1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
2«Եվ դու, մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն բանի համար, որ քո սիրտը հպարտացավ, ու ասացիր, թե՝ “Աստված եմ ես և որպես աստված բնակվեցի ծովի խորքում”, սակայն մարդ ես դու, ոչ թե Աստված, թեև սիրտդ իբրև Աստծու սիրտ ներկայացրիր։
3Մի՞թե դու ավելի իմաստուն ես, քան Դանիելը, կամ մի՞թե իմաստուններ են քեզ խրատել իրենց հանճարով։
4Մի՞թե քո իմաստությամբ կամ խելքով ես քեզ համար հարստություն դիզել և ոսկի ու արծաթ ձեռք բերել քո գանձարանի համար։
5Կամ քո իմաստության ու առևտրի առատությա՞մբ ես հարստությունդ բազմապատկել. իսկ սիրտդ քո հարստությամբ է հպարտացել”։
6Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Քանի որ քո սիրտը որպես Աստծու սիրտ ես ներկայացրել,
7դրա համար ահա ես օտարների եմ բերելու քո դեմ, ազգերից ամենադաժաններին, և նրանք իրենց սուրն են քաշելու քեզ վրա, քո իմաստության գեղեցկության վրա և քո գեղեցկությունը կորստյան են մատնելու,
8կործանելու են քեզ, ու խոցվածների մահով ես մեռնելու ծովի խորքում։
9Մի՞թե քեզ կոտորողների առջև շարունակելու ես ասել՝ “Աստված եմ ես”։ Բայց դու մարդ ես, ոչ թե Աստված։
10Եվ քեզ մահացու վիրավորող անթլփատների բազմության մեջ ես մեռնելու օտարների ձեռքով, որովհետև ես խոսեցի”»,- ասում է Ամենակալ Տերը։
11Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
12«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Տյուրոսի իշխանի վրա։ Նրան կասես. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. դու համեմատության կնիք ես եղել՝ լի իմաստությամբ, և գեղեցկության պսակ։
13Աստծու դրախտի փափկության մեջ ես եղել, քեզ վրա ես կապել բոլոր թանկարժեք քարերը՝ սարդիոն ու տպազիոն, զմրուխտ ու կարկեհան, շափյուղա ու հասպիս, արծաթ ու ոսկի, սուտակ, ակաթ, մեղեսիկ, ոսկեքար, բյուրեղ, եղնգաքար. ոսկով ես լցրել քո գանձարաններն ու շտեմարանները։ Սկսած այն օրից, երբ ստեղծվեցիր ու պատրաստվեցիր,
14հովանավոր քերովբեի հետ էիր. քեզ Աստծու սուրբ լեռան վրա դրեցի, և հրեղեն քարերի մեջ էիր։
15Անարատ եղար քո օրերում՝ ստեղծվելուցդ ի վեր, մինչև որ քո մեջ անիրավություններ գտնվեցին։
16Քո առևտրի առատության հետևանքով անիրավություններով լցրիր շտեմարաններդ, մեղանչեցիր և անարգվելով արտաքսվեցիր Աստծու լեռից. հովանավոր քերովբեն քեզ հրեղեն քարերի միջից իջեցրեց։
17Քո գեղեցկության պատճառով սիրտդ հպարտացավ, և իմաստությունդ ապականվեց՝ քո գեղեցկությամբ հանդերձ։ Քո մեղքերի առատության պատճառով քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզ խայտառակության մատնեցի։
18Քո մեղքերի առատությամբ և առևտրիդ խարդախությամբ պղծել ես սրբություններդ։ Կրակ եմ հանելու քո միջից, նա էլ այրելու է քեզ. քո երկրում՝ բոլոր ականատեսների առաջ, քեզ մոխրի եմ վերածելու։
19Եվ ազգերի միջից բոլոր նրանք, ովքեր քեզ ճանաչեն, տրտմելու են քեզ համար, որովհետև կորստյան ես մատնվել ու այլևս հավիտյան գոյություն չես ունենալու”»։
20Սիդովնի դեմ։ Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
21«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Սիդովնի կողմը և մարգարեացի՛ր նրա վերաբերյալ։
22Կասես. “Ամենակալ Տերն այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, Սիդո՛ն։ Փառավորվելու եմ քո մեջ։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը, երբ քո դատաստանն անեմ։ Եվ ես սրբաբանվելու եմ քո մեջ։
23Ժանտախտ եմ ուղարկելու քեզ վրա և արյուն՝ քո հրապարակներին։ Քո մեջ ընկնելու են խոցվածները սրերից, որ քեզ վրա են թափվելու տարբեր կողմերից։ Ու կիմանան, որ ես եմ Տերը։
24Իսրայելի տան համար այլևս խայթող տատասկներ չեն լինելու, ոչ էլ ցավ պատճառող փշեր այն բոլոր մարդկանց կողմից, որոնք չորս կողմից անարգեցին նրանց։ Ու կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը”»։
25Ամենակալ Տերն այսպես է ասում. «Հավաքելու եմ Իսրայելի տունն այն ազգերից, որոնց մեջ նրանք ցրիվ են եկել, և սրբաբանվելու եմ նրանց մեջ՝ ազգերի ու ժողովուրդների առաջ։ Նրանք բնակվելու են իրենց երկրում, որ տվել եմ իմ ծառա Հակոբին։
26Այնտեղ ապրելու են ապահով. տներ են շինելու և այգիներ տնկելու, ապրելու են ապահով, երբ դատաստան տեսնեմ բոլոր նրանց հետ, ովքեր ամեն կողմից նրանց անարգեցին։ Ու կիմանան, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված՝ նրանց հայրերի Աստվածը»։