Ezekiel 30NEA

1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

2«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր ու ասա՛. “Ամենակալ Տերը՝ Աստված, այսպես է ասում. օ՜հ, օ՜հ, ի՜նչ օր,

3քանզի մոտ է Տիրոջ օրը՝ միգապատ օրը. հասել է ազգերի վախճանը։

4Սուր է գալու եգիպտացիների վրա, և խռովություն է լինելու եթովպացիների կողմերում։ Խոցվածներ են ընկնելու Եգիպտոսում, թալանելու են նրա լիությունը, տապալվելու են նրա հիմքերը։

5Պարսիկները, կրետացիները, լիդացիներն ու լիբիացիները, բոլոր խառնիճաղանջ ամբոխները, նաև նրանք, որ այնտեղ են իմ ուխտի որդիներից, սրով են կոտորվելու”։ Ամենակալ Տերն այսպես է ասում.

6“Խորտակվելու են եգիպտացիների հենարանները, իջնելու է նրանց զորության հպարտությունը, Մակդոդից մինչև Սուհեն սրով են ընկնելու այնտեղ”,- ասում է Ամենակալ Տերը։-

7“Եվ ավերվելու է երկիրն ապականված երկրների մեջ, նրանց քաղաքներն էլ՝ ավերված քաղաքների մեջ։

8Ու կիմանան, որ եմ Տերը, երբ կրակ գցեմ եգիպտացիների վրա, և խորտակվեն նրա բոլոր օգնականները։

9Այն օրը փութով հրեշտակներ են ելնելու իմ կողմից՝ ոչնչացնելու եթովպացիների սին հույսերը, և խռովություն է լինելու նրանց մեջ եգիպտացիների վախճանի օրը, քանի որ ահա այն հասել է”։

10Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Եգիպտացիների բազմությունը ոչնչացնելու եմ բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորի ձեռքով,

11և՛ իրեն, և՛ իր ազգն էլ՝ հետը։ Ազգերի միջից ամենից անգութներն են ուղարկվելու՝ երկիրը կործանելու, և իջեցնելու են իրենց սրերը Եգիպտոսի վրա. երկիրը լցվելու է խոցվածներով։

12Նրանց գետերն անապատի եմ վերածելու, երկիրն էլ չարագործների ձեռքն եմ մատնելու, երկիրն իր ամեն ինչով ոչնչացնելու եմ այլազգիների ձեռքով, որովհետև ես՝ Տերս եմ խոսել”։

13Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Կործանելու եմ կուռքերը, վերջ եմ տալու մեմփացիների մեծամեծներին, եգիպտացիների երկրից էլ՝ իշխաններին. նրանք այլևս չեն լինի։ Սարսափ եմ գցելու եգիպտացիների երկրի վրա։

14Կործանելու եմ Պաթուրես երկիրը, կրակ եմ գցելու Տայանի վրա, վրեժխնդիր եմ լինելու դիոսպոլացիներից։

15Զայրույթս թափելու եմ Սայինի՝ եգիպտացիների ամրոցի վրա ու կործանելու եմ մեմփացիների հարստությունը։

16Կրակի եմ մատնելու Եգիպտոսը. Սայինում մեծ իրարանցում է լինելու, դիոսպոլացիների քաղաքը բզկտվելու է, և ջրեր են բխելու։

17Արեգ քաղաքի ու Բուբաստի երիտասարդները սրով են ընկնելու, իսկ նրանց կանայք գերի են տարվելու։

18Ցերեկը խավարելու է Տափնասում, երբ այնտեղ փշրեմ եգիպտացիների իշխանական մականը։ Եվ այն ժամանակ կորչելու է նրա զորության հպարտությունը. նրան մեգն է ծածկելու։ Նրա դուստրերն էլ գերի են քշվելու։

19Եվ իմ դատաստանն եմ անելու Եգիպտոսում։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”»։

20Դարձյալ Եգիպտոսի վերաբերյալ։ Տասնմեկերորդ տարում՝ առաջին ամսին, ամսվա յոթերորդ օրը, Տիրոջ խոսքն ուղղվեց ինձ ու ասաց.

21«Մարդո՛ւ որդի, փշրելու եմ փարավոնի՝ եգիպտացիների արքայի բազուկները, և այլևս չեն վիրակապվելու բուժվելու համար, ո՛չ էլ սպեղանի է դրվելու դրանց վրա և ո՛չ էլ զորանալու են ձեռքին սուր բռնելու համար»։

22Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Ահա ես փարավոնի՝ եգիպտացիների արքայի դեմ եմ. փշրելու եմ նրա հզոր, մկանուտ ու ջլուտ բազուկները, նրա ձեռքից գցելու եմ սուրը։

23Եգիպտացիներին ցրիվ եմ տալու ազգերի մեջ, նրանց սփռելու եմ երկրներով մեկ։

24Իսկ բաբելացիների արքայի բազուկները զորացնելու եմ, իմ սուրն էլ նրա ձեռքն եմ տալու։ Եվ նա այն քաշելու է եգիպտացիների երկրի վրա, նրան ավարի է ենթարկելու, նրան կողոպտելու է։

25Զորացնելու եմ բաբելացիների արքայի բազուկները, իսկ փարավոնի բազուկները թուլանալու են։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը, երբ սուրս տամ բաբելացիների արքայի ձեռքը և նրան դուրս բերեմ եգիպտացիների երկրի վրա։

26Եգիպտացիներին ցրիվ եմ տալու ազգերի մեջ, սփռելու եմ նրանց երկրներով մեկ։ Եվ բոլոր եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ezekiel 30.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.