին կհնազանդվի իմ ողջ ժողովուրդը։ Ես քեզնից բարձր կլինեմ միայն իմ գահով»։
41 Եվ փարավոնը Հովսեփին ասաց. «Ահա այսօր քեզ կառավարիչ եմ կարգում եգիպտացիների երկրի վրա»։
42 Փարավոնը, մատից հանելով իր մատանին, դրեց Հովսեփի մատին, նրան հագցրեց բեհեզյա պատմուճան և ոսկի մանյակ անցկացրեց նրա պարանոցին,
43 նրան բարձրացրեց իր երկրորդ կառքը, որի առջևից ազդարարվում էր։ Այսպիսով նրան կառավարիչ կարգեց եգիպտացիների երկրի վրա։
44 Փարավոնն ասաց Հովսեփին. «Ես եմ փարավոնը. առանց քո թույլտվության եգիպտացիների ողջ երկրում ոչ ոք չի բարձրացնի իր ձեռքը կամ ոտքը»։
45 Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե [ Երկրի փրկիչը ] և Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթին կնության տվեց նրան, ապա Հովսեփը դուրս եկավ փարավոնի առջևից։
46 Հովսեփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացվեց փարավոնին՝ եգիպտացիների արքային։ Հովսեփը, ելնելով փարավոնի մոտից, շրջեց ողջ Եգիպտոսում։
47 Երկիրն առատության յոթ տարիների ընթացքում հարուստ բերք տվեց։
48 Հովսեփը տնտեսեց եգիպտացիների երկրի առատության յոթ տարիների բերքը՝ ամեն մի քաղաքի շուրջը գտնվող դաշտերի բերքն ամբարելով այդ քաղաքում։
49 Հովսեփը ծովի ավազի չափ շատ ցորեն ամբարեց, այնքան շատ, որ հնարավոր չէր հաշվել։
50 Նախքան սովի յոթ տարիների վրա հասնելը Հովսեփը երկու որդի ունեցավ, որոնց նրա համար ծնեց Ասանեթը՝ Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստրը։
51 Հովսեփն անդրանիկին անվանեց Մանասե՝ ասելով. «Աստված ինձ մոռանալ տվեց իմ ու իմ հոր բոլոր վշտերը»։
52 Իսկ երկրորդ որդուն անվանեց Եփրեմ՝ ասելով. «Աստված ինձ հզորացրեց իմ տառապանքների երկրում»։
53 Անցան եգիպտացիների երկրի առատության յոթ տարիները,
54 և վրա հասան սովի յոթ տարիները, ինչպես ասել էր Հովսեփը։ Եվ ողջ աշխարհում սով եղավ, սակայն եգիպտացիների երկրում հաց կար։
55 Երբ սովի մատնվեց նաև եգիպտացիների երկիրը, ողջ ժողովուրդը փարավոնից հաց խնդրեց։ Փարավոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացե՛ք Հովսեփի մոտ և արե՛ք այն, ինչ կասի ձեզ»։
56 Երբ սովը տարածվեց ամենուր, Հովսեփը բացեց ցորենի շտեմարանները և սկսեց ցորեն վաճառել եգիպտացիներին։
57 Բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ Հովսեփից հաց գնելու, որովհետև սովը տարածվել էր ամբողջ աշխարհում։