Ezekiel 7NEA

1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

2«Եվ դու, մարդո՛ւ որդի, կասես. Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իսրայելացիների երկրի վախճանը հասել է, երկրի չորս կողմերի վախճան էլ հասել է.

3ահա հասել է քո վախճանը։ Բարկությունս ուղարկելու եմ

4քեզ վրա ու քո բռնած ճանապարհին համապատասխան՝ քեզնից վրեժխնդիր եմ լինելու, քեզ հատուցել եմ տալու քո բոլոր կուռքերի համար։ Աչքս քեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ, որովհետև քո ընթացքին համապատասխան՝ հատուցել եմ տալու քեզ, և քո կուռքերը քո մեջ են մնալու։ Եվ պիտի իմանաս, որ ես եմ Տերը”։

5Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա մի չարիք, մի չարիք է վրա հասել.

6հասել է վախճանը, թևածում է քեզ վրա։

7Ահա տագնապն է հասել քեզ, քեզ, որ բնակվել ես այդ երկրում։ Հասել է ժամանակը, մոտեցել օրը, սակայն ո՛չ աղմուկով, ո՛չ էլ երկունքով։

8Այլ այժմ՝ շուտով իմ բարկությունը քեզ վրա թափելու եմ, իմ զայրույթն ի կատար եմ ածելու, քեզ հետ դատաստան եմ տեսնելու ըստ քո բռնած ճանապարհի և քեզ քո պաշտամունքների բոլոր պղծությունների համար պատժելու եմ։

9Աչքս քեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ, որովհետև ըստ քո բռնած ճանապարհի հատուցել եմ տալու քեզ, և քո կուռքերը քո մեջ են մնալու։ Պիտի իմանաս, որ ես եմ Տերը, որ հարվածում եմ քեզ։

10Ահա և Տիրոջ օրը. ահա հասել է վախճանը։ Եկել է տագնապը, ծաղկել է գավազանը. գլուխ է բարձրացրել ամբարտավանությունը։

11Խորտակելու ես անօրենի հենարանը, սակայն ո՛չ աղմուկով, ո՛չ էլ փութով։ Նրանք ո՛չ միտք ունեն, ո՛չ էլ գեղեցկություն։

12Հասել է ժամանակը, ահա եկել է օրը։ Գնորդը թող չուրախանա, վաճառողն էլ թող չողբա, որովհետև ամբողջ բազմության վրա բարկությունն է տիրում։

13Նա, ով գնում է, վաճառողի մոտ թող այլևս չվերադառնա. նրանցից ոչ մեկ կենդանի չի մնալու, որովհետև այս տեսիլքը, որ նրանց ողջ բազմության դեմ է, հետ չպիտի դառնա. որևէ մարդ ապրելու հույս թող չունենա։

14Փողահարե՛ք և ամեն բան պատրաստե՛ք, սակայն չի լինի մեկը, որ պատերազմի գնա, որովհետև բարկություն է իջել նրա բազմության վրա”։

15“Սրով պատերազմ է լինելու՝ դրսից, սով ու ժանտախտ՝ ներսից։ Ովքեր բնակավայրից դուրս են լինելու, սրով են մեռնելու, իսկ ովքեր քաղաքում լինեն, սովից ու ժանտախտից են մեռնելու։

16Բայց փրկվելու են նրանք, ովքեր ճողոպրելու են և լինելու են լեռների վրա՝ անձանձրույթ մնչացող աղավնիների պես։ Բոլորին էլ կոտորելու եմ, յուրաքանչյուրին՝ ըստ իր անիրավության։

17Ամեն ձեռք թուլանալու է, ամեն ազդր՝ խոնավությամբ աղտոտվելու։

18Մեջքներին քուրձեր են առնելու. նրանք ցնորքներով են պարուրվելու, ամեն երես ամոթով է պատվելու, իսկ ամեն գլուխ՝ ճաղատությամբ։

19Նրանց արծաթն ընկած է մնալու հրապարակներում, իսկ ոսկին արհամարհվելու է։ Տիրոջ բարկության օրը նրանց արծաթն ու ոսկին նրանց փրկել չեն կարողանալու։ Նրանց հոգիները չեն հագենալու, որովայններն էլ չեն լցվելու, որովհետև տանջանքները նրանց անիրավությունների պատճառով եղան։

20Զարդերից ամենաընտիրներն են գործածել՝ հպարտանալու համար, դրանցից իրենց պաշտամունքի կուռքերն ու պատկերներն են պատրաստել։ Դրա համար էլ դրանք նրանց համար պղծության առարկա եմ դարձնելու

21ու մատնելու եմ օտարների ձեռքը՝ հափշտակելու, չարագործների ձեռքը՝ ավարի ենթարկելու։ Եվ դրանք պղծելու են։

22Երեսս շուռ եմ տալու նրանցից։ Պղծելու են իմ սրբարանները, անխտիր մտնելու են դրանց մեջ, պղծելու են

23և խառնակություն են անելու, որովհետև երկիրը լցվել է նրանց արյունալի դատաստաններով, քաղաքներն էլ լի են անօրենություններով։

24Ազգերի միջից ամենավատերին եմ բերելու, ովքեր նրանց տներն են ժառանգելու։ Ջախջախելու եմ բռնացողների ամբարտավանությունը։ Պղծվելու են նրանց սրբավայրերը։

25Քավության զոհ մատուցելով՝ խաղաղություն են փնտրելու, բայց չեն գտնելու։

26Վայը վայի վրա է լինելու, գույժը՝ գույժի։ Մարգարեներից տեսիլքներ են խնդրելու, քահանայից՝ դյուրացնող օրենքներ, ծերերից՝ խորհուրդներ, բայց չեն գտնելու։

27Թագավորը սգալու է, իշխանը ոչնչանալու է, երկրի ժողովրդի ձեռքերն էլ թուլանալու են. ըստ նրանց բռնած ճանապարհի եմ վարվելու նրանց հետ և ըստ նրանց կայացրած որոշումների եմ վրեժխնդիր լինելու նրանցից։ Պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ezekiel 7.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.