Ezekiel 33NEA

1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

2«Մարդո՛ւ որդի, խոսի՛ր քո ժողովրդի որդիների հետ ու նրանց ասա՛. “Մի երկիր կա, որի վրա սուր եմ բերելու։ Եվ այդ երկրի ժողովուրդն իր միջից մի մարդ է ընտրելու, նրան դետ է կարգելու։

3Սա տեսնելու է, որ երկրի վրա սուր է գալիս, փող է փչելու և ազդարարելու է ժողովրդին։

4Ժողովուրդն անպայման լսելու է փողի ձայնը, բայց չի զգուշանալու։ Եվ սուրը հասնելու, բռնելու է նրան. թող նրա արյունն իր գլխին լինի,

5քանի որ փողի ձայնը լսել էր, բայց չէր զգուշացել։ Թող նրա արյունն իր գլխին լինի։ Իսկ նա, ով զգուշացրել էր, փրկելու է իր անձը։

6Իսկ եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է, բայց փողով նշան չտա, ժողովուրդն էլ չզգուշանա, վրա հասած սուրը նրանցից մեկին բռնի, ապա սա իր անօրենության պատճառով բռնված կլինի. բայց սրա արյունը դետից եմ պահանջելու”։

7Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի. քեզ դետ կարգեցի Իսրայելի տան վրա։ Դու պիտի լսես իմ բերանի խոսքերը և իմ կողմից նրանց պիտի զգուշացնես։

8Երբ ես մեղավորին ասեմ, թե՝ հաստատ կմեռնես, իսկ դու չխոսես ու ամբարիշտին չզգուշացնես իր ճանապարհից, ինքը՝ անօրենն իր անօրենության մեջ կմեռնի, բայց նրա արյունը քեզնից կպահանջեմ։

9Իսկ եթե ամբարիշտին նախօրոք ասես իր ճանապարհի մասին, որպեսզի հետ դառնա դրանից, բայց նա հետ չկանգնի իր ճանապարհից, ինքն իր ամբարշտության մեջ կմեռնի, իսկ դու քո հոգին կփրկես»։

10«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանն ասա՛. “Այսպես խոսե՛ք ու ասե՛ք. մեր մոլորություններն ու անօրենությունները մեր մեջ են, և մենք դրանց մեջ մաշվում ենք, ինչպե՞ս ապրենք”։

11Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- և ամբարիշտի մահը չեմ կամենում, այլ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը։ Դարձե՛ք, հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից. ինչո՞ւ մեռնեք, ո՛վ տուն Իսրայելի”։

12Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիներին ասա՛. “Արդարի արդարությունը նրան չի փրկելու այն օրը, երբ մոլորվի, անօրենի անօրենությունն էլ նրան չի չարչարելու այն օրը, երբ հետ կանգնի իր բոլոր անօրենություններից։ Արդարը չի կարողանալու փրկվել իր մեղանչելու օրը։

13Երբ ես արդարին ասեմ՝ հաստատ ապրելու ես, իսկ նա էլ, հույսը դնելով իր արդարության վրա, անօրենություն գործի, նրա բոլոր արդար գործերը չեն հիշվելու, այլ իր կատարած անօրենության համար մեռնելու է։

14Իսկ երբ ես ամբարիշտին ասեմ՝ հաստատ մեռնելու ես, բայց նա հետ կանգնի իր մեղքերից, իրավունք և արդար գործ կատարի,

15պարտապանին հետ տա գրավը, վերադարձնի հափշտակածը, ընթանա կյանքի պատվիրաններով, անիրավություններ չգործի, հաստատ ապրելու է ու չի մեռնելու։

16Նրա գործած բոլոր մեղքերը չեն հիշվելու, որովհետև իրավունք ու արդար գործ է կատարել, դրա համար էլ ապրելու է”։

17Քո ժողովրդի որդիներն ասում են. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Իրենց ճանապարհն ուղիղ չէ։

18Երբ արդարն իր արդար ճանապարհից շեղվի և անիրավություններ կատարի, դրանց պատճառով էլ մեռնելու է։

19Իսկ երբ մեղավորը հետ կանգնի իր անօրենությունից, իրավունք ու արդար գործ կատարի, դրա շնորհիվ ապրելու է։

20Ա՞յս բանի համար եք ասում. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Ձեզանից յուրաքանչյուրին իր ճանապարհի համեմատ եմ դատելու, ո՛վ տուն Իսրայելի»։

21Մեր գերության տասներկուերորդ տարում՝ տասներորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, Երուսաղեմից ազատված մեկն ինձ մոտ եկավ ու ասաց. «Քաղաքը գրավված է»։

22Երեկոյան՝ մինչև նրա գալը, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր. նա բաց արեց բերանս նախքան առավոտյան նրա՝ ինձ մոտ գալը։ Երբ բերանս բացեցի, այլևս չէի կարող լուռ մնալ։

23Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

24«Մարդո՛ւ որդի, Իսրայելի երկրի ավերակների բնակիչներն ասում են. “Աբրահամը մեկ հոգի էր ու երկիրը գրավեց, իսկ հիմա մենք շատ ենք, երկիրը մեզ է ժառանգություն տրվել, չժառանգե՞նք այն”։

25Ուստի նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. քանի որ արյունոտ միս եք ուտում և աչքներդ գցում եք կուռքերին, արյուն եք թափում, դեռ ուզում եք երկի՞րն էլ ժառանգել։

26Դա ձեզ համար սրով կլինի, որովհետև պղծություններ եք կատարել, յուրաքանչյուրն իր մերձավորի կնոջն է պղծել։ Եվ դեռ ուզում եք երկի՞րն էլ ժառանգել”։ Ուստի ասա՛ նրանց. “Տերը՝ Աստված, այսպես է ասում.

27ես՝ Տերս, կենդանի եմ. ովքեր ավերակների մեջ լինեն, սրով են ընկնելու, ովքեր դաշտի երեսին, անապատի գազաններին կեր են տրվելու, իսկ ովքեր պարիսպների մեջ կամ քարայրներում, ժանտախտից են կոտորվելու։

28Երկիրն ավերի ու կործանման եմ մատնելու, և ոչնչանալու է նրա զորության ամբարտավանությունը։ Ամայի են դառնալու Իսրայելի լեռները, որպեսզի չլինի թե որևէ մեկն անցնի դրանցով։

29Եվ կիմանան, որ ես եմ Տերը։ Նրանց երկիրն ավերակ եմ դարձնելու. այն ամայի է դառնալու իրենց կատարած բոլոր գարշելի գործերի պատճառով”»։

30«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի. քո ժողովրդի որդիները շրջում են, քրթմնջում քեզ վրա պարիսպների մոտ, պալատների դռներին և մեկը մյուսին, եղբայրն իր եղբորն ասում է. “Հավաքվենք գնանք և լսենք Տիրոջ կողմից ասված պատգամները”։

31Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։

32Դու նրանց համար կլինես հորինված քաղցրաբարբառ երգի ձայնի պես. կլսեն խոսքերդ, բայց չեն կատարի։

33Իսկ երբ գա, ասելու են՝ “Ահա հասել է”, ու կիմանան, որ մարգարե կար իրենց մեջ»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ezekiel 33.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.