1Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.
2«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Տյուրոսի վրա։
3Տյուրոսին կասես. “Դու, որ բնակվում ես այդ ծովի մուտքին, առևտրի կենտրոն՝ բազմաթիվ կղզիաբնակ ժողովուրդների համար”, Տերը՝ Աստված, Տյուրոսին այսպես է ասում. “Դու ասում էիր՝ Ես եմ ինձ զարդարել իմ գեղեցկությամբ։
4Մինչդեռ ծովի սրտում են քո սահմանները. քո շինարարներն են քո գեղեցկությունը կատարյալ դարձրել։
5Սանիր լեռան մայրիները քեզ որմնակապ են դարձել, նոճու տախտակները Լիբանանից են առնվել՝ քեզ համար եղևնափայտե կայմեր սարքելու,
6Բասանի փայտից նավերիդ թիերն են պատրաստվել, փղոսկրից քո մեհյաններն են շինվել, քետիմացիների կղզիների շինանյութերից՝ անտառներով շրջապատված ապարանքներդ,
7Եգիպտոսի գույնզգույն թելերով բեհեզը քեզ համար որպես անկողնու ծածկոց է գործվել՝ շուրջդ փառք հյուսելու, իսկ ելիմացիների կղզիների ծիրանի ու կապուտակ հանդերձանքն էլ քեզ համար պաճուճանքի զարդ է եղել։
8Քո իշխանները Սիդովնի բնակիչներն են եղել, նավավարները՝ արադացիները։ Իմաստունները, Տյուրո՛ս, որ ապրում էին քո մեջ, քեզ համար նրանք են նավապետներ եղել,
9Բիբլոսի ծերերն ու նրա իմաստունները, որ ապրում էին քո մեջ, նրանք են քեզ զորացրել քո խորհուրդների մեջ։ Ծովի բոլոր նավերն ու դրանց նավավարներն են քեզ առաջնորդել մինչև ծայրագույն արևմուտք։
10Լիդացիներն ու լիբիացիներն են եղել քո զորքն ու թիկունքը՝ պատերազմող ընտիր մարդիկ, որոնք իրենց վահաններն ու սաղավարտները քեզ մոտ են կախել, նրանք են փառավորել քեզ։
11Արադացիների որդիներն են իրենց զորքերով պարիսպներդ օղակի մեջ առել, աշտարակներդ պաշտպանել, իրենց կապարճները պարիսպներիդ վրա շուրջանակի կախ տվել։ Հենց նրանք են կատարյալ դարձրել գեղեցկությունդ։
12Կարկեդոնացիներն են քեզ հետ առևտուր արել քո մեծաքանակ հարստության համար. արծաթն ու ոսկին, պղինձն ու երկաթը, անագն ու կապարը նրանք են քո շուկաները մատակարարել։
13Հույներն ու նրանց շուրջը գտնվող ժողովուրդներն են քեզ հետ ստրուկների առևտրով զբաղվել, պղնձե անոթներ են քո շուկաները մատակարարել։
14Թորգոմա տնից են քո շուկաները լցրել ձիերով, հեծյալներով ու ջորիներով։
15Ռոդոսցիներն են քեզ հետ առևտուր արել. կղզիներից փղոսկրյա ժանիքներով աշխուժացրել են քո առևտուրը, դու էլ եկող-գնացող մարդկանց վճարել ես։
16Արամայեցիները քեզ հետ առևտուր են արել քո ապրանքների բազմազանության համար՝ փոխանակելով կարկեհան, ասեղնագործ կարմիր կերպաս, բեհեզ, ապարանջան, հակինթ։
17Հուդան ու Իսրայելի որդիներն են քեզ հետ առևտուր արել. ցորենով ու խնկով, դարչինով ու ընտիր-ընտիր մեղրով, յուղով ու խեժով են լցրել քո խառնիխուռն առևտուրը։
18Դամասկոսն է քեզ հետ առևտուր արել բազմազան ապրանքներով քո մեծաքանակ հարստության համար, Քելբոնից՝ գինին, Միլիտեից՝ բուրդը։
19Դանը և Հավանը Մեոզենից են գինի մատակարարել քեզ՝ քո շուկաներին, Ասեղից են մատակարարել կռածո երկաթ, պատրաստի անիվներ՝ քո շուկաներին։
20Դեդանացիները քո այն վաճառականներն են, որ ընտիր կառքեր են մատակարարել քեզ՝ ջորիներով հանդերձ։
21Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները (նրանք էլ վաճառականներ են քո ձեռքի տակ) ուղտեր, խոյեր ու գառներ են վաճառել քո մեջ։
22Սաբան ու Ռեգման (նրանք էլ քո վաճառականներն են) անուշահոտ յուղեր, թանկարժեք քարեր ու ոսկի են մատակարարել քո շուկաներին։
23Խառանը, Քանանն ու Դադանը (նրանք էլ քո վաճառականներն են), Սաբան, Ասուրն ու Քալմանը՝ քո վաճառականները,
24Մաքլիմի ու Գալիմի վրայով քեզ ապրանքներ են մատակարարել՝ կարմիր ու կապուտակ պարեգոտ, երփներանգ նարոտներ, պարաններով կապված ընտիր գանձեր։
25Նոճուց պատրաստված նավերով, որոնցով իրականացվում էր քո առևտուրը (քո մեծաքանակ առևտրի ու խառնիխուռն ապրանքների առատության պատճառով), լցվեցիր, սաստիկ ծանրացար։
26Քո նավավարները քեզ ծովի խորքը, առատ ջրերի մեջ են վարել. հարավային հողմն է քեզ խորտակել ծովի խորքում։
27Բայց քո հարստությունն էլ, քո եկամուտն էլ, քո խառնիխուռն ապրանքներից ստացածն էլ, քո նավավարներն ու նավապետներն էլ, քո խորհրդականներն էլ, քո խառնիխուռն ապրանքներն էլ, քո միջի բոլոր պատերազմող մարդիկ էլ, քո միջի ողջ ժողովուրդն էլ քո կործանման օրն ընկնելու են ծովի խորքը։
28Աղաղակիդ ձայնից քո նավավարները խիստ սարսափելու են
29և իջնելու են իրենց նավերից։ Քո բոլոր նավավարներն ու առաջապահ նավորդները ծովափին են կանգնելու
30և բարձրաձայն սգալու են քեզ վրա և փոխելով իրենց ձայները՝ դառնապես ողբալու են, հող են ածելու իրենց գլխին ու մոխիրների մեջ են թավալվելու,
31ածիլելու, ճաղատացնելու են գլուխները, քուրձեր են հագնելու և դառնացած սրտով լաց են լինելու քեզ վրա։
32Նրանց որդիները քեզ վրա դառնորեն կոծելու են, ողբ են ասելու ու ողբ են երգելու՝ ասելով. “Ո՞վ եղավ Տյուրոսի պես, որ լռեց, հանգիստ առավ ծովի մեջ։
33Քեզ համար ինչքա՜ն եկամուտ գտար այդ ծովից, քո հարստությամբ ազգերին լիացրիր, քո խառնիխուռն ապրանքներով երկրի բոլոր թագավորներին հարստացրիր։
34Իսկ հիմա ջախջախվեցիր այդ ծովում, ջրերի խորքերն ընկան քո շուկաներն ու քո միջի ժողովուրդը, քո բոլոր նավավարները։
35Տխրեցին քեզ համար կղզիների բոլոր բնակիչները, և նրանց թագավորները խիստ սարսափեցին, երեսներն արցունքով ողողեցին։
36Ժողովուրդների վաճառականները զարմանքի ու ափսոսանքի ձայն արձակեցին քեզ համար։ Կորստյան մատնվեցիր ու այլևս գոյություն չես ունենալու հավիտյան”»,- ասում է Տերը՝ Աստված։