Ezekiel 35NEA

1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

2«Մարդո՛ւ որդի, դեմքդ դարձրո՛ւ դեպի Սեիր լեռը, մարգարեացի՛ր նրա վրա

3ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, ո՛վ Սեիր լեռ։ Ձեռքս մեկնելու եմ քո դեմ և քեզ անապատի եմ վերածելու. ավերվելու ես,

4քաղաքներդ էլ ավերակի եմ վերածելու։ Դու ավերակ ես լինելու։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը։

5Քանի որ հավիտենական թշնամի եղար և Իսրայելի տան համար դարանակալ նստում էիր նենգությամբ, թշնամիների ձեռքով՝ սրի միջոցով, երբ նա նեղության մեջ էր, և երբ նրանց անիրավությունը հասել էր իր վախճանին,

6ահա դրա համար էլ, կենդանի եմ ես,- ասում է Տերը՝ Աստված,- քանի որ դու արյամբ մեղանչեցիր, արյունն էլ հալածելու է քեզ. այն արյունը, որ ատեցիր, հենց նույն արյունն էլ հալածելու է քեզ։

7Ավերակի ու անապատի եմ վերածելու Սեիր լեռը, նրա վրայից վերացնելու եմ մարդ ու անասուն։

8Լեռներդ լցնելու եմ քո խոցվածներով, նաև բլուրներդ ու ձորերդ, և սրից խոցվածներն ընկնելու են քո բոլոր դաշտերում։

9Քեզ հավիտենապես ավերակ եմ դարձնելու, և քո քաղաքներն այլևս չեն վերաշինվելու։ Եվ կիմանաս, որ ես եմ Տերը։

10Քանի որ ասում էիր, թե երկու ազգերն ու երկու երկրներն էլ իմն են լինելու, ես ժառանգելու եմ դրանք (թեև Տերն այնտեղ էր),

11դրա համար էլ կենդանի եմ ես,- ասում է Տերը՝ Աստված,- քեզ հետ վարվելու եմ ըստ քո թշնամության, ըստ քո նախանձի, որով ատել ես նրանց։ Քեզ ճանաչել կտամ ինձ, երբ դատեմ քեզ։

12Ու կիմանաս, որ ես եմ Տերը։ Լսել եմ քո հայհոյանքների ձայնը, որ ասում էիր՝ “Իսրայելի ավերակ լեռները մեզ կերակուր են տրված”։

13Քո բերանով գոռոզացել ես իմ դեմ և մեծ-մեծ խոսել իմ հասցեին, և ես լսել եմ դրանք”։

14Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Երբ արար աշխարհ ուրախության մեջ լինի, քեզ ավերակ եմ դարձնելու այն բանի համար, որ ոտնահարեցիր ժառանգությունն Իսրայելի տան, որ կործանվեց։ Նույնն էլ քեզ եմ անելու,

15և ավերակ ես լինելու, ո՛վ Սեիր լեռ, և ամբողջ Եդովմն էլ բնաջնջվելու է։ Եվ կիմանաս, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված”»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ezekiel 35.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.