1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
2«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների վրա, մարգարեացի՛ր ու այդ հովիվներին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ո՛վ հովիվներ Իսրայելի, մի՞թե հովիվներն իրենք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտերն են արածեցնում։
3Ահա կաթը խմում եք, բուրդը հագնում, պարարտներին մորթում, բայց իմ հոտերը չեք արածեցնում.
4տկարացածին չեք զորացրել, հիվանդացածին չեք բժշկել, չարչարվածին չեք խնամել, վիրավորվածին չեք փաթաթել, մոլորվածին հետ չեք դարձրել, կորածին չեք փնտրել, դիմացկունին տանջել եք։
5Իմ հոտերը ցրիվ են եկել, քանի որ հովիվներ չունեին, և անապատի գազաններին կեր են դարձել։
6Իմ հոտերը ցրիվ են եկել ու մոլորվել բոլոր լեռներով մեկ, բոլոր բարձր բլուրներով մեկ. երկրի երեսով մեկ ցրիվ են եկել իմ հոտերը։ Եվ ոչ ոք չկար, որ փնտրեր, և ոչ էլ հետ դարձներ”։
7Ուստի, հովիվնե՛ր, լսե՛ք Տիրոջ պատգամները.
8“Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը՝ Աստված.- քանի որ իմ հոտերը ավարի մատնվեցին, իմ հոտերն անապատի գազաններին կեր դարձան, որովհետև հովիվներ չկային, հովիվներն իմ հոտերը չփնտրեցին, հովիվներն իրենք իրենց մասին հոգ տարան և իմ հոտերը չարածեցրին”,-
9դրա համար էլ լսե՛ք, հովիվնե՛ր, Տիրոջ պատգամները։
10Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահավասիկ ես այդ հովիվների դեմ եմ և հոտերս նրանց ձեռքից պահանջելու եմ, նրանց արգելելու եմ արածեցնել հոտերս, և այլևս նրանց չեն արածեցնելու։ Փրկելու եմ հոտերս նրանց ձեռքից. այլևս նրանք համար կերակուր չեն լինելու”։
11Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես ինքս եմ փնտրելու հոտերս, խնամելու եմ նրանց։
12Ինչպես որ հովիվն է իր հոտը փնտրում այն օրը, երբ մեգ ու մառախուղ է լինում իր ցրված հոտերի վրա, այնպես էլ ես եմ փնտրելու հոտերս, հավաքելու եմ նրանց այն բոլոր տեղերից, ուր ցրվել են մեգ ու մառախուղի օրը։
13Նրանց դուրս եմ բերելու ազգերից և նրանց հավաքելու եմ երկրներից, նրանց տանելու եմ իրենց երկիրը և
14նրանց արածեցնելու եմ Իսրայելի լեռների վրա, ձորերում ու երկրի բոլոր բնակավայրերում։ Փարթամ արոտավայրերում եմ արածեցնելու նրանց՝ Իսրայելի բարձր լեռների վրա։ Այնտեղ են լինելու նրանց մակաղելու տեղերը. այնտեղ են դադար առնելու և այնտեղ են հանգստանալու բարության ու գուրգուրանքի մեջ։ Պարարտ արոտավայրերում են արածելու նրանք՝ Իսրայելի լեռների վրա։
15Ես եմ արածեցնելու հոտերս, ես եմ հանգիստ տալու նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”։ Տերը՝ Աստված, այսպես է ասում.
16“Կորածին փնտրելու եմ, մոլորվածին՝ հետ դարձնելու, վիրավորվածին՝ փաթաթելու, հյուծվածին՝ զորացնելու. գերին ու հզորին՝ պահելու։ Բոլորին արածեցնելու եմ արդարությամբ”։
17“Դուք էլ, իմ հոտե՛ր,- այսպես է ասում ձեզ Տերը՝ Աստված.- ահա ես դատելու եմ ձեզ ոչխար առ ոչխար, խոյ առ խոյ։
18Մի՞թե ձեզ բավարար չէին այն գեղեցիկ արոտավայրերը, որ առաջ արածում էիք, այլև այն, ինչ մնում էր, ոտնակոխ էիք անում, զուլալ ջուրը խմում էիք, իսկ այն, ինչ մնում էր, ոտքի տակ պղտորում։
19Իմ հոտերն էլ ձեր ոտնակոխ արածն էին արածում, ձեր կճղակներից պղտորված ջրերը խմում։
20Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես դատ եմ անելու ուժեղ ու տկար ոչխարների միջև նրա համար,
21որ ձեր կողերով և ուսերով հրում էիք, ձեր եղջյուրներով հարվածում ու չարչարում բոլոր տկարներին, քշում էիք նրանց, մինչև որ հոտերս ցիրուցան եղան։
22Սակայն փրկելու եմ հոտերս, և այլևս հափշտակության չեն մատնվի։ Դատելու եմ խոյ առ խոյ
23ու նրանց վրա մի հովիվ եմ կարգելու՝ իմ ծառա Դավթին, և նա հովվելու է նրանց։ Նա է նրանց համար հովիվ լինելու,
24իսկ ես՝ Տերս, նրանց Աստվածն եմ լինելու, իմ ծառա Դավիթն էլ՝ իշխան նրանց մեջ։ Ես՝ Տերս, խոսեցի։
25Դավթի հետ խաղաղության ուխտ եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից, իսկ իմ հոտերն ապահով բնակվելու են անապատում և ննջելու են անտառներում։
26Իմ լեռան շուրջը նրանց օրհնություն եմ տալու, ձեզ էլ անձրև եմ տալու. և անձրևներն օրհնաբեր են լինելու։
27Ագարակի ծառերն իրենց պտուղներն են տալու, իսկ հողը տալու է իր զորությունը։ Իրենց երկրում նրանք խաղաղ ու ապահով են բնակվելու։ Ու կիմանան, որ ես եմ Տերը, երբ փշրեմ նրանց վզի լուծը։ Նրանց փրկելու եմ իրենց ծառայեցնողների ձեռքից,
28ու այլևս նրանք ավար չեն դառնալու ազգերի մեջ, այլևս երկրի գազանները նրանց չեն ուտելու։ Ապրելու են ապահով։ Ոչ ոք չի լինելու, որ նրանց սարսափեցնի։
29Նրանց համար խաղաղության տունկ եմ աճեցնելու, ու երկրի վրա նրանք այլևս սովից չեն հյուծվելու և ոչ էլ նախատինք են կրելու ազգերի կողմից։
30Ու կիմանան, որ ես՝ նրանց Տերը՝ Աստվածս, իրենց հետ եմ, նրանք էլ՝ Իսրայելի տունը, իմ ժողովուրդն է,- ասում է Տերը՝ Աստված։-
31Դուք էլ, իմ հոտե՛ր, իմ արոտի՛ ոչխարներ, մարդիկ եք, ես էլ՝ ձեր Տերը՝ Աստված”»,- ասում է Տերը՝ Աստված։