Ezekiel 6NEA

1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

2«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Իսրայելի այդ լեռները, մարգարեացի՛ր դրանց դեմ

3ու ասա՛. “Իսրայելի՛ լեռներ, լսե՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները։ Ամենակալ Տերը լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին այսպես է ասում. “Ահա սուր եմ բերում ձեզ վրա, և ամայի են դառնալու ձեր բարձրադիր վայրերը,

4ջարդուփշուր են լինելու ձեր զոհասեղանները և խորտակվելու են ձեր մեհյանները. ձեր խոցվածներին գետնին եմ փռելու ձեր կուռքերի առաջ։

5Ձեր արձանների առաջ դիաթավալ եմ անելու Իսրայելի որդիներիդ ու ձեր ոսկորները ցրիվ եմ տալու ձեր զոհասեղանների շուրջը,

6ձեր բոլոր բնակավայրերում։ Քաղաքներն ավերվելու են, բարձրադիր վայրերը՝ ամայանալու, որպեսզի ձեր զոհասեղանները ջնջվեն ու վերանան, ձեր կուռքերը ջարդուփշուր լինեն ու անհետանան, ձեր մեհյանները ոչնչանան, ձեր ձեռքի գործերն անհետ կորչեն,

7ու խոցվածներն ընկնեն ձեր մեջ, և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։

8Սակայն ազգերի մեջ ձեզանից սրից ազատվածներ եմ թողնելու՝ օտար երկրներում ցիր ու ցան։

9Եվ ազգերի մեջ, որտեղ էլ որ գերված լինեն նրանց մեջ, ձեր ազատվածներն ինձ հիշելու են, որ երդվեցի նրանց սրտի դեմ, որ շնացել ու ապստամբել են իմ դեմ, նրանց աչքերի դեմ, որ պոռնկացել են իրենց ընթացքով։ Նրանք ծեծելու են իրենց երեսներն այն չարիքների համար, որ արել են իրենց բոլոր կռատներում և իրենց ողջ կյանքի ընթացքում։

10Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, և իզուր չեմ ասել, որ անելու եմ նրանց այս բոլոր չարիքները”։

11Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ձեռքերով ծա՛փ զարկ, ոտքերով դոփի՛ր ու վա՜շ-վա՜շ ասա Իսրայելի տան կուռքերի ու չարի գործերի համար, որովհետև սրից, ժանտախտից ու սովից են ընկնելու։

12Ով որ հեռու է, ժանտախտից է մեռնելու, ով էլ որ մոտ է, սրից է ընկնելու, իսկ ով որ մնում է և ով պաշարման մեջ է, սովից են կոտորվելու։ Այսպիսով իմ բարկությունն եմ իրագործելու նրանց վրա։

13Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ ձեր վիրավորներն ընկնեն ձեր կուռքերի մեջ, ձեր զոհասեղանների շուրջը, բոլոր բարձր բլուրների ու լեռների գագաթների վրա, ինչպես նաև բոլոր սաղարթախիտ ծառերի, հաստաբուն կաղնիների տակ, որտեղ խունկ էին ծխում իրենց բոլոր կուռքերին։

14Ես իմ ձեռքը երկարելու եմ նրանց դեմ և երկիրը մատնելու եմ կործանման ու ոչնչացման՝ Դեբլաթի անապատից սկսած՝ իրենց բոլոր բնակավայրերում։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը”»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ezekiel 6.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.