Ezekiel 29NEA

1Տասներորդ տարում՝ տասներորդ ամսին, ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

2«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր եգիպտացիների արքա փարավոնի դեմ, մարգարեացի՛ր նրա և ամբողջ Եգիպտոսի վերաբերյալ, խոսի՛ր

3ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, փարավո՛ն, եգիպտացիների արքա՛, օ՜ մեծ վիշապ, որ նստում ես գետերի միջև, որ ասում ես՝ “Իմն են այս գետերը, և ես եմ սրանց ստեղծել”։

4Սանձ եմ դնելու քո ծնոտներին, այնպես եմ անելու, որ գետիդ ձկները կպչեն թևերիդ. քո այդ գետերը հանելու քո միջից, և քո գետի բոլոր ձկները թևերիդ են կպչելու։

5Քեզ և գետիդ բոլոր ձկներին անմիջապես տապալելու եմ։ Դու կընկնես դաշտի երեսին, չես ժողովվի և այլևս չես հավաքվի, քանի որ քեզ որպես կերակուր տվեցի երկրի գազաններին ու երկնքի թռչուններին։

6Եգիպտոսի բոլոր բնակիչները կիմանան, որ ես եմ Տերը, քանի որ Իսրայելի տան համար եղեգնյա գավազան եղար.

7երբ քեզ վրա էին հենվում, նրանց ձեռքն էիր խրվում, իսկ երբ ամեն ձեռք քեզնից էր բռնվում, երբ քեզ վրա էին հենվում, ջարդվում էիր և նրանց բոլորի մեջքը կոտրում”»։

8Դրա համար էլ Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Ահա ես քո վրա սուր եմ բերելու, քո միջից վերացնելու եմ մարդուն ու անասունին,

9և եգիպտացիների քո երկիրը կործանված ու ավերակ է լինելու։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը։ Այն բանի համար, որ ասում էիր՝ “Այս գետերն իմն են, և ես եմ սրանց ստեղծել”,

10դրա համար էլ ահա ես քո և քո բոլոր գետերի դեմ եմ և եգիպտացիների քո երկիրն ավերածության, սրի ու կործանման եմ մատնելու Մակդոդից ու Սուհենից մինչև եթովպացիների սահմանները։

11Նրա վրայով մարդու ոտք չի անցնելու, նրա վրայով ոչ էլ անասունի կճղակ է գնալու, և քառասուն տարի չի բնակեցվելու։

12Նրա երկիրը կործանման եմ մատնելու ավերակ երկրների մեջ, նրա քաղաքներն էլ՝ ավերված քաղաքների մեջ։ Եվ քառասուն տարի կործանված են լինելու. եգիպտացիներին էլ ցրիվ եմ տալու ազգերի մեջ, նրանց սփռելու եմ երկրներով մեկ»։

13Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Քառասուն տարի հետո եգիպտացիներին հավաքելու եմ այն ազգերից, որոնց մեջ ցրիվ էին եկել,

14եգիպտացիներին վերադարձնելու եմ գերությունից և նրանց բնակեցնելու եմ Պաթուրեսի երկրում, այն երկրում, որտեղից գերի էին քշվել։ Եվ այնտեղ գոյություն է ունենալու մի իշխանություն՝ ավելի խեղճ,

15քան բոլոր իշխանությունները։ Այն լինելու է ավելի տկար ու այլևս չի իշխելու ազգերի վրա։ Նրանց սակավաթիվ եմ դարձնելու, որպեսզի ազգերի մեջ այլևս չբազմանան։

16Իսրայելի տան համար այլևս ապավեն չեն լինելու, որ անօրենություն է հիշեցնելու նրանց սրտի ուզածով գնալիս։ Եվ կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը»։

17Դարձյալ Եգիպտոսի վերաբերյալ։ Քսանյոթերորդ տարում՝ առաջին ամսին, առաջին օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.

18«Մարդո՛ւ որդի, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր զորքերին մեծ զրկանքների ենթարկեց՝ ուղարկելով Տյուրոսի դեմ։ Ամեն գլուխ ճաղատացել էր, ամեն ուս՝ քերծվել։ Տյուրոսի դեմ ինձ մատուցած ծառայության համար ինքն էլ, իր զորքերն էլ վարձ չեն ստացել»։

19Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Ահա ես բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային եմ տալու եգիպտացիների երկիրը, և նա թալանելու է նրա լիությունը, նրան ավարի է ենթարկելու, նրան կողոպտելու է, և դա լինելու է նրա զորքի վարձը։

20Տյուրոսում ինձ մատուցած ծառայության փոխարեն նրան եմ տալու եգիպտացիների երկիրը, տալու եմ այն ամենի դիմաց, ինչ արել է ինձ համար»։ Տերը՝ Աստված, այսպես է ասում.

21«Այդ օրն Իսրայելի ողջ տան համար եղջյուր է վեր բարձրանալու, և բաց եմ անելու քո բերանը՝ նրանց մեջ խոսելու։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Ezekiel 29.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.