Ezekiel 36NEA

1«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի լեռներին վրա և ասա՛. “Լսե՛ք Տիրոջ պատգամները։

2Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն բանի համար, որ թշնամին ձեր մասին ասել է՝ վա՜շ-վա՜շ, հավերժական ավերակները մեզ ժառանգություն եղան,-

3դրա համար մարգարեացի՛ր ու ասա՛. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն բանի համար, որ ձեր շուրջը գտնվող բոլոր ազգերի անարգանքին ենթարկվեցիք, տարագրվեցիք բազում ազգերի կողմից, ծաղրի առարկա ու ազգերի նախատինք եղաք,

4դրա համար, ո՛վ լեռներ Իսրայելի, լսե՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները”։ Ամենակալ Տերը՝ Աստված, այսպես է ասում լեռներին ու բլուրներին, անդունդներին ու ձորերին, ամայացած ավերակներին ու լքված քաղաքներին, որոնք ավեր են դարձել ու ոտնակոխ եղել ազգերի կողմից, որոնք մնացել են ձեր շուրջը,-

5դրա համար Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Չեմ կարող իմ զայրույթի հրով չխոսել մյուս ազգերի մասին, նաև բոլոր եդովմացիների մասին, որովհետև իմ երկիրն իրենց համար վտարանդի դարձրին, ոտնահարելով անարգեցին բնակիչներին՝ ավերի ու ավարի մատնելով”։

6Ուստի մարգարեացի՛ր Իսրայելի երկրի վրա ու ասա՛ լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես իմ նախանձով ու բարկությամբ խոսեցի այն բանի համար, որ դուք հեթանոսներից նախատինք եք կրել”։

7Ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ձեռքս բարձրացնելու եմ ձեր շուրջը գտնվող ազգերի վրա. նրանք կստանան իրենց անարգանքը”։

8Բայց, ո՛վ լեռներ Իսրայելի, ձեր խաղողն ու բերքն Իսրայելի իմ ժողովուրդն է ուտելու, որ վերադառնալու ակնկալիք ունի։

9Ահա ես նայելու եմ ձեզ. դուք հերկվելու և սերմանվելու եք։

10Բազմացնելու եմ ձեր մեջ մարդկանց, առհասարակ Իսրայելի տունն ամբողջովին։ Վերաբնակեցվելու են քաղաքները, վերաշինվելու՝ ավերակները։

11Բազմացնելու եմ ձեր մեջ մարդ ու անասուն. բազմանալու և աճելու են նրանք։ Ձեզ էլ բնակեցնելու եմ, ինչպես սկզբնական ժամանակներում. բարիք եմ անելու ձեզ, ինչպես նախկինում, ու կիմանաք, որ ես եմ Տերը։

12Այնպես եմ անելու, որ մարդիկ՝ Իսրայելի իմ ժողովուրդը, տիրեն ձեզ։ Նրանք ժառանգելու են ձեզ. բնակավայր եք լինելու նրանց համար և այլևս անզավակ չեք մնալու նրանցից։

13Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն բանի համար, որ քեզ ասացի, թե՝ դու մարդակուլ երկիր ես ու քո ազգից անզավակ ես մնացել,-

14դրա համար այլևս մարդակուլ չես լինելու և քո ազգն այլևս անզավակ չես դարձնելու,- ասում է Տերը՝ Աստված։-

15Եվ ձեզ վրա ազգերի անարգանքն այլևս չի լինելու, ժողովուրդներից այլևս նախատինք չեք կրելու, և ձեր ազգն այլևս անզավակ չի մնալու”»,- ասում է Տերը՝ Աստված։

16Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

17«Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունը բնակվեց իր երկրում, սակայն այն պղծեց իր ընթացքով, իր կուռքերով ու իր պիղծ արարքներով՝ դաշտանի պղծության նման. նրա ընթացքն իմ առաջ է եղել։

18Բարկությունս թափեցի նրանց վրա այն արյան համար, որ թափել էին այդ երկրում, և որ իրենց կուռքերով պղծել էին այն։

19Նրանց ցրեցի ազգերի մեջ, սփռեցի նրանց երկրներով մեկ։ Դատեցի նրանց ըստ իրենց ընթացքի և ըստ իրենց մեղքերի։

20Նրանք մտան ազգերի մեջ, և ուր որ մտան, այնտեղ էլ պղծեցին իմ սուրբ անունը, երբ նրանց ասացին. “Սրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց դուրս ելան նրա երկրից”։

21Բայց նրանց խնայեցի հանուն իմ սուրբ անվան, որ պղծեց Իսրայելի տունն այն ազգերի մեջ, ուր մտան։

22Ուստի ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ո՛վ տունդ Իսրայելի, ձեզ համար չէ, որ բան անում եմ, այլ հանուն իմ սուրբ անվան, որ պղծեցիք այն ազգերի մեջ, ուր մտաք։

23Եվ ես մաքրելու եմ իմ մեծ անունը, որ պղծվեց այդ ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ։ Եվ այդ ազգերը կիմանան, որ ես եմ Տերը,- ասում է Ամենակալ Տերը,- երբ սրբագործվեմ ձեր մեջ, դրանց աչքի առաջ։

24Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսներից, հավաքելու եմ ձեզ բոլոր ազգերից և ձեզ ձեր երկիրն եմ տանելու։

25Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։

26Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մեջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտը և մարմնեղեն սիրտ եմ տալու ձեզ.

27իմ հոգին եմ տալու ձեզ։ Եվ այնպես եմ անելու, որ իմ արդարությամբ ընթանաք, օրենքներս պահեք ու կատարեք դրանք,

28բնակվեք այն երկրում, որ տվել էի ձեր հայրերին, և ինձ համար ժողովուրդ լինեք, ես էլ ձեզ համար՝ Աստված։

29Ձեզ ազատելու եմ ձեր բոլոր պղծություններից։ Դիմելու եմ ցորենին ու բազմացնելու եմ այն և ձեզ վրա սով չեմ բերելու։

30Բազմացնելու եմ ծառերի պտուղներն ու արտերի բերքը, որպեսզի ազգերի մեջ այլևս սովի նախատինքը չստանաք։

31Հիշելու եք ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, և դուք զզվելու եք ձեր բոլոր անօրենություններից ու գարշելի արարքներից։

32Ձեզ համար չէ, որ անում եմ այս բաները,- ասում է Տերը՝ Աստված,- այլ թող հայտնի լինի ձեզ. ամաչե՛ք ու ամոթահար եղե՛ք ձեր ընթացքի պատճառով, ո՛վ տուն Իսրայելի։

33Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն օրը, երբ ձեզ մաքրեմ ձեր բոլոր անօրենություններից, ավերակները վերաշինվելու են, քաղաքներն էլ վերաբնակեցնելու եմ,

34և մշակվելու է ամայացած հողը, փոխանակ բոլոր անցորդների առաջ ամայացած լինելու։

35Եվ ասելու են. “Ավերված երկիրը փարթամ պարտեզ է դարձել, իսկ ավերակ, կործանված ու քանդված քաղաքները՝ ամրացած ու բնակեցված”։

36Եվ այն ազգերը, որ մեկընդմիշտ կմնան ձեր շուրջը, կիմանան, որ ես եմ Տերը, որ վերաշինեցի այն, ինչ ավերված էր, և վերահաստատեցի այն, ինչ ամայացած էր։ Ես՝ Տերս, խոսեցի, և անելու եմ։

37Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ես դարձյալ այցի եմ գալու Իսրայելի տանը՝ իրագործելու դրանք. բազմացնելու եմ մարդկանց՝ հոտերի պես։

38Եվ ինչպես սուրբ ոչխարները, ինչպես Երուսաղեմի ոչխարները՝ նրա տոների ժամանակ, այնպես են լինելու ավերված քաղաքները՝ մարդկանց խմբերով լի։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ezekiel 36.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.